Կայացավ «Արտավազդ-2016» մրցանակաբաշխությունը

Կայացավ «Արտավազդ-2016» մրցանակաբաշխությունը

 

 
Թատրոնի միջազգային օրվան` մարտի 27-ին ընդառաջ անցկացվեց «Արտավազդ» մրցանակաբաշխությունը: Ամենամյա թատերական տոնը այս տարի նվիրվեց Հայաստանի թատերական գործիչների միության 75-ամյակին:
Արարողության մեկնարկին ներկաները ծափերով հարգանքի տուրք մատուցեցին երջանկահիշատակ դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանին և երգիչ Գեղամ Գրիգորյանի հիշատակին:
«Արտավազդ» մրցանակն այս տարի տրվեց 13 անվանակարգերում: «Լավագույն ներկայացում» ճանաչվեց Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի «Մեկ ժամ հիշողություն»-ը, որը բեմադրել է Վահե Շահվերդյանը: «Լավագույն կին դերակատար»-ը «Շատերից մեկը» ներկայացման դերասանուհի Ագնեսա Շահնազարյանն է (ՀԹԳՄ), իսկ «Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում հաղթող ճանաչվեց երկու արտիստ: Լավագույնը դարձան Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնից Արամ Կարախանյանը («Я здес’Ь» ներկայացում) և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից Լիպարիտ Ավետիսյանը («Կարմեն»): «Լավագույն ռեժիսուրա»-ի համար մրցանակ հանձնվեց Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնից Սամսոն Մովսեսյանին` «Վհուկը» ներկայացման համար: «Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար» անվանակարգում մրցանակ չշնորհվեց: «Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար» ճանաչվեց Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Էրվին Ամիրյանը («Խնջույք ամառանոցում»): Լավագույն երաժշտական ձևավորման հաՍ ար մրցանակ ստացավ Վահան Արծրունին («Մերսեդես», Պատանի հանդիսատեսի թատրոն): «Լավագույն սցենոգրաֆիա»-ի համար մրցանակ հանձնվեց Շամիր Շախիրյանին` «N707» ներկայացման համար (Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն): «Լավագույն մանկական ներկայացում» ճանաչվեց Նորա Գրիգորյանի «Մոխրոտը» (Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն): «Լավագույն պիես»-ի համար մրցանակ շնորհվեց Սամվել Կոսյանի «Դեռ վերջը չէ» գործին: «Լավագույն երիտասարդ դերասանուհին» Պատանի հանդիսատեսի թատրոնից Նառա ՍարգսյանՍ է («Մերսեդես» ներկայացում): «Լավագույն երիտասարդ դերասանը» Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնից Սամվել Թադևոսյանն է («Էգոիստ» ներկայացում): «Լավագույն երիտասարդ բեմադրիչը» Կարապետ Բալյանն է («Չմարդիկ» ներկայացում, Թատրոն 8): «Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգը երկու հաղթող ունեցավ: Լավագույնը ճանաչվեցին Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի «Մեդեա»-ն, որը բեմադրել է Գրիգոր Խաչատրյանը, և Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի «Սովորա կան պատմություն»-ը (բեմադրությունը` Արմեն Բայանդուրյանի):
«Արժանապատիվ ծառայության համար» հատուկ մրցանակներ շնորհվեցին ՀՀ ժողովրդական արտիստներ Վահե Շահվերդյանին, Հրաչյա Գասպարյանին, Արմեն Խանդիկյանին: Հանձնվեցին նաև այլ հատուկ, խրախուսական մրցանակներ` երիտասարդներին: Արարողության ընթացքում Վարդուհի Վարդերեսյանի անվան հատուկ մրցանակի արժանացավ Ալլա Վարդանյանը (Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն):