ՏԱՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ /2021/

ՏԱՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ /2021/

 

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն, ամփոփելով 2021 թվականն ասաց, որ տարին լի է եղել նշանակալի թատերական իրադարձություններով՝ փառատոներ, հյուրախաղեր, այցելություններ մարզային թատրոններ:
 

«Տարվա գլխավոր թատերական իրադարձությունը ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունն էր, որն այս տարի առանձնակի շուքով անցակացվեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Հոբելյանական 20-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ, մրցանակաբաշխության հիմնադիր Երվանդ Ղազանչյանի հիշատակին»,- նշեց Հ. Ղազանչյանը։

Տարվա թատերական նախագծերից ՀԹԳՄ նախագահն առանձնացրեց Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի՝ Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպի հիման վրա ստեղծված համանուն ներկայացման (բեմականացումը և բեմադրությունը՝ Կարինե Քոչարյանի, նկարչական ձևավորումը՝ Զորիկ Գալստյանի) հյուրախաղերի կազմակերպումը Երևանում, ինչպես նաև Արարատի, Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերում:

Խոսելով փառատոների մասին՝ Հ. Ղազանչյանը նշեց Աբովյանի համայնքապետարանի և Հայաստանի Թատերական գործիչների միության համագործակցմամբ ս/թ հոկտեմբերի 7-11-ը անցկացված Աբովյանի ամենամյա թատերական փառատոնը:

«Այն թվով հինգերորդն էր: Փառատոնը նպատակ ունի աշխուժացնել թատերական կյանքը Կոտայքի մարզում, թատերասեր հանրությանը հաղորդակից դարձնել թատերարվեստի զարգացումներին, սևեռել ուշադրությունը դեպի թատրոն: Փառատոնի շրջանակներում Երևանի և Աբովյան քաղաքի թատրոնների մասնակցությամբ խաղացվեց վեց ներկայացում»:

Հ․ Ղազանչյանը կարևորեց սեպտեմբերի 25-ից հոտկեմբերի 5-ը Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր, Տաշիր, Ստեփանավան և Սպիտակ քաղաքներում անցկացված «Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնը, որն այս տարի նվիրված էր Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հիմնադրման 90-ամյակին։ «Փառատոնին մասնակցել են Ռուսաստանից, Վրաստանից, Երևանից, Հայաստանի այլ քաղաքներից ժամանած 14 թատրոններ։ Փառատոնային 11 օրերի ընթացքում ընդհանուր խաղացվել է 15 բեմադրություն և 28 ներկայացում»։

Խոսելով թատերական ձեռքբերումների մասին՝ Հ․ Ղազանչյանն ընդգծեց․
«Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը հունիսի 26-27-ը մասնակցել է Չեխովի անվան թատերական միջազգային 15-րդ հեղինակավոր փառատոնին «Փափլիկը» ներկայացմամբ (բեմադությունը՝ Նարինե Գրիգորյանի): ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությանը «Լավագույն ներկայացում» և մի քանի այլ անվանակարգում հաղթած «Փափլիկը» բեմադրությունը միության կողմից առաջարկվել էր Մոսկվայի Ա. Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնին և անմիջապես ընդգրկվել էր ծրագրում։ Աննախադեպ հաջողությամբ երկօրյա ցուցադրություններից հետո փառատոնի տնօրեն Վալերի Շադրինը ներկայացումն ընդգրկեց նաև այս տարվա սեպտեմբերին Վլադիվոստոկում անցկացվող փառատոնի խաղաղօվկիանոսյան ծրագիր»։

ՀԹԳՄ նախագահն առանձնացրեց նաև ս/թ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 7 ը Տաշքենդում (Ուզբեկստան) անցկացված ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական 4-րդ ֆորումը, որի կազմակերպիչն էր Թատերական միությունների միջազգային համադաշնությունը` ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ։

«Հայաստանի թատերական գործիչների միության միջնորդությամբ Հայաստանը ֆորումում ներկայացրել են Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը՝ «Գարդենիա» ներկայացմամբ (բեմադրիչ՝ Գոռ Մարգարյան), թատերագետ Տիգրան Մարտիրոսյանն ու բեմանկարիչ Նելլի Բարսեղյանը: Պատվիրակության կազմում եղել է ՀԹԳՄ քարտուղար Սոնա Մելոյանը։

Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի «Գարդենիա» ներկայացումը ժյուրիի անդամների որոշմամբ արժանացել է 3-րդ մրցանակի»։

Ամփոփելով զրույցը՝ ՀԹԳՄ նախագահն ափսոսանքով ասաց, որ այս տարի կյանքից հեռացան մի շարք անվանի թատերական գործիչներ, որոնք անմնացորդ նվիրված էին թատրոնին և իրենց գործին։
2021թ․ վախճանվեցին ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ժակ Ենգիբարյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Դերենիկ Մարտիրոսյանը, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Շահեն Հարությունյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ Մայիս Ռաֆայելյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Թոփչյանը, դերասանուհի, մանկավարժ Ջեմմա Մարտիրոսյանը, դերասանուհի Տանյա Շահինյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանը:

Հ․Գ․ Նշենք, որ Հայաստանի թատերական գործիչների միության բեմը 2021թ․-ի ընթացքում եղել է գերհագեցած. փորձեր, նոր ներկայացումներ (այդ թվում ՝ նաև ուսանողական), ինչպես նաև թատերական սպասված իրադարձություններով։

7 ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՝ «Շեքսպիրյան մոզաիկա» /կուրս․ ղեկ․՝ Հրաչյա Ղազարյան/, «Ուրիշ մեկը» /բեմ․՝ Ելենա Կասիմյան/, «Քաղաքը աղմկում է» /բեմ․՝ Գալուստ Ներսիսյան/, «Համլետ» /կուրս․ ղեկ․՝ Վահե Շահվերդյան/, «Շեքսպիրյան տրիլոգիա» / կուրս․ ղեկ․՝ Նարինե Մալյան/, «Կյանքի երեք տարբերակ» / կուրս․ ղեկ․՝ Նարինե Մալյան/, «Երեք քույր» /կուրս․ ղեկ․՝ Սուրեն Շահվերդյան/։

15 ներկայացում «ԱՐՄՄՈՆՈ» միջազգային թատերական փառատոնի շրջանակում՝ «Կարմիր Ծաղիկ» /բեմ․՝ Արմեն Սաֆրյան/, «Էլ» /բեմ․՝ Ռիմա Պիպոյան/, «Տունը» /բեմ․ ՝ Թինա Հայրապետյան/, Արմմոնո-թատերականացված ընթերցումներ՝ «Պատմություններ պատերազմի մասին» և «Պատմություններ սիրո մասին», «9 կյանք» /բեմ․՝ Գոհար Փոքրիկյան/, «Դեպի ներս» /բեմ․՝ Նաիրա Եդիգարյան/, «Վերջ վերջապես» /բեմ․՝ Անահիտ Եղիազարյան/, «Ծիածաղելի մարդու երազը» /բեմ․՝ Գառնիկ Նիկոլյան/, «Պոետի խոստովանությունը» /բեմ․՝ Սարգիս Շողունց/, «Տատիկիս սիրված խնձորները» /թատերական ընթերցման հեղինակ և դերակատար՝ Հարություն Գալֆայան/, «Մոնոֆոբիա» /բեմ․՝ Աննա Կարապետյան/, «Կարևորը, որ արևը շողա» /բեմ․՝ Թագուհի Ասախալյան/, «Կամքը չհարցնելով» /բեմ․՝ Աղասի Ղորխմանյան/, «Ագռավն ասաց» /բեմ․՝ Տաթևիկ Մելքոնյան/։

2 ներկայացում ԵՐԵՎԱՆԻ ՇԵՔՍՊԻՐՅԱՆ փառատոնի շրջանակում՝ «Յագո, Էմիալիա» /բեմ․՝ Գայանե Անդրեասյան/, «Շեքսպիրյան տրիլոգիա» /բեմ․՝ Մարիամ Հարությունյան/։

2 ԱՆԿԱԽ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ - «Ժենգյալով հաց» /բեմ․՝ Սրբուհի Բալայան/, «Սկսեսուրը» /Սպտակի մշակութային պալատի «Հեքիաթի աշխարհ» թատերական խմբի ղեկ․՝ Արմինե Մելքոնյան/։

1 ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍ - հանդիպում դրամատուրգ Քզավիե Դյուրանժեի հետ /Ֆրանսիա/։