ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ

Հայաստանի թատերական գործիչների միության հիսուն տարուց ավելի անդամակցած 58 գործիչներ ապրիլի 3-ին պարգեւատրվեցին միության ոսկե մեդալով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում միության նախագահ Հակոբ Ղազանչյանը նշեց, որ այս նախաձեռնության նպատակն է շնորհավորել ու գնահատել այն անդամներին, ովքեր անդամակցում են միությանն ավելի քան 50 տարի:

Թատերական գորիչների միություն ստեղծվել է 1940-ականներին եւ նպատակ ունի միավորել թատերական դաշտը: Հիսուն տարին բոլորած անդամներից շատերը հեռացել են կյանքից: 

«Նման նախաձեռնություն առաջին անգամ է իրականացվում: Նախկինում միության ոսկե մեդալը տրվում էր հիսուն կամ վաթսուն տարին միությանը անդամակցած հատուկենտ թատերական գործիչներին»,- տեղեկացրեց միության նախագահը` ավելացնելով, որ առաջիկայում ոսկե մեդալ անհատապես կտրվի ամենայն հավանականությամբ  «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության ընթացքում:

«Թատրոնից հեռու կանգնելը հային հարիր չէ, բոլոր դեպքերում հայ մարդու բարեկամությունը թատրոնի հետ շատ հնուց է գալիս»,- ավելացրեց Մանարյանը:  «Սա անգամ հուզիչ է. հիսուն տարին մի ամբողջ կյանք է, զորություն Աստծո, որ հասել ենք այս ամենին` միշտ հավատարիմ մնալով մեր նախասիրություններին: Եթե թատրոնի մարդ  ես, ուրեմն թատրոնի մարդ ես եւ այլ բան հնարավոր չի անել: Քաղցր եւ լավ ճակատագիր է քո ժողովրդի կողմից սիրված լինելը, ինչպես նաեւ շատ էլ պարտավորեցնող է»,- ասաց ոսկե մեդալի արժանացած ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանը` շնորհակալություն հայտնելով ոսկե մեդալի եւ թատրոնի հանդեպ ունեցած վերաբերմունքի համար:

ՀՀ ժողովրդական արտիստուհի Մարգո Մուրադյանը նշեց, որ փոքր հասակից էր որոշել  դերասանուհի դառնալ, եւ իր երազանքը իրականություն է դարձել:

«Ինստիտուտն ավարտելուն պես աշխատանքի անցա Սունդուկյանի անվան թատրոնում: Կյանքը հեքիաթի նման անցավ, եւ ես թատրոնում ինձ ավելի լատ էի զգում, քան` տանը: Գեղեցիկ երազներով անցավ կյանքս, եւ հենց այդ գեղեցիկ հիշողությունների մասին հիշելով եմ հիմա անցկացնում օրերս տանը»,- ասաց դերասանուհին:

ՀԹԳՄ-ն ոսկե մեդալ է շնորհում 2008 թվականից սկսած: Առաջիկայում միությունը ծրագրում է հրատարակել գիրք-ալբոմ, որտեղ կներկայացվի միության ստեղծման եւ գործունեության հարուստ պատմությունը:  

Նյութը`armenpress.am