Theatersunion
«Իմ կյանքի արշալույսը բացվեց սովետական իրավակարգում, իսկ ցարական օրերի մղձավանջային ծանր քսան տարիները ես շատ վաղուց ջնջել եմ իմ հիշողությունից: Ստեղծագործող դերասանին նույնքան անհրաժեշտ են բարենպաստ պայմաններ, որքան և շնորհք ու տաղանդ: Սովետական թատրոնում աշխատանքիս երեսունվեց տարիներն ինձ նոր ուժ, նոր եռանդ տվին ու սպիացրին հին վերքերս: Արվեստագետի համար չկա այլ երջանկություն, քան անձնվեր նվիրվածությունն իր գործին: Իմ արվեստը իմ կյանքի նպատակն է, իմ նշանաբանը, իմ երջանկությունը»:
Օլգա Գուլազյան
Սունդուկյանի անմիջական ցուցումներով
Գուլազենց Օլինկան
Հնամենի բարքերի բերումով առանց իրար ճանաչելու ամուսնացած հայրն ու վրացախոս մայրը, բարեբախտաբար, հաշտ ու անբաժան ապրել են մինչ խորը ծերություն։ Ունեցել են 9 երեխա, որոնցից 2-ական աղջիկն ու տղան են կենդանի մնացել: Վերջինը` Օլինկան, ծնվել է 1886-ին, երբ հայրը մոտ 60 տարեկան է եղել: Չարաճճի, խենթ ու խելառ մանկությունն անցել է Թբիլիսիի ամենաբարձրադիր, ամենաարհամարհված` Խարփուխի թաղում, որի խորդուբորդ խոռոչ-փողոցներն` անուններ, իսկ խարխուլ տնակները համարներ չեն էլ ունեցել: Անգրագետ, միամիտ բնակիչները խաչերին ու սրբերին են միայն ապավինել ամեն տեսակ անլուծելի խնդիրների ու դժբախտությունների ժամանակ:
Գուլազենց Օլինկայի առաջին «թատերական ներկայացումը» նոր-նոր դպրոց գնացող եղբոր` Մնացականի կարդացած պատմություններից մեկի սյուժեով հորինված «սատանայի խաղն» է եղել. մեծերի արխալուղները հագած, վառած լուցկիներով բերանից «դժոխքի կրակներ» բաց թողնելով վազվզել են մթնեցված սենյակում ի «նշան չարչարանաց» այն գծուծ մեծահարուստի, որը ոսկիները կուլ է տվել` ափսոսելով ողորմություն տալ: 8 տարեկանում Օլինկան ոտք է դրել Խարփուխի թաղի սուրբ Սարգսի ծխական 3 պատրաստական ունեցող դպրոցը: Շատ սուր հիշողություն ունենալով`երրորդ պատասխանողից հետո անգիր յուրացրել է դասը: Կրոնի դասերից ձանձրույթը հորից ծածուկ, ճրագի աղոտ լույսի տակ, փարատել է եղբոր կարդացած գրքերի գիշերային ընթերցանությամբ: «Հայուհյաց բարեգործական կար ու ձևի» դպրոցում ամենասիրելի վարժուհին` հետագայում հայտնի երաժշտուհի Մարգարիտ Բաբայանը` Թբիլիսիի բժշկապետի աղջիկն է բացահայտել և սրտացավ ուղղորդել Օլգայի ընդհանուր զարգացումը, գրելու ձիրքն ու վառ երևակայությունը:
«Երեսների քողը պատռած խայտառակ աղջիկները»
Հավլաբարի «Կազարմաների» թաղում ներսիսյանցիների կազմակերպած սովորական երեկույթը` պար, երգ, արտասանություն, ֆանտ խաղալ – արտասովոր է դարձել «Խեչոյի թուզ» վոդևիլի խաղարկմամբ, որը հաջորդ օրը մեծ դասամիջոցին աշակերտուհիները ներկայացրել են դպրոցում: Չազդվելով «Ձեր երեսների քողը պատռվել է, ի՜նչ խայտառակ աղջիկներ պիտի դառնաք դուք ապագայում» նախատինքից` Խեչո-Օլգան ու Մնևոն Քյալփաջյան-Կատյուշան բարեկենդանի օրերին ընտանեկան ներկայացում են կազմակերպել իրենց ծնողների համար` «խաղացանկային» «Խեչոյի թուզին» հավելելով աստվածաշնչյան իրենց իմպրովիզային պատկերը` «Հույս, հավատ, սեր», որն ավարտել են «Ով, Հայոց աստված» երգով: Հարևան հարմոն նվագող Յոսեբի կնոջից` կրկեսային դերասանուհի Ամալիայից, սովորած լինելով վարժ պարելը` Օլինկան Եվդոկիայի հետ նաև պարաշար է ներկայացրել` լեզգինկա, շալախո... Գրաշար Ալեքսին, ում շալվարը փոխ էին առել Խեչոյի համար, մարգարեացել է. «Տես, Օլինկա, ժամանակին քու անունը կգրվի իսկական թատրոնական աֆիշաներում»: Շատ շուտով, ինքը` Ալեքսին էլ շարել է այդ ազդագրերը...
Իրական թատրոնական փորձի մասնակցել է, երբ Մացակ եղբայրը սիրողների խմբով իրենց տանը Սունդուկյանի «Էլի մեկ զոհն» է պատրաստել հին դերասան Գեորգի Պարոն-Սարգսյանի ռեժիսորությամբ: Ուշի-ուշով հետևելով անհաջողակ դերակատարին` յուրացրել է Նատոյի դերն ու մի լավ փորձով ընդգրկվել ներկայացման մեջ: Հարբեցող «ռեժիսորին» շուտով փոխարինել են Ամո Խարազյանով, ով լրջորեն գործի գլուխ անցնելով` խաղացել է նաև Միքայելի դերը: Օլինկան ստանձնել է նաև Սալոմեի դերը: Միքայելյան փողոցում գտնվող «Էրմիտաժ» ամառային թատրոնում, գլխավոր փորձին անսպասելի հայտնվել է ինքը` Սունդուկյանը, ով պատահաբար անցնելիս նկատել էր ազդագիրը: Շատ հավանելով Նատոն` էական ցուցումներ է տվել Սալոմեի համար և անկեղծորեն զարմացել, որ առաջին անգամ է բեմ դուրս գալիս: Երեկոյան ներկայացմանը ներկա գտնված Իսահակ Ալիխանյանն էլ պատվիրել է պատրաստել Ցագարելու Խանումայի դերը: Մանկական արտաքինն ու զիլ հնչուն ձայնը նպաստել են հետագայում փոքրիկ, չարաճճի, սուբրետ դերեր խաղալուն:
1901-ի ամռանը Օստրովսկու «Եկամտավոր պաշտոն»-ում Ժադով-Խարազյանի հետ Յուլինկա խաղալիս նկատվել է դերասան Մաթևոս Աղայանի կողմից և ներգրավվել Սիրանույշի Բաքու ուղևորվող հյուրախաղային խմբում (Փառանձեմ, Հովհ. Աբելյան, Գևորգ Պետրոսյան, Գրիշա Ավետյան` «Դյադյա Գրիշա», Հովհ. Զարիֆյան...): Մերժել է Սիրանույշի «Քնարիկ» բեմական մկրտությունը. չէ՞ որ ծնողների փառասիրությունն այնպես շոյվում էր Գուլազյան ազգանվան բեմելներից:
Բաքվում դեբյուտը լինում է «Հայրենական տուն» պիեսում Մագդա-Սիրանույշի մորաքրոջ` 50 տարեկան հիստերիկ ու զավեշտալի Ֆրանցիսկայի դերը, քանի որ ուրիշ դերակատար չունեին խմբում: Հենց միայն նրա մանկական տեսքը հանդիսասրահի բուռն ծիծաղն է առաջացնում, ինչպես և` Սեդրակ Թառայանի մի նոր պիեսում Սիրանույշի սկեսրոջ դերով բեմում հայտնվելիս: Ամենասրտակից օգնականը Փառանձեմն է լինում Բաքվի առաջին տարում, ով կարծես թե Թբիլիսիում Գևորգ Չմշկյանի տանը մնացած իր Երանյակ դստեր կարոտն էր առնում Օլգային գուրգուրելիս: Զարիֆյանն էլ հաճախ հետը տանում էր ռուս հայտնի անտրեպրենյոր, միջակ դերասան Կրասովի խմբի ներկայացումներին: Երբ առաջին անգամ դիտում է նրանց խաղարկած Գորկու «Հատակումը», մեծ ցանկություն է ունենում Ալյոշկա կերպավորելու:
Հոր ծանր հիվանդության լուրով վերադառնում է Թբիլիսի՝ մահվանից հետո մնալով մորը նեցուկ: 1902-ին Թբիլիսիում հիմնված Հայոց դրամատիկական ընկերության խմբում 3-4 տարի աննշան դերեր է խաղում, ապա կրկին հայտնվում Բաքվում: Հայ բեմում առաջին անգամ ներկայացված «Դավաճանությունը» մեծ հաջողություն է ունենում Սիրանույշի Զեյնաբով, Աբելյանի Օթար-բեգով, Պետրոսյանի Անանիա Գլախայով, Իսահակ Ալիխանյանի Էրեկլեով, Մայսուրյանի Ռուքայայով: Այս դերասանախմբում լիովին բացված Գուլազյանը Գայանեով հաստատում է սուբրետի իր ամպլուան: Երկրորդ պատասխանատու դերը Բաքվում` Գայանեի հակապատկեր Օլգայի դերն էր Յուժին-Սումբատովի «Շղթաներ» պիեսում, որտեղ, վերջապես, Սիրանույշն է նրա մոր դերում... Տաղանդավոր խաղընկերուհու շնորհիվ հաջող է կատարում առաջին դրամատիկ դերը: Որքան էլ անհամապատասխան լինեին խաղացած դերերը փորձառությանն ու խառնվածքին, դերասանական աճի վրա բարերար ազդեցություն են ունեցել:
«Նոնիկյան» յոթը տխուր տարիներ
Ամենատխուրն ու բովանդակազուրկն են եղել ամուսնական կյանքի 7 տարիները: Ամուսինը, որը շուտով թողել է աշխատանքը, արգելել է առանց իրեն ճամփորդել խմբերի հետ։ Նրա հետ շրջագայելիս ունեցած փողը չի բավականացրել բուֆետներում խմած ոգելիցի պարտքերը փակելուն: Մի քանի տարի նրա ստիպմամբ ազդագրերում Նոնիկյանէ գրվել: Խաղալով միայն ձմեռային 3-4 ամիսներին` մնացած ժամանակ չնչին կոպեկներով կար է արել գոյությունը քարշ տալու համար: Վերջապես իրենում ուժ է գտել ազատվելու ստրկությունից և կրկին ապրել մորից անբաժան, հանգիստ ու խաղաղ։ Հարստացնելով մտավոր պաշարը՝ էապես լցրել է ստեղծագործական «հարկադիր պարապուրդի» 7-ամյա անդունդը: Միամիտ մայրը, ով սիրում էր մի գործը մի քանի անգամ դիտել, հավանել է միայն աղջկա կենսուրախ դերերը. «Միր դարդը միզ հերիք չի, վուր թիատրումն էլ լաց ըլինք»: Երկար ընդդիմացել է Շիրվանզադեի «Չար ոգու» «օձի կծած» Ջավահիրի դերը խաղալուն:
Սև ռեակցիայի օրերին երբ Գուլազյանը ցանկություն է հայտնել հարբեցող կոշկակար Ալյոշկայի դերը (Գորկի, «Հատակում») խաղալու, ռեժիսոր Ստեփան Քափանակյանը սկզբում շատ է զարմացել, ապա` «փորձենք, իսկապես որ կարող է շատ ինքնատիպ բան ստացվել»: Առաջին իսկ մուտքով հետաքրքիր է ներկայացել Ալյոշկա-Գուլազյանը. հարբած գարմոշկա նվագելով, անսանձ աղմկարարությամբ, կատվի խաղ-մկան մահ է պատկերել, ապա, քրքջալով փախչելով, ծաղրել իրեն հալածող ցարական ոստիկան-խրտվիլակ Մեդվեդևի անզորությունը... Զուբալովի տան բեմում և Արտիստականի գալյորկայում օվացիաներով է ընդունվել, թավշյա բազկաթոռների մեջ ընկղմված բուրժուաների դեմքերին ժպիտը սառչել է։
1911-ին ուժեղ դերասանական կազմով հանդես են եկել Բաքվում, ապա Մոսկվա մեկնել: Ստանիսլավսկին ու Նեմիրովիչ-Դանչենկոն Գեղարվեստական թատրոնի իրենց ռեժիսորական օթյակն են հատկացրել: Այդ օրերին Տուրգենևի պիեսներն էին խաղում Կաչալովի խմբի դերասանները, որոնք հայերին հատկապես հրապուրել են խոսքի նրբերանգներով, պարզ ու հստակ առոգանությամբ, ռեալիստական խաղի անկեղծությամբ: Պետերբուրգում էլ «Դավաճանությունը» խաղացել են օվացիաներով, մարդահասակ շուշաններով...
Աբելյանի գլխավորությամբ հաճախ ճամփորդելիս ամեն գարնան լինում է նաև Երևանում: 1916-17-ի ձմռանն աշխատում է Թբիլիսիում, դրամատիկ ընկերությունից անջատ, ապա մի շարք ներկայացումներ Կարսում տալիս` այնտեղ էլ դիմավորելով ցարի տապալման լուրը: Դերասան Հովսեփ Ոսկանյանը Թբիլիսիի Ժողովարանում և Արհեստավորաց ակումբում երբեմն միաժամանակ էր ներկայացում տալիս դրամայի ու օպերետայի ուժերով: 1919-ին Գուլազյանը լրացնում է այս խմբի դերասանուհիների ուժեղ կազմը` Արուս Ոսկանյան, Արուս Ասրյան, Աստղիկ Երեմյան, Հասմիկ, Զաբել... Ամուսինը լծում էր ճանաչում գտած ու հանդիսատես բերող Արուսին այնպես, որ ոչ մի գիշեր ազատ չէր մնում: Երբեմն Արուսը խնդրում էր Օլգային փոխարինել իրեն: Հայ թատրոնը Թբիլիսիում «հուսահատ ու լքված լուսնոտի նման» գոյատևում է մինչև 1921 թիվը։
1923-24թթ., Լոպե դե Վեգայի «Ոչխարի աղբյուրի» վրացական աննախընթաց հաջողությունից քաջալերված` Թբիլիսիի հայկական դերասանական խումբն էլ է Մարջանիշվիլու միզանսցեններով ու ձևավորմամբ Արտիստականում ներկայացնում այդ պիեսը: Հայ բեմում առաջին Լաուրենսիան մեծ հուզմունքով կատարում է Օլգա Գուլազյանը: Սուբրետների, անմեղ ու չարաճճի երեխաների, պառավների, դրամատիկ ու խարակտերային, թբիլիսյան կենցաղային տիպերի դերերից հետո 20-ից ավելի տարիների փորձառություն ունեցող արտիստուհին խաղում է իր առաջին հերոսական դերը: Համարձակ ու անվախ իսպանուհու վրեժի ու ցասման, ապստամբության ու պայքարի կրքով հագեցած մոնոլոգը երկար տարիներ Գուլազյանի համերգային ծրագրերի անբաժան մասն է կազմում: Միս ու արյունով, մարդկային հոգուն հարազատ, անբռնազբոսիկ, ճշմարիտ ու վառ գույներով գրված դերերը միշտ են նրան գերագույն բավականություն պատճառել: 1927-ին Սունդուկյանի անվան թատրոնում առաջին անգամ ռեժիսոր Արմեն Գուլակյանի բեմադրած «Խաթաբալա»-ի մեծ հաջողությանը նպաստեց Սունդուկյանին հարազատ դերասանների միջև ճիշտ դերաբաշխումը և հին Թբիլիսիին քաջ ծանոթ նկարիչ Ստեփան Թարյանի թեթև ու գունեղ ձևավորումը:
«Իմ ամպլուան հայտնաբերվեց վոդևիլներ խաղալով` զարգացնելով բեմական տեխնիկան, շարժունությունը, ճկունությունը,- 1945-ին հուշագրում է համաժողովրդական սեր վայելող արտիստուհին: - Բեմական առաջին անփորձ քայլերը բախտ եմ ունեցել սկսելու Գաբրիել Սունդուկյանի անմիջական ցուցումներով, ...խաղալով կանացի թե ծեր, թե երիտասարդ գրեթե բոլոր դերերը: Իսկ 1926-ից երբ վերջնականապես տեղափոխվեցի Երևան, կանգ առա միայն 4-ի վրա` «Պեպո»-ի Էփեմիան, «Խաթաբալա»-ի Նատալիան, «Քանդած օջախի» և «Էլի մեկ զոհի» Սալոմեն: Այս 2 մայրերը կարծես իրար նման են, ինչպես Օստրովսկու Կուկուշկինան և Օգուդալովան, բայց, ինչպես և Օստրովսկունը, այնուամենայնիվ տարբեր են իրարից... Ավելի բազմերանգ է «Էլի մեկ զոհի» Սալոմեն... Էփեմիան ես խաղում եմ հոգեկան հաճույքի բուռն թրթիռով: Սա Նատալիա չէ, ավելի փորձառու, խորամանկ, շողոքորթ ու չար է, կյանքի մութ կողմերին լավ տեղյակ «հանած-վարած» տիպ: Սունդուկյանի ցուցումով` չեմ թաքցնում, որ ինձ դուր է գալիս լակեյս` 18-ամյա Սամսոնը, ում, ի ցույց ամենքի, զուգում-զարդարում եմ. «Լաքիան պիտի լաքիա ըլի»: Մասիսյանցին պատահելու Նատալիայի վախի զգացումը հատուկ շեշտված խաղալիս Զամբախով-Ավետ Ավետիսյանի հետ դրվագում ես ճշմարիտ արվեստի մեծ հոգեկան հաճույքն եմ ապրում»:
Խորհրդային հեղինակներից առաջին իսկ ընթերցմամբ Գուլազյանին սիրելի են դարձել` Սուրովի «Լուսաբացը Մոսկվայի վրա» պիեսի տեքստիլ ֆաբրիկայի հնագույն բանվորուհի, անձնվեր էնտուզիաստ Ագրիպինա Սեմյոնովնան, ով 12 տարեկանից նույն ֆաբրիկայում աշխատելով` իր թոռնիկին էլ խրախուսում է տեր-բանվորուհին դառնալ նրա. Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետի» հիվանդանոցային տարեց բուժքույր Խրիստինա Արխիպովնան, ով 20 տարի սոսկ հիվանդապահ լինելով` վճռական պահին վիրահատություն է անում` արկի բեկորից ազատելով կոմիսարին, փրկելով կյանքը: Ընտանիքում «խելքի պակասությամբ» ավելորդ իր, կահկարասի դարձած տանտիկնոջ՝ Քսենիայի զավեշտական դրությունը յուրահմա է շեշտում Վաղարշ Վաղարշյան-Բուլիչովի հետ զուգախաղում (Գորկի, «Եգոր Բուլիչովը և ուրիշները», ռեժիսոր՝Զախավա)։ Մարդկային խոր զգացմունքներով ու ապրումներով անհունորեն հարազատ, հարուստ մի կերպար էր Ալեխանդրո Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում» տրագիկոմեդիայի Գուլազյան-տատիկը։
Երեք հարյուրից ավելի դեր է խաղացել ՀԽՍՀ և ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր ժողովրդական արտիստուհին՝ հայ, ռուս, արևմտաեվրոպական դասական և ժամանակակից պիեսներում։ Ստեղծագործական վերջին փոթորկուն թրթիռը Բրոուդիի տատիկն էր (Ա.Կրոնին, «Բրոուդիի ամրոցը», 1963թ.):
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ
Բաժին: "Թատրոն" Թերթ