ՀԹԳՄ

 

 

Հայկական թատերական ընկերությունը (ՀԹԸ) ստեղծագործական հասարակական կամավոր կազմակերպություն է, միավորում է ՀՀ թատերարվեստի գործիչներին: Հիմնադրվել է 1940-ին, Երևանում, ԽՍՀՄ ժող. արտիստ Գուրգեն Ջանիբեկյանի նախաձեռնությամբ, ով եղել է առաջին նախագահը միչև 1949թ.:
ՀԹԸ, Համառուսաստանյան թատերական ընկերությունից հետո, եկրորդն էր Խորհրդային միությունում: Հիմնական նպատակը եղել է օգնել թատրոնին, նպաստել թատերարվեստի զարգացմանը: Ժամանակին ունեցել է տարբեր բաժիններ, որոնցից գլխավորը եղել է հրատարակչական բաժինը: Տպագրել է մենագրություններ, ալբոմ-ժողովածուներ, հուշագրություններ և այլն` հարստացնելով թատերական գրականությունը: 1953-ից մինչև 2005թ. տպագրվել է 967 համար «Թատերական Երևան» հանդեսը հարուստ լրատվությամբ. հանրապետության և մայրաքաղաքի թատրոնների գործունեությունը լուսաբանող հոդվածներ, բեմարվեստի գործիչներին նվիրված հոբելյանական և ստեղծագործական գործունեության մասին բազմաթիվ նյութեր:
1967-ին ՀԹԸ ստուդիա-թատրոնի հիման վրա ստեղծվել է Երևանի դրամատիկական թատրոնը` նախագահ Հրաչյա Ղափլանյանի (1965-1988) նախաձեռնությամբ (այսօր ԵԴԹ կրում է հիմնադրի անունը): ՀԹԸ վարչության նախագահներ են եղել Տ. Շամիրխանյանը (1949-1952), Վ. Վարդանյանը (1952-1959, 1959-1965), Վ. Վաղարշյանը (1955-1959), Խ. Աբրահամյանը (1988-1995), Ե. Ղազանչյանը (1995-2007):
Բարձրագույն մարմինը համագումարն է: 1987թ. ՀԹԸ վերանվանվեց Հայաստանի թատերական գործիչների միություն (ՀԹԳՄ):
2007-ից միության նախագահն է Հակոբ Ղազանչյանը: Նրա նախաձեռնությամբ հիմնովին վերանորոգվել է ՀԹԳՄ վարչության շենքը: 
Հ. Ղազանչյանի կողմից հիմնադրվել են Երևանի Շեքսպիրյան և «Արմմոնո» միջազազգային թատերական ամենամյա փառատոները:
2006թ.-ից Երևանում անցկացվում է Երիտասարդ ռեժիսորների հանրապետական փառատոնը: Այն հիմնադրվել է ՀԹԳՄ կողմից, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի նախաձեռնությամբ: Փառատոնի գլխավոր նպատակն է ներկայացնել երիտասարդ ռեժիսորների նոր բեմադրությունները` բացահայտելով նոր անուններ (փառատոնին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան ռեժիսորներ):
Հ. Ղազանչյանի նախաձեռնությամբ անցկացվում են նաև մարզային փառատոներ:
Տարվա գլխավոր թատերական իրադարձություններից է ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունն, որն ավանդաբար անցկացվում է մարտի 27-ին`Թատրոնի միջազգային օրը: Այդ օրը ի մի է բերվում նախորդ տարվա կատարված աշխատանքները: 
«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1996թ.-ին: Սկզբում ունենալով միայն մեկ անվանակարգ`«Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար», արդեն 1999թ.-ից տարեցտարի ավելացրել է անվանակարգերի թիվը: