Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում


Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա ԵրևանումՀայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 1-4-ը Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում. ներկայացումները կցուցադրվեն Պատանի հանդիսատեսի թատրոնում: Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց Պ. Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը:
«Այս տարի լրանում է մեր թատրոնի 160-ամյակը. մեզ համար հոբելյանական տարի է: Ցավոք սրտի, արդեն հինգերորդ տարին է, որ թատրոնն իր շենքում չի գործում: Բայց ներկայացումներ թատրոնի տարածքում պատրաստում ենք: Հանդիսատես ընդունել չենք կարող, որովհետև, ինչպես գիտեք, շենքը վթարային է»,- նշեց Ա. Բայանդուրյանը՝ հավելելով, որ գումարն արդեն հատկացված շենքի վերանորոգման համար, և հոկտեմբերի կեսերից կսկսվեն աշխատանքները: 
Խոսելով թատրոնի գործունեության մասին՝ Ա. Բայանդուրյանն ասաց. «Թատրոնը շարունակ հյուրախաղերի է մեկնում: Այս տարի էլ կշարունակենք գործունեությունը. կան հրավերներ: Գիտեք, երբ դերասանն իր բեմում չի խաղում` նույնն է, թե մարդն անտուն է, իսկ դա դժվար բան է»: 
Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա ԵրևանումԹատրոնի գեղարվեստական ղեկավարն ընդգծեց, որ Երևանում գտնվում են Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ. «Երևանում մենք երեք ներկայացում կխաղանք՝ «Անձրև վաճառողը» /Ն. Ռիչարդ Նեշ/, «Անմեղսունակների պարը» /Գուրգեն Խանջյան/, «Սովորական պատմություն» /Մարիա Լադո: Ներկայացումներում զբաղված են թատրոնի երիտասարդ ուժերը: Թատրոնն այսօր հպարտանալու տեղ ունի, քանի որ համալրված է երիտասարդ դերասաններով: Եվ թատրոնի հաջողությունը կայանում է նաև նրանում, որ այդ բոլոր երիտասարդ դերասաններն ունեն թատերական կրթություն, իսկ դա շատ կարևոր է»:
Զրուցակցի փոխանցմամբ՝ Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնն ակտիվ մասնակցում է միջազգային թատերական փառատոների. Հյուրախաղերով մեկնել է Ֆրանսիա, Ռուսաստան, Թեհրան: «Հյուրախաղերով եղել ենք նաև Վրաստանի գրեթե բոլոր հայաշատ վայրերում, որտեղ կան համապատասխան պայմաններ: Թեպետ, կան տեղեր, որտեղ անգամ ակումբ չկա. ստիպված ենք լինում խաղալ դպրոցի դահլիճում կամ բացօթյա տարածքում»:
Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա ԵրևանումԱ. Բայանդուրյանը խոսեց նաև խաղացանկի մասին. «Այսօր խաղացանկում ունենք մոտ 35 ներկայացում: Հինգ տարվա ընթացքում, պետք է նշեմ, որ հանձնել ենք 4 նոր ներկայացում: Ցավոք, ոչ բոլորն են կարողացել դիտել այս ներկայացումները, քանի որ մենք հնարավորություն չունենք քաղաքում ցուցադրելու: Հիմնականում մենք խաղում ենք Ռուսթավելու, Մարջանիշվիլու թատրոններում, ինչը, անշուշտ, համապատասխան հնարավորություններ և միջոցներ է պահանջում, թեպետ թատրոնների գեղարվեստական ղեկավարները ամեն ինչ անում են, որ ծախսերը մատչելի լինեն»: 
Զրուցակիցը հպարտությամբ նշեց, որ թատրոնին կից գործում է թատերական ստուդիա, որտեղ ցանկացած երեխա, ով ուզում է ուսանել՝ առանց խտրականության ընդունում ենք: Ստուդիան ավարտելուց հետո, եթե ունեն դերասանական ունակություններ մնում են թատրոնում, իսկ եթե ոչ՝ թատրոնի լավ բարեկամների շարքն են համալրում:
Ունենք երիտասարդ ռեժիսորներ, թատրոնի դերասանական կազմը բաղկացած 40 հոգուց: Կարծես, ամեն ինչ իր բնականոն հունով է ընթանում: Այստեղ բեմադրություններ են անում նաև հրավիրված առաջատար բեմադրիչներ, ինչպիսիք են՝ Հակոբ Ղազանչյանը, Վահե Շահվերդյանը և այլք»: