ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆ. «Թատրոն ամեն տեղ կարելի է ստեղծել, բայց միայն որոշումն ու կնիքը քիչ են…»

ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆ. «Թատրոն ամեն տեղ կարելի է ստեղծել, բայց միայն որոշումն ու կնիքը քիչ են…»

 

 

Ս/թ հոկտեմբերի 10-ին ամփոփվեց Աբովյան քաղաքի տոնին նվիրված թատերական փառատոնը: Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ, շնորհավորելով մասնակիցներին, ասաց. «Ինձ համար այսօր և´ ուրախ, և´ տխուր օր է. արդեն սովորել էի ամեն օր գալ ձեր հրաշալի քաղաքն ու հանդիպել ձեզ և այս թատրոնի հրաշալի անձնակազմին: Մի տեսակ տխրում եմ, որ վաղվանից, թեկուզև կարճատև ավանդույթը, արդեն խախտվելու է: Մյուս կողմից ուրախ եմ, որ ուզեմ, թե չուզեմ պետք է հաճախակի լինեմ Աբովյանում, որն ինձ համար հայտնություն դարձավ»:

Իր խոսքում, դիմելով ներկաներին, Հ. Ղազանչյանն ավելացրեց. «Մեկ շաբաթ Երևանի թատրոններն այստեղ ներկայացան իրենց բեմադրություններով և չեղավ մի օր, որ դահլիճը դատարկ լինի: Ավելին՝ Երևանի թատրոնների դերասանները պարզապես սիրահարվեցին ձեզ, ձեր քաղաքին, ձեր քաղաքապետին: Եվ ես գիտեմ, որ թատրոնների ղեկավարներից յուրաքանչյուրն արդեն անձնական նախաձեռնությամբ փորձում են հյուրախաղեր կազմակերպել այստեղ»:

ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանն առանձնակի ջերմությամբ խոսեց Աբովյան քաղաքի թատերասեր հանրության մասին. «Ներկայացումներից մեկի օրը հորդառատ անձրև էր տեղում. այդ օրը պետք է խաղար «Համազգային» թատրոնը: Եվ մեկ ժամ առաջ ես դուրս եկա թատրոնի ճեմասրահ, քանի որ շատ անհանգիստ էի, մտածում էի, թե այս եղանակին հանդիսատես չի գա: Ի զարմանս ինձ, թատրոնի մուտքի մոտ երիտասարդների հոծ բազմություն տեսա: Առաջին հայացքից, կարծեցի, թե պարզապես անձրևից պատսպարված մարդիկ են, բայց` ոչ… Դահլիճը կրկին լեփ-լեցուն էր… Սա հուսադրող երևույթ է: Թատրոն ամեն տեղ կարելի է ստեղծել, բայց միայն որոշումն ու կնիքը քիչ են դրա համար, կարևորը ձեզ պես հանդիսական ունենալն է: Աբովյան քաղաքի թատրոնը դեռևս երիտասարդ թատրոն է. մեկ տարին անգամ չի բոլորել, ինչ պետական կարգավիճակ ստացավ: Եվ այդ թատրոնի համար նման հանդիսատես ունենալը գանձի պես մի բան է, որը պետք է պահել ու պահպանել, փորձել այնպես անել, որ փոխադարձ կապի արդյունքում թատրոնը շնչի, զարգանա»:

Հ. Ղազանչյանն ասաց նաև, որ Հայաստանի թատերական գործիչների միությունը միշտ պատրաստ է լինել Աբովյանի թատրոնի կողքին. «Թատերական գործիչների միության կարևորագույն ստրատեգիաներից մեկը՝ մարզային թատերական կյանքի զարգացումն է և այդ կապակցությամբ մեր հանրապետության տարբեր մարզերում պարբերաբար նմանատիպ միջոցառումներ ենք իրականացնում»:

ՀԹԳՄ նախագահը շնորհակալություն հայտնեց Աբովյան քաղաքի քաղաքապետ Վահագն Գևորգյանին, ում նախաձեռնությամբ բավական կարճ ժամանակում որոշում կայացվեց անցկացնել այս թատերականփառատոնը.«Պետք է ասեմ, որ հրաշալի քաղաքապետ ունենք, շատ ժամանակակից, քաղաքի համար հոգատար անձնավորություն. նա շարունակ քաղաքի ծրագրերի մասին է խոսում»:

Հ. Ղազանչյանն ընդգծեց, որ Վ. Գևորգյանի հետ արդեն լուրջ մտածում են փառատոնը դարձնել ավանդական. «Եթե այս 7 օրերի ընթացքում խաղացվեց 11 ներկայացում ու մոտ 5000 հանդիսական գտնվեց այս շենքում, ապա, կասկած չունեմ, որ մենք կկարողանանք զարգացնել փառատոնն ու, ինչու ոչ, մոտ ապագայում այն դարձնել միջազգային: Ինքս Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոննեմ ղեկավարում և եթե բեմը մի փոքր վերազինվի` այն կարելի է հանգիստ տեղափոխել այստեղ»:

Իր ելույթի ավարտին Հ. Ղազանչյանը ՀԹԳՄ ոսկե մեդալ հանձնեց Աբովյան քաղաքի քաղաքապետին՝ Աբովյան քաղաքի թատերարվեստի զարգացմանը ցուցաբերած աննախադեպ աջակցության համար:

Հ.Գ.  Ջերմ և սրտառուչ խոսքեր նորաստեղծ փառատոնին մաղթեցին Աբովյան քաղաքի քաղաքապետ Վահագն Գևորգյանը, սիրված և ճանաչված թատերական գործիչներ՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը, ՀԹԳՄ քարտուղար Լևոն Մութաֆյանը:

Ի դեպ, փառատոնն ամփոփվեց Աբովյանի քաղաքային թատրոնի «Եզովպոս» ներկայացմամբ (ըստ Գ. Ֆիգեյրեդուի, բեմադրությունը՝ Արմեն Կարապետյանի):