ՏԱՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ /2017/

 

ՏԱՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ /2017/

 

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն, ամփոփելով 2017 թվականն ասաց, որ տարին լի է եղել նշանակալի թատերական իրադարձություններով. փառատոներ, հյուրախաղեր և այցելություններ մարզային թատրոններ:
«Տարվա գլխավոր թատերական իրադարձությունը ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունն էր, որն ավանդաբար անց է կացվում մարտի 27-ին` Թատրոնի միջազգային օրը: Այդ օրը մենք իմի ենք բերում նախորդ տարվա կատարված աշխատանքները»,- նշեցՀ. Ղազանչյանը՝ հավելելով, որ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի նվիրված էր հայ անվանի դերասան Էդգար Էլբակյանի 90-ամյակին:
Հայաստանի թատերական գործիչների միությունը շարունակում է ուշադրությունը պահել մարզային թատրոնների խնդիրների վրա: «Ուրախալի է, որ Գավառի նախկին մարզպետ, ներկայումս ՀՀ ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի սկզբունքային հետևողականության շնորհիվ, ավարտին է հասցվում Գավառի թատրոնի նոր շենքը»,- ասաց Հ. Ղազանչյանը:
ՀԹԳՄ նախագահն առանձնացրեց ՀՀ մշակույթի նախարարության և «Հրայր և Աննա Հովնանյան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ, ՀՀ Սյունիքի մարզպետարանի աջակցությամբ ս.թ. մայիսի 19-27-ը կայացած «Թատերական Սյունիք» փառատոնը: «Փառատոնի գլխավոր նպատակն էր հանրապետության լավագույն թատրոնների ներկայացումների կազմակերպումը ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Կապան, Քաջարան, Ագարակ և Մեղրի քաղաքներում: Նշված տարածաշրջանում միաժամանակ 10-ը թատերախմբերի ելույթները միջոցառումը վերածեցին իսկական թատերական տոնի ոչ միայն այն պատճառով, որ հեռավոր քաղաքների բնակչությունը չունի հնարավորություն առնչվելու մայրաքաղաքային թատերական կյանքին և մոտիկից ծանոթանալու անվանի թատերական գործիչներին, այլև տեղում վեր հանելով տարածաշրջանում գործող երկու` Գորիսի Վ. Վաղարշյանի անվան և Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնների առկա խնդիրները՝ ավելի արդյունավետ դարձրին այդ թատրոնների աշխատանքը»:
Խոսելով փառատոների մասին՝ Հ. Ղազանչյանը ներկայացրեց նաև Հայաստանի թատերական գործիչների միության և Աբովյանի համայնքապետարանի ս.թ. հոկտեմբերի 6-12-ը Աբովյանում կայացած Աբովյանի ամենամյա փառատոնը, որի շրջանակում ցուցադրվեց շուրջ 10 ներկայացում` Երևանի, Աբովյանի և Վանաձորի թատրոնների մասնակցությամբ: Ի լրումն Աբովյան քաղաքի թատրոնի գործունեության, կարևոր հանգամանք է Աբովյանի թատրոնի նոր ղեկավարի նշանակումը: Միության երաշխավորությամբ քաղաքի թատրոնի ղեկավարությունը քաղաքապետ Վահագն Գևորգյանը վստահեց «Էպսիդոն» թատերախմբի ղեկավար Արմեն Սարգսյանին, որը կարճ ժամանակահատվածում հսկայական աշխատանք տարավ հանդիսատեսին ներգրավելու գործում:
ՀԹԳՄ նախագահը նշեց նաև, որ միության նախաձեռնությամբ, այս տարի «ԿԱՌԼԼԵՎՈՆԻ» պատկերասրահում կայացել է մեր հայրենակից, ռոստովաբնակ քանդակագործ և նկարիչ Ներսես Կիրակոսյանի ցուցահանդեսի բացումը: Ներկայացված էին հայ թատրոնի երախտավորների շուրջ 30 գրաֆիկական աշխատանքներ, որոնք նկարիչը անհատույց նվիրեց Հայաստանի թատերական գործիչների միությանը:
Ամփոփելով զրույցը՝ Հ. Ղազանչյանն ասաց, որ միությունը 2017թ. լուրջ նախապատրաստական աշխատանքներ տարավ ԱՊՀ-ի, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական հերթական ֆորումը 2018թ. մայիսին Հայաստանում անցկացնելու ուղղությամբ: Միության նախաձեռնությամբ, նշված պայմանավորվածությունը ձեռք բերվեց Երևանում՝ Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի և Թատերական միությունների միջազգային համադաշնության նախագահ, Չեխովի անվան թատերական միջազգային փառատոնի գլխավոր պրոդյուսեր Վալերի Շադրինի հանդիպման ժամանակ։ Սա աննախադեպ թատերական տոնախմբություն է լինելու, որին նշված երկրներից մասնակցելու են մոտ 300 մարդ՝ երիտասարդ բեմադրիչներ, դերասաններ, թատերագետներ, դրամատուրգներ, սցենոգրաֆներ: Կցուցադրվեն ներկայացումներ, կկազմակերպվեն ցուցահանդեսներ, սեմինարներ, քննարկումներ, վարպետության դասեր և այլն:
Նման առաջին ֆորումը 2012թ. տեղի ունեցավ Քիշնևում, երկրորդը՝ 2015թ., Մինսկում։