Տեղի է ունեցել ՀԹԳՄ վարչության նիստը

Տեղի է ունեցել ՀԹԳՄ վարչության նիստը

  

 
Ս/թ հունվարի 15-ին տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նիստը, որի օրակարգում ներառված էին երկու հարց՝ թատերական գործիչների միության հերթական համագումարի անցկացման օրը և պատվիրակների ընտրության կարգը, լրացումներ ու փոփոխություններ ՀԹԳՄ «Արտավազդ»ամենամյա մրցանակաբաշխության կանոնակարգում:
Առաջին հարցի կապակցությամբ որոշվեց թատերական գործիչների միության 16-րդ համագումարն անցկացնել ս/թ ապրիլի 29-ին, ժ. 11:00-ին՝ Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում:
Հաստատվեց պատվիրակների ընտրության կարգը. միության 7 անդամներից՝ մեկ պատվիրակ: Վարչության որոշմամբ թատրոնների տնօրեններն ու գեղարվեստական ղեկավարները համարվում են համագումարի պատվիրակ: 
Երկրորդ հարցի կապակցությամբ որոշվեց «Արտավազդ» մրցանակաբաշխությունն անցկացնել ս/թ մարտի 26-ին, ժ. 19:00-ին` Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, նկատի ունենալով այն հանգամանքը, որ մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Հարության տոնը (Զատիկը):
Վարչությունը հաստատեց նաև «Արտավազդ» մրցանակաբաշխության փորձագետների 7 հոգուց բաղկացած հետևյալ կազմը.
ՀՀ ժող. արտիստ, պրոֆեսոր, բեմադրիչ Հրաչյա Գասպարյան, ՀՀ վաստակավոր արտիստ Մուրադ Ջանիբեկյան, ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյան, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարության, բեմանկարիչ Մերի Սարգսյան, գրականագետ, թարգմանիչ Մարինա Մարինոսյան, թատերագետ Ռուզաննա Առաքելյան:
Լրացումներ և փոփոխություններ կատարվեցին «Արտավազդ»մրցանակաբաշխության կանոնակարգում, մասնավորապես, ավելացավ նոր՝ «Լավագույն մանկական ներկայացում» անվանակարգ: Փոփոխություն արվեց նաև «Լավագույն պիես» անվանակարգի որոշման կապակցությամբ: «Լավագույն պիես» անվանակարգում վճռորոշ կլինի Կարինե Խոդիկյանի՝ «Դրամատուրգիա» գրական հանդեսիկողմից կազմված խմբագրակազմի եզրակացությունը, ինչը հնարավորություն կտա էլ ավելի մանրակրկիտ ուսումնասիրել նոր պիեսները:
Այս տարի որոշվեց «Արտավազդ» մրցանակաբաշխությունը նվիրել Հայաստանի թատերական գործիչների միության 75-ամյակին, ինչի կապակցությամբ շուտով հրատարակության կհանձնվի՝ միության պատմությանը նվիրված գիրք, որի շնորհանդեսը կկայանա ս/թ մարտի 26-ին, ժ. 17:00-ին` Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի ճեմասրահում (մրցանակաբաշխությունից առաջ):
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ ամեն տարի շնորհվում է հատուկ մրցանակ՝ նվիրված հայ թատրոնի երախտավորներից մեկին, այս տարի կհանձնվի Վարդուհի Վարդերեսյանի անվան հատուկ «Արտավազդ» մրցանակ: