ՆՇՎԵՑ ԿԱՊԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ 80 - ԱՄՅԱԿԸ

ՆՇՎԵՑ ԿԱՊԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ 80 - ԱՄՅԱԿԸ

 

 
Հայաստանի թատերական գործիչների միությունը, իր բազում միջոցառումների շարքում, մեծ տեղ է հատկացնում մարզերում տարվող աշխատանքներին: Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան թատրոնի 80-ամյակի տոնակատարության նախօրեին, մի խումբ բեմարվեստի գործիչներ, ՀԹԳՄ նախագահ Հ.Ղազանչյանի գլխավորությամբ, եղան Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնում և հանդիպեցին թատերախմբի հետ: Հիմնական նպատակն էր լսել թատրոնի ղեկավարներին և խոսել թատրոնի խնդիրների մասին: Հանդիպմանն իրենց մտահոգությունը կիսեցին ՀՀ ժողովրդական արտիստ Հ.Գասպարյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ Հ.Ղազանչյանը, Ա.Էլբակյանը, Ռ.Բաբայանը, Լ.Մութաֆյանը և ՀՀ վաստակավոր արտիստ Ս. Մաղալյանը: Հանդիպմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Ն. Հայրապետյանը և բանաստեղծ, թարգմանիչ Գ.Դավթյանը: Արվեստի գործիչները սիրով պատասխանեցին ներկաներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի: Թատրոնի տնօրեն Հ. Հովհաննիսյանը երախտագիտություն հայտնեց ՀԹԳ միությանը: Ավարտին` Գորիսի քաղաքապետ Վ.Ադունցը շնորհակալություն հայտնեց արվեստագետներին այցի և Վ.Վաղարշյանի անվան թատրոնին ուշադրություն դարձնելու համար:

Հաջորդ օրը` հոկտեմբերի 31-ին, տոնական տեսք էր ստացել Կապանի թատրոնը: Ներկաները բարձր տրամադրությամբ նշում էին թատրոնի 80-ամյա տարեդարձը:
Հոբելյանական երեկոյին, առաջինը ներկաներին ողջունեցին մարզպետ Ս. Խաչատրյանը և Կապանի քաղաքապետ Ա.Հայրապետյանը: Գեներալ - լեյտենանտ Մ.Սարգսյանը, բարձր գնահատելով թատրոնի կատարած հայրենասիրական աշխատանքը, ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի անունից մեդալներ և պատվոգրեր հանձնեց արժանավորներին: ՀՀ մշակույթի նախարար Հ.Պողոսյանի անունից Ն. Հայրապետյանը ոսկե մեդալներ հանձնեց վաստակաշատ դերասաններ Ն. Բաղդասարյանին և Ա.Գրիգորյանին: ՀԹԳՄ նախագահ Հ.Ղազանչյանը, որն իր ստեղծագործական ուղին սկսել է Կապանի թատրոնում, հարազատ թատրոնին նվիրեց համակարգիչ և պատվոգրեր հանձնեց մի խումբ դերասանների:
Թատերագետ Լ.Մութաֆյանը համառոտ ներկայացրեց թատրոնի պատմությունը և հավելեց, որ Կապանի թատրոնը մարզային լավագույն թատրոններից մեկն է:
Սրտառուչ էր Երևանի Հ.Պարոնյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Ե.Ղազանչյանի խոսքը. «Չեմ կարծում, որ դահլիճում գտնվի մեկը, որ ինձ չափ հուզվի: Կապանը հրաշք քաղաք էր, մարդիկ` բարի: Մենք երիտասարդ էինք, որ ավարտելուց հետո եկանք այստեղ:Մեր նկատմամբ ունեին հատուկ վերաբերմունք, ջերմ ու անկեղծ: Ինքնամոռաց նվիրում կար և թատրոնի, և նորեկներիս նկատմամբ: Վեց տասնամյակ է անցել այդ տարիներից:Իմ և իմ ընտանիքի աշխատանքային գործունեության առաջին շրջանը կապված է այս հրաշալի քաղաքի հետե:
Ավարտին, գեղարվեստական ղեկավար Կ.Արզումանյանը շնորհակալություն հայտնեց բոլորին և հույս հայտնեց, որ հետայսու կաշխատեն ավելի ոգևորված և լավատեսորեն, քանզի թատրոնն ունի կարող ուժեր և հրաշալի երիտասարդություն, որոնք ներկայում սովորում են Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին կից Կապանի մասնաճյուղում /կուրսի ղեկավար ՀՀ ժող. արտիստ, պրոֆեսոր Հ. Գասպարյան/:

Յաշա ՉԱԽՈՅԱՆ