ՄԵԾ ԴԵՐԱՍԱՆՈՒՀՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՀՈԲԵԼՅԱՆԸ

ՄԵԾ ԴԵՐԱՍԱՆՈՒՀՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՀՈԲԵԼՅԱՆԸ

ՄԵԾ ԴԵՐԱՍԱՆՈՒՀՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՀՈԲԵԼՅԱՆԸԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, բազում պետական պարգևների արժանացած Վարդուհի Վարդերեսյանի համար 2013 թվականը հոբելյանական է: Դերասանուհին նշում է իր երկար ու իմաստուն կյանքի հերթական հանգրվաններից մեկի հոբելյանը: Վարդուհի Վարդերեսյանի տարիքը նրա հպարտությունն է, անցած ճանապարհի հանրագումարը: 1940-ականների վերջերից նա բեմում է, մեր ազգային թատրոնի պատմության և ներկայի մեջ: Անցած տարիների ընթացքում դերասանուհին խաղացել է հարյուրից ավելի դեր թատրոնում, կինոյում, հեռուստատեսությամբ: Հանդես է եկել ասմունքով, մենաներկայացումներով: Սա պատկառելի ժառանգություն է, որը ձևավորել է դերասանուհին` իր ստեղծագործության մեջ մեկտեղելով մեր դասական դերասանական դպրոցի լավագույն ավանդույթներն ու նորարարական այն միտումները, որոնք տիրապետող դարձան 20-րդ դարի 50-ական թվականներից և իրենց ամբողջացումին ու ավարտական նկարագրին հասան արդեն դարավերջին` այսպիսով ձևավորելով նոր պատկերացումներ դերասանական նորագույն դպրոցի մասին, որը տակավին իր մեջ շատ բան ուներ 19-րդ դարավերջին հայտածվածից ու 20-րդ դարասկզբին փորձության ինքնատիպ ընթացքը հաստատածից: Վարդուհի Վարդերեսյանի դերասանական նկարագրին բնորոշ են այն բոլոր ինքնատիպ դրսևորումները, որոնք հատուկ էին ազգային թատրոնում հիմնավորված դերասանական առանձնահատկություններին, որոնք դասական թատրոնը բերեցին դեպի նոր հանգրվան, նոր գեղարվեստական և գեղագիտական հաստատումների: Ուրեմն, ավանդական իրապաշտությունը, որը նաև հոգեբանական իրապաշտություն ենք կոչում, ընդունելով իբրև նախահիմք, դերասանուհին, այնուհանդերձ, մղվեց դեպի իրապաշտության փափազյանական ընկալումը` խաղն ու բարձր ձևացումը, զուգորդելով այս ամենին սեփական ընկալումներն ու արտահայտչական դրսևորումները: Վարդուհի Վարդերեսյանը հայ բեմի այն բացառիկ դերասանուհիներից է, ով մշտապես իր արվեստի հիմքում դրել է խաղն ու ներշնչանքը, ամեն ինչ կառուցել երևակայության զարմանալի թռիչքների վրա` խաղը վերածելով ինքնահատուկ հաճույքի, ինքնաստեղծումի խրախճանքի: Դերասանուհու ստեղծագործության մասին, նրա տեսակն ու բնույթը ընդգծելիս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Հախվերդյանը նրան տեսել է որպես կատակերգակ, հենց այս ժանրի շրջանակներում էլ գնահատել նրա արվեստը: Չափազանց անկատար է այս տեսակավորումը, որովհետև Վարդուհի Վարդերեսյանի համար կատակերգականը միայն դերասանական հարուստ ընդգրկումների մի դրսևորումն է լոկ. Վարդուհի Վարդերեսյանը խաղացել է ամենատարբեր ժանրերում և ամեն մեկում ունեցել նշանակալի ձեռքբերումներ, անգամ` նվաճումներ: Նա իր դերասանական կենսագրությունը սկսել է որպես դրամատիկական ընդգծված բնագիր ունեցող դերերի դերասանուհի, խաղացել Շեքսպիրի, Լոպե դե Վեգայի, Օստրովսկու, Շիրվանզադեի դրամաներում և ողբերգություններում, ապա խաղացել է Գոլդոնիի հերոսուհուն` հաստատելով կատակերգության թռիչքն ու գունային հարստությունը: Հետագայում դերասանուհու խաղացանկում տեղ են գտել Դոստոևսկու, Չեխովի, Սարոյանի, Միլլերի, Պատրիկի, Կասոնայի, դ’Ֆիլիպպոյի, Շանթի հերոսուհիները` հաճախ ողբերգականն ու կատակերգականը միահյուսելով դերասանուհու ստեղծագործության մեջ: Այս բազմազանությունը բխում է նրա արտահայտչամիջոցների հարստությունից, կերպարաստեղծման բացառիկությունից, գեղարվեստական այն ընդգծումներից, որոնք հաճախ միայն ու միայն նրան են հատուկ եղել: Վարդուհի Վարդերեսյանի ստեղծագործությունն իսկապես բազմաշերտ է, դերասանական նկարագիրը` երբեմն չտեղավորվող ավանդական պատկերացումների և ընկալումների մեջ: Ու այդ է, հավանաբար, պատճառը, որ թատերագիտությունն ու թատերական քննադատությունն անդրադառնալով նրա այս կամ այն կատարմանը, այնուհանդերձ չեն ընթացել դեպի նրա ստեղծագործության համակողմանի ուսումնասիրությունն ու գնահատությունը: Անշուշտ, այս ոչ խորքային անդրադարձների բացակայությունը բնորոշ է ոչ միայն Վարդուհի Վարդերեսյանի կենսագրությանը: 20-րդ դարի մեր դերասանական արվեստի շատ ներկայացուցիչների ստեղծագործությունն այդպես էլ չի դարձել մասնագիտական խոր վերլուծության նյութ, ինչի պատճառով էլ մի շարք ինքնատիպ հայտնություններ և հայտածումներ գրեթե մոռացության են մատնվել, իսկ դերասանական արվեստի ընթացքը մնացել է չհետազոտված: Վարդուհի Վարդերեսյանն անպայմանորեն շահեկան վիճակում չի հայտնվել, քանի որ նրա մասին լույս է տեսել ընդամենը մեկ գիրք` 64 փոքրադիր էջով, ոչ խորքային թափանցումներով ու թատերագիտական արժևորումներով: Դերասանուհին լրացրել է թատերագիտության բացը` գրելով ինքնակենսագրական գիրք, որում նաև անդրադարձ է կատարել իր մի շարք դերակատարումներին` ներկայացնելով իր մեկնաբանություններն ու խաղարկման որոշակի միտումներ: Սակայն դերասանուհու ստեղծագործությունը համակողմանի քննարկում է պահանջում, որովհետև դերասանական նկարագիրը բազմաբարդ լինելով, միաժամանակ իր մեջ է առնում գեղագիտական մի շարք սկզբունքներ, մերձենում ինքնաստեղծումի ժողովրդական թատրոնի որոշ արտահայտչաձևերի, իր արվեստում միահյուսում դասական թատրոնի ավանդույթներն ու նորարարական որոշ դրսևրումներ` այսպիսով երբեք չկորցնելով ստեղծագործության ինքնատիպությունն ու արդիականությունը: Վարդուհի Վարդերեսյանի գեղարվեստական ըմբռնումների հիմքում 20-րդ դարակեսի դերասանական ավանդույթներն են, որոնք փորձարկումների և ինքնահաստատման մեծ ճանապարհ են անցել, իրենց վրա կրել ժամանակի ազդեցությունները, այն կերպարանափոխությունները, որոնք մասնավորաբար տիրական դարձան դարավերջին` արձանագրելով բոլորովին նոր իրողություններ նաև ազգային դերասանական արվեստում: Պահպանելով նախնական պատկերացումներն ու ընկալումները դերասանական արվեստի մասին, հենվելով ավանդույթներին, որոնք խոր արմատներ էին նետել, Վարդուհի Վարդերեսյանը կարողացավ իր արվեստում մեկտեղել ավանդականն ու արդիականը, այսպես կանխանշելով այն ճանապարհը, որով պիտի անցներ ինքը` իր խաղակերպով և ոճական առանձնահատկություններով մնալով եզակին մեր թատրոնում: Եզակին, որովհետև դերասանուհին յուրովի միատեղում, մեկտեղում է խաղային տարբեր դպրոցներ, հասնում է կատարման այնպիսի վիճակների, երբ բարձր ցուցադրումը, հոգեբանական նրբախաղի յուրատիպությունները, ինքնահատուկ ներշնչանքը դառնում են մեկ ամբողջություն` ամեն ինչ հենելով երևակայությանն ու տարերքին: Ավելին, հենց Վարդուհի Վարդերեսյանի ստեղծագործությունը գնահատելիս պիտի մշտապես շեշտել խաղի ներկայության խնդիրը, քանզի դերասանուհին բեմում իր նեկրայությունը հաստատում է խաղով և ընթանում դեպի խաղային պայմանաձևերի բազմազանությունը: Վարդուհի Վարդերեսյանը երբեք չի հետևում այն հնացած պատկերացմանը, թե բեմը կյանքի անդրադարձն ու արտացոլանքն է: Բեմը դերասանուհու համար այն վայրն է, ուր իրականն ու միստիկականը ձուլվում են իրար` ամեն ինչ տանելով դեպի իռեալի և ռեալի համադրումը, դեպի գեղարվեստական ձևի ու հույզի հաստատումը` համապատասխան խաղային դրսևորումներով: Կյանքի պատկերումը կհանգեցներ անկենդանության, տարերքի ու գեղարվեստականության ժխտման: Բեմը Վարդերեսյանի համար երևակայոթւթյան այն տարածքն է, ուր նա ստեղծում է իր ինքնատիպ ,,ֆանտազիաները,,` բեմ բերելով մարդու և աշխարհի մասին ձևավորած ընկալումները, վերաբերմունքը` դրանք տեղավորելով ինքնահատուկ ձևերի մեջ: Վարդերեսյանն իր խաղով, բեմում իր ներկայությամբ շեշտում է այն հանգամանքը, որ սա ոչ թե կյանքի մանրակերտն է, ինչպես հարյուրամյակ շարունակ պնդել են շատերը, այլ ենթադրելի տարածք է, ուր ամեն ինչ ենթարկվում է ենթադրելիության պահանջներին ու միտումներին: Հետևաբար, դերասանուհին Ստանիսլավսկու հաստատած ,,առաջադրվող հանգամանքներից,, անցում է կատարում դեպի ,,ենթադրելի հանգամանքները,, և բեմական ճշմարտությունը դիտարկում որպես ենթադրելի: Ահա նրա պատկերացման ու խաղարկման գլխավոր առանձնահատկություններից մեկը, ինչն էլ չափազանց արդիական է դարձնում նրա ստեղծագործությունը, խաղային տարերքը մղում դեպի տոնային և պլաստիկական ձևերի միավորումը, տրամադրություններն ու տեմպառիթմը դարձնում ներդաշնակված, կարևրելով ձևը` հասնում իմաստի ընդգծմանը, տեսանելի և յուրահատուկ դարձնում բեմում լինելու ձևն ու եղանակը… Մի կարևոր առանձնահատկություն ևս. ի տարբերություն շատ դերասանուհիների, Վարդերեսյանը մշտապես ընդգծում, տեսանելի է դարձնում հոգեկանի և հոգևորի սահմանները, հաճախ ներկայանալու փոխարեն` առաջնային դարձնում ներկայացումը: Որքան էլ նա հակված է զգացմունքների սերտացմանը, այնուհանդերձ բազմաթիվ կատարումներում հաստատում է նորագույն պատկերացում` զգացմունքի օտարումը, ինչն էլ վերապրման կողքին բազմեցնում է դիտողի ազատությունը: Ուրեմն, Վարդուհի Վարդերեսյանն իր արվեստով ամբողջապես վախթանգովյան գեղագիտության կրողն է, ով նաև երբեմն-երբեմն մոտենում է բրեխտյան թատրոնի միտումներին և սկզբունքներին` ,,օտարացումը,, դարձնելով կարևոր պայման և սկզբունք: Դերասանուհին ցանկացած դերակատարման տիրույթում տրվում է ,,գեղարվեստական հույզի տարերքին,, (Հ. Հովհաննիսյան)` այսպես առաջնային դարձնելով խաղային վիճակն ու հաճույքը, ներշնչանքը: Հայ թատրոնում դերասանուհիների գերակշռող մեծամասնությունը բացառել է այս և առավելապես մղվել դեպի զգացմունքի օբյեկտիվացումը, դեպի խոր վերապրումը: Վարդուհի Վարդերեսյանի համար վերապրումն ու ցուցադրումը զուգորդված են, ենթարկված խաղային տարերքի ուժին: 

Ստեղծագործական այս առանձնահատկության ձևավորումներում որոշակի դեր են կատարել ինչպես նախնական տպավորություններն ու պատկերացումները, այնպես էլ Գյումրու թատրոնը, որտեղ իր ստեղծագործական կենսագրությունն է սկսել դերասանուհին: Նա այս թատրոն եկավ 1947-ին` ուսանելով թատրոնին կից դրամատիկական ստուդիայում: Սա հետպատերազմյան ժամանակաշրջանն էր, երբ շատ բան էր խախտվել ինչպես երկրում, այնպես էլ թատրոնում: Պատերազմի դժվարին չորս տարվա ընթացքում թատրոնը երբեմն հեռացել էր իր առաջնային գեղարվեստական սկզբունքներից, սակայն 1944-ին ,,Տասներկուերորդ գիշեր,, և 1946-ին ,,Արա Գեղեցիկ,, բեմադրություններով Վարդան Աճեմյանը թատրոնին նորից տարավ դեպի վախթանգովյան սկիզբը, նորից հիմնավորեց վառ թատերայնությունը` յուրովի պաշտպանելով և զարգացնելով վախթանգովյան համոզմունքը, որ, ,,<...> թատրոնը պետք է մնար թատրոն, չվերածվեր կյանքի պատճենի, իսկ թատերական ամենացանկալի արտահայտչամիջոցը` գրոտեսկը, պետք է պարտադիր վերապրվի ու արտահայտվի, որպեսզի չդառնա ինքնանպատակ հորինվածք: Որևէ պիեսի թատերային կերպը կամ ձևը որոնելիս պետք է այն հավասարաչափ բխեցվի հեղինակի ստեղծագործությունից, օրվա պահանջից ու ոգուց: Գաղափարն արտահայտելու համար պետք է գտնել այնպիսի վառ ու արտահայտիչ ձև, որը վաղվա օրն արտահայտի այսօրվա մեջ, այսօրը` վաղվա: Գաղափարը պետք է ներառվի յուրաքանչյուր տեսարանում, խոսքում, բառում, տառում և հասցվի լուսավոր պարզության,, (Ռ. Ջրբաշյան): Վարդան Աճեմյանի այս երկու բեմադրությունը ազգային թատրոնում վերադարձի սկիզբն ավետեցին, մեր դերասանական արվեստը տարան նոր հանգրվան` ստիպելով հավատարիմ մնալ այն ավանդույթներին, որոնք որդեգրվել էին իբրև առաջնային խթանիչներ և հիմնասկզբունքներ: Վարդան Աճեմյանը կարծես հեռակա զրույց էր սկսում Ժորժ Փիթոևի հետ, ով 1930-ականներին արդեն ավարտել էր ֆրանսիական դերասանական դպրոցում վախթանգովյան գեղագիտության հիմնավորումները, ձևավորել ,,ֆանտաստիկ ռեալիզմի,, և էքսպրեսիոնիզմի յուրատահուկ ներդաշնակությունը` հուշելով, որ 20-րդ դարի դերասանական արվեստի գլխավոր ուղղություններից մեկը հենց վախթանգովյանն է լինելու: Գյումրու թատրոնում ձևավորված էին բոլոր բարենպաստ պայմանները, տակավին կենդանի էին այն վանադույթները, որոնք այստեղ գոյավորվել էին 1920-ականների վերջերին, հետևաբար Աճեմյանի համար դյուրին էր վերադարձն ու եղածի ստեղծագործական հարստացումը: Վարդուհի Վարդերեսյանը աճեմյանական որևէ բեմադրության մեջ հանդես չեկավ իբրև առաջին դերակատար, ավելին, Գյումրիում դերասանուհու գտնվելու ժամանակահատվածում Աճեմյանը որևէ բեմադրությամբ հանդես չեկավ, սակայն շուրջ մեկ տասնամյակ ստեղծագործելով այս թատրոնում, դերասանուհին ընթացավ այն ճանապարհով, ինչն այստեղ գլխավոր գեղագիտական հակվածություն էր և գեղարվեստական նախասիրություն: Դերասանուհին այս թատրոնում խաղաց մեկ տասնյակից ավելի դեր, նրա խաղացանկում տեղ գտան Դեզդեմոնան (,,Օթելլո,,), Էստրելիան (,,Սևիլիայի աստղը,,), Մարգարիտը (,,Պատվի համար,,) և այլն, սակայն ստեղծագործական բարձրակետը Լարիսան էր (Ա. Օստրովսկի, ,,Անօժիտը,,), որում միատեղվեցին այն նախասիրություններն ու ստեղծագործական առանձնահատկությունները, որոնք հետագա տարիներին ամբողջանալով, մեր բեմում ձևավորեցին Վարդուհի Վարդերեսյանի արտերևույթը: Դերասանուհու ստեղծագործական առանձնահատկությունների հիմքերը դրվել են տակավին 1950-ականների սկզբներին, երբ Վարդերեսյանը դարձավ Գյումրու թատրոնի երիտասարդ լավագույն ուժերից մեկն ու պարտադրեց ռեժիսուրային հոգ տանել իր գեղարվեստական հակումների բացահայտումների և հարստացման համար: Վարդուհի Վարդերեսյանը թատերական կրթություն ստացավ թատրոնին կից ստուդիայում, ուր դասավանդում էին անվանի վարպետները, ուր բեմական խոսքի դասատուն անվանի դերասանուհի Նինա Բոխյանն էր, նշանակում է` հենց վախթանգովյան-աճեմյանական սկզբունքներն էին դրված ուսուցման հիմքում, ինչն էլ հնարավորություն էր տալիս ինչպես Վրդուհի Վարդերեսյանին, այնպես էլ նրա համակուրսեցի Մհեր Մկրտչյանին ամբողջապես ընկալելու, սեփականը դարձնելու այս թատրոնի գեղարվեստական միտումները: Այս թատրոնում Վարդերեսյանը հանդիպեց ազգային ռեժիսուրայի մի շարք ճանաչված դեմքերի, ովքեր հիմնականում առաջնորդվում էին ռուսական թատրոնի միտումներով, յուրովի զուգակցում մեյերխոլդյանն ու վախթանգովյանը` հեռու չմնալով նաև Ստանիսլավսկու ,,հոգեբանական ռեալիզմի,, դրույթներից: Այս ամենի զուգակցումը ձևավորում էր մի բացառիկ գեղարվեստական ընդհանրություն, սիմբիոզ, որը շատ երկար ժամանակ պահպանվեց Գյումրու թատրոնում` նրանում գոյավորված դերասանական արվեստը տարազատելով հայ թատրոնում ձևավորվածից: Վարդուհի Վարդերեսյանի ստեղծագործական յուրատիպությունների ծագումնաբանությունը հետազոտելիս հենց այս հանգամանքը պետք է դիտարկել, ոչ միայն պետք է առաջնորդվել խաղի ներկայության գաղափարով, ինչը, բնականաբար, Վարդերեսյանի տարերքն է, այլև տեսնել այն ինքնատիպ հենքը, որին խարսխվել է դերասանուհու ստեղծագործությունը: 
Գյումրու թատրոնում Վարդերեսյանի ստեղծած բեմատիպարներից մի քանիսին երջանիկ ճակատագիր բաժին հասավ, նա բեմ ելավ Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի հետ, Մարգարիտը տեղափոխվեց էկրան, բեմադրիչ Ա. Հայ-Արտյանը ստեղծեց Շիրվանզադեի նշանավոր դրամայի էկրանային տարբերակը` առանցքում ունենալով հրաշալի դերասանական եռյակ` Հրաչյա Ներսիսյան, Ավետ Ավետիսյան, Վարդուհի Վարդերեսյան: Սակայն իբրև հանրագումարային արժեք` հառնեց Լարիսան` Ա. Օստրովսկու ,,Անօժիտ,, դրամայի բեմադրության մեջ, որը սույն կերպարի եզակի մեկնաբանություններից մեկը մնաց մեր թատրոնում: Վստահաբար ասենք` անգերազանցելին, քանզի Վարդերեսյանի կատարման մեջ խոր ողբերգականությունը դարձել էր կերպարի ատաղձը, ճակատագրի ներկայությունը: Այս բեմադրությամբ նաև ձևավորվեց Գրիգոր Մկրտչյան-Վարդուհի Վարդերսյան համագործակցությունը, որի շարունակությունն էր արդեն 1990-ականներին Սունդուկյանի անվան թատրոնում ստեղծված ,,Մենախոսություն,, մենադրաման, ուր Սիմոնա դը Բովուարի վիպակը գտել էր ինքնատիպ բեմական մարմնավորում` առիթ տալով Վարդերեսյանին պատկերելու մի կնոջ տարբեր տարիքները, նրա կենսագրության աստիճանաբար հասունացող ողբերգականությունը: 
Այսօր Վարդուհի Վարդերեսյանը նշում է իր հոբելյանը: Մայր թատրոնում նորից տոն է: Թատրոնի տոնը: Մեծ դերասանուհու տոնը: Ուրեմն, հերթական արժևորումները և գնահատությունները կլինեն: Թող այս դիտարկումներն էլ օգնեն` առավել խորքով գնահատելու մեր ապրող դասականին:


ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ