Այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությունը նվիրվում է հռչակավոր դերասան Վահրամ Փափազյանի ծննդյան 125-ամյակին

Այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությունը նվիրվում է  հռչակավոր դերասան Վահրամ Փափազյանի ծննդյան 125-ամյակին

 

 

 

«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունն այս տարի եւս կանցկացվի մարտի 27-ին` Թատրոնի միջազգային օրը, Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Մասնակցության հայտերը թատրոններից եւ թատերախմբերից կընդունվեն մինչեւ մարտի 1-ը: Այս տարի մրցանակաբաշխությունը կնվիրվի հռչակավոր դերասան Վահրամ Փափազյանի ծննդյան 125-ամյակին: 

«Արտավազդ» ամենամյա մրցանակները շնորհվում են մրցանակաբաշխության նախորդ տարվա մարտի 1-ից մինչեւ մրցանակաբաշխության տարվա մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում` առավել աչքի ընկած թատերական աշխատանքներին: «Արտավազդ» մրցանակ կտրվի հետեւյալ անվանակարգերում` թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար, լավագույն կին եւ տղամարդ դերակատար, երկրորդ պլանի լավագույն կին եւ տղամարդ դերակատար, լավագույն ռեժիսուրա, լավագույն սցենոգրաֆիա, երաժշտական լավագույն ձեւավորման հեղինակ, լավագույն պիես, լավագույն երիտասարդ դերասան-դերասանուհի, լավագույն երիտասարդ բեմադրիչ, լավագույն երիտասարդական ներկայացում եւ լավագույն ներկայացում:

Ժյուրիի կազմում են թատերական ոլորտի գործիչներ Դավիթ Մուրադյանը, Սուրեն Հասմիկյանը, Հրաչյա Գասպարյանը, Լևոն Մութաֆյանը, Ռուզաննա Առաքելյանը, Նվարդ Ասատրյանը, Նարինե Գրիգորյանը: Բոլոր անվանակարգերում ժյուրիի անդամներից յուրաքանչյուրը կարող է քվեարկել մինչեւ երկու մասնակցի կամ աշխատանքի օգտին. կհաղթի 5 կամ ավելի ձայներ հավաքողը: Մրցանակակիրներն «Արտավազդ» մրցանակաբաշխությունը խորհրդանշող դիմակներով զարդարված թագից բացի կստանան նաեւ դրամական պարգեւներ:

Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է Հայաստանի թատերական գործիչների միության կողմից: «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1996 թ-ին` սկզբում ունենալով միայն մեկ անվանակարգ` «Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար»: 1999 թ-ից տարեցտարի ավելացրել է անվանակարգերի թիվը: Մրցանակաբաշխությունը սկզբում անցկացվել է թատերական գործիչների նեղ շրջանակում եւ միայն անցյալ տարվանից է սկսել նշվել մեծ շուքով: