ԱՄՓՈՓՎԵՑ «ԹԱՏԵՐԱԿԱՆ ԼՈՌԻ» 23-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ

ԱՄՓՈՓՎԵՑ «ԹԱՏԵՐԱԿԱՆ ԼՈՌԻ» 23-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ

 

Տասնյակ հարյուրավոր մասնակիցների բազմաձայն գնահատականով՝ իր հոգևոր ներուժով 37-ամյա «Թատերական Լոռին» ամենևին չի զիջում աշխարհի հեղինակավոր որևէ փառատոնի: Հիշեցնենք, որ ՀՀ ժողովրդական արտիստուհի Գալյա Նովենցին նվիրված 21-րդ «Թատերական Լոռու» արդյունքներով՝ Գյումրիից հետո Ալավերդին ճանաչվեց «Տարվա լավագույն ՀՀ մշակութային համայնք»: Գեղարվեստական նշաձողի բարձրացմանը, մարզային ընդգրկման ընդլայնմանը զուգընթաց՝ ի հայտ բերած միջազգայնացման միտումն էլ շուտով ամրապնդվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին նվիրված 22-րդ փառատոնում։ Անուրանալի է այս փառատոնի դերն ու նշանակությունը նաև մարզի բնակչությանը մշակութային բարձրարժեք հոգևոր սնունդով պարբերաբար գոտեպնդելու և պատմահնագիտական անկրկնելի գանձերով հարուստ երկրամասի հանդեպ զբոսաշրջային հետաքրքրություն բորբոքելու տեսակետից: Հայաստանի երրորդ հանրապետության հռչակման 25-ամյա հոբելյանին նվիրված 23-րդ «Թատերական Լոռու» խաղացանկն արդեն ձևավորված էր 6 երկրների տարաժանր «թատերադաշինքով»։ Հայաստանի, Վրաստանի, Ճապոնիայի, Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Օսեթիայի 14 թատերախմբեր 10 օր անընդմեջ 3 տասնյակ ուշագրավ ներկայացումներով հոկտեմբերի 4-ից 14-ը հանդես եկան ՀՀ Լոռու մարզի 5 քաղաքներում՝ Ալավերդիում, Վանաձորում, Ստեփանավանում, Սպիտակում և սահմանամերձ Նոյեմբերյանում։

 

Ընդգրկուն հայացք «Թատերական Լոռու» 23-րդ ազդագրին


Ներկայացուցչական հանդիսասրահում «Ռուսական թատրոնի օրեր» միջանկյալ ծրագրի հին ու նոր հուսալի գործընկերներն են՝ ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կալինկինը, Գյումրիում ՌԴ Գլխավոր հյուպատոս Եվգենի Կոնիշևը, Ռուսաստանի գիտության և մշակույթի Երևանի կենտրոնի պատասխանատու աշխատակիցներ, ՀՀ Լոռու մարզի ու Ալավերդու ներկա ճակատագիրը տնօրինող պաշտոնատար անձինք։ Նրանց ողջերթի մաղթանքների համար «փառատոնի տանտերը»՝ Ալավերդու քաղաքային թատրոնը, ապահովել էր մեր նորանկախ հայրենիքի քառորդդարյա հոբելյանին հարիր բեմական միջավայր։ Մեկնարկային հուզմունքը բեմից հորդում էր մշակույթի տան լեփլեցուն դահլիճ։

-Ինքս 2 միջազգային թատերական փառատոն եմ հիմնադրել,- ողջույնի խոսքում անկեղծացավ ՀԹԳՄ նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ,- և բարձր եմ գնահատում մոտ 40 տարվա պատմություն ունեցող «Թատերական Լոռու» բոլորովին վերջերս ի հայտ բերած զարգացման միտումները։ Նորացված բովանդակությամբ, հարակից ծրագրերով է այս փառատոնն ամեն անգամ ներկայանում մարզային հանդիսատեսին։ Կենդանի հաղորդակցությամբ Երևանից 170 կմ հեռու ապրող արվեստասեր հանրությանն իրազեկում է արդի բեմարվեստի բնութագրական դրսևորումներին, խորացնում, ճշգրտում ու թարմացնում տպավորությունները։ Իմ խորին համոզմամբ, այսպիսի նախանձելի կենսունակության գրավականը ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի արվեստամեծար մարտավարությունն է, ով դեռևս Ալավերդու քաղաքապետ եղած ժամանակ խելամտորեն անմար պահեց մարդու հոգեկերտվածքն անմիջական ներգործությամբ ազնվացնող թատերարվեստի քուրան։

Փառատոնային խաղացանկի վարագույրը բացվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանի ծննդյան 90 և նրա ստեղծած Կինոդերասանի թատրոնի հիմնարկեքի 35 ամյակներին նվիրված հանդիսույթով։ Կինոպաստառին խոշոր վրձնահպումներով կենդանացավ մեծանուն արվեստագետն իր պարզ ու ջինջ մարդկային համակրելի նկարագրով, մեզ ավանդած մշակութային մնայուն արժեքներով։ Մալյանցիների մի քանի սերնդի համակամ ներուժով բեմական լիավյուն կյանք ստացավ Աղասի Այվազյանի «Ցեղի ֆիզիոլոգիան» բազմամրցանակակիր տրագիկոմեդիան (բեմադրությունը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նարինե Մալյանի)։ Առաջին անգամ ալավերդցի հանդիսատեսին իր ինքնատիպ ձեռագրով ներկայացող Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը այվազյանական խորունկ ու դիտարժան այս թատերախաղով դյուրությամբ հավաստեց մալյանական գեղագիտության անշփոթելի հմայքը։ 1915-ի Մեծ եղեռնը վերապրած հայկական գերդաստանի հումորաշաղախ և կենսահաստատ բեմապատումը չափազանց համահունչ էր փառատոնի գլխավոր ասելիքին։ Նույն օրը Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային պետական թատրոնի «Ոսկե ճուտիկ» գունագեղ և իմաստուն հեքիաթին մանկական աշխույժ խինդով հաղորդակցվեցին նոյեմբերյանցի փոքրիկները։ Հաջորդիվ Վլադիմիր Օրլովի սիրառատ «Ոսկե ճուտիկին» հյուրընկալեցին ալավերդցի երեխաները։ Նոյեմբերյանից ու Ալավերդուց հետո վառվեցին թատերական ջահերը փառատոնային մյուս հանգրվաններում։ Կրկնակի հոբելյար «մալյանցիներին» Ստեփանավանում դիմավորեցին փողային նվագախմբով՝ ավանդական մեղր ու հացով ուղեկցելով Անդրանիկ Մարգարյանի անվան մշակույթի տուն (տնօրեն՝ Անուշ Ղարաքեշիշյան)։ Ճեմասրահում, նորաբաց գեղանկարչական ծաղկազարդ ցուցահանդեսի տիրույթում, առաջին անգամ Լոռու մարզում հանդես եկող թատերախմբին սրտառուչ կատարումներով հյուրընկալեց նորաստեղծ լարային քառյակը։ Նրանք, ովքեր հասցրեցին շրջել քանդակագործ-նկարիչ Սահակ Սահակյանի նորաբաց թանգարանում, ինքնակամ խորասուզվեցին տաղանդավոր ստեփանավանցու հարյուրից ավելի կավածեփ քանդակների ու հայահենք նկարների շենշող թատերայնության հեքիաթային մթնոլորտում, զմայլվեցին հանրածանոթ գրական հերոսների գրոտեսկային բնութագրական կերպավորումներով: Իրենց մասնագիտական տոնի առթիվ հրաշալի նվեր ստացան քաղաքի ուսուցիչները՝ մալյանական կենսախինդ թատերայնությամբ բեմավորված Աղասի Այվազյանի 5 պատմվածքների օրգանական շաղախով, Նարինե Մալյանի տաղանդավոր ռեժիսուրայով և դերասանախմբի կատարողական համախոհությամբ միս ու արյուն ստացած «Ցեղի ֆիզիոլոգիան»։ Նրանք, ովքեր մինչ այդ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանին ճանաչում էին միայն որպես հայկական կինոն համաշխարհային էկրան բարձրացրած 90-ամյա կինոռեժիսոր, բացահայտեցին նրա թատերաշինության անշփոթելի գրավչությունը 35 տարի առաջ հիմնադրած թատրոնի մեն մի ներկայացմամբ։ Միևնույն ժամին մանուկներին անչափ հարազատացած երևանյան տիկնիկային թատրոնի «Ոսկե ճուտիկի» լուսավոր հեքիաթով գոտեպնդված ալավերդցի հանդիսատեսը ուշի ուշով վերծանում էր արտերկրից ժամանած առաջին հյուրի՝ ճապոնուհի Շոկո Իտոյի «Սամուրայ տատիկ -2» մենախաղը, որի մնջախաղային գրավչությանը հաջորդիվ հաղորդակցվեցին Վանաձորում։

Ասես ինքնաբուխ կայծկլտաց տոնական տրամադրությունը խաղացանկային թափանիվի պտույտի արագացմանը համընթաց: Ալավերդու և Սպիտակի մանուկները ոչ մի կերպ չէին համակերպվում Երևանի քաղաքապետարանի պատանի հանդիսատեսի թատրոնի մանկական-երաժշտական «Ճպուռիկի արկածների» (բեմադրությունը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանի) կենսախինդ խաղարկման ավարտվելու փաստին և մեծերի հետ հայտնվում էին երեկոյան ներկայացումների դահլիճներում՝ զարմանալի լրջությամբ դիտելով ոչ մանկական թատերախաղերը։ Շատ երկար, 2 երկար ու ձիգ տարիներ էին սպասել «Թատերական Լոռու» 23-րդ մեկնարկին։ Ոչ մի գնով չէին կամենում բաց թողնել թատերական հրավառության ապրեցնող լուսարձակումներից որևէ մեկը թե մանուկները, թե մեծերը։

Փառատոնային երրորդ հոբելյարը Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գլխավոր ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանն էր։ Բնիկ ալավերդցին, ով հայտնություն էր ներկաներից շատերի համար, իր ծննդյան 70-րդ տարեդարձը նշում էր մի թատրոնում, որի տարեգրության մեջ մնայուն հետագիծ էին թողել նրա շնորհաշատ ծնողները՝ դերասանուհի մայրը և դերասան-բեմադրիչ-տնօրեն հայրը։ Համաքաղաքացիներին հպարտություն ներշնչեց նաև տաղանդավոր որդին, երբ, ի նշանավորումն իրենց Ուսուցչի հոբելյանի, Համազգայինի սիրված դերասանները հարաճուն խանդավառությամբ ներկայացրեցին Կլոդ Մանյեի «Բլեզի» նրա կենսաթրթիռ, սիրահենք մեկնաբանությունը։ Որոտընդոստ ծափերով ու ալ վարդերով ողողվեց Համազգայինի փառատոնային երրորդ բեմելը։ Ասենք, փոխըմբռնման ու ջերմագին ընդունելության պակաս չզգաց Պղնձե քաղաքի հինավուրց թատերատոնի 23-րդ արարին մասնակցող ոչ մի թատերախումբ։ Այս մասին չզլացան խոստովանել նույնիսկ Թեհրանի «Կրեատիվ» թատերախմբի երիտասարդ արտիստները, ովքեր թերահավատորեն էին ընդունել Հայաստանի հեռավոր մարզում լայնամասշտաբ փառատոնի արժանավորությունը, չնայած ներկայացել էին 2 բեմադրությամբ։ Դասական հանրածանոթ երկերի՝ Շեքսպիրի «Օթելլոյի» և Ֆեդերիկո Գարսիա Լորկայի «Մամա Յերմայի» մոտիվներով Ֆարզին Նոբարանիի բեմադրած թատերախաղերի համարձակ փորձարարությամբ տարված մարզային հանդիսատեսը գրեթե անվրեպ վերծանեց իրանցիների բեմական նորաոճ դրսևորումների համապատկերում թաքուստված նրբիմաստները։ Առավելապես տպավորվեց Լորկայի ռեժիսորական հնարքներով՝ փորձելով ազատագրվել ընկալումը դյուրացնելու կոչված ենթագրային խճողումներից։ Կամա-ակամա զուգահեռներ անցկացնելով ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի 70-ամյակը նշանավորող պարային-պլաստիկ լուծումներով կերպավորված նրա նորաստեղծ «Արյունոտ հարսանիքի» և «Կրեատիվի» «Մամա Յերմայի» լորկայական ողբերգաշունչ մեկնաբանությունների միջև՝ անգերազանցելի գտավ անվանի հայ բեմադրիչի նրբահյուս թատերակտավը։ ՀՀ ժողովրդական արտիստ և ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Ալեքսանդր Գրիգորյանի ծննդյան 80-րդ տարեդարձին նվիրված վանաձորյան երեկոն խորին խորհուրդ էր պարփակում իրենում։ Դստեր՝ Նորայի «Խնջույք ամառանոցում» բեմադրության ներկայացմամբ երիտասարդ արտիստները, ասես, հավաստիացնում էին հորդառատ գնահատանքից շողացող մեր միակ ռուսական թատրոնի Նահապետին, որ ունակ են շենացնելու կես դարից ավելի նրա փայփայած օջախն իրենց հարաճուն վարպետացմամբ։

Պղնձե քաղաքի թատերատոնի երկրպագուների հավաքական կարծիքով, խաղացանկային դիտարժան բազմերանգությամբ ընդհանուր առմամբ աննախադեպ էր 23-րդ «Թատերական Լոռին»։ Ամենացայտունը, անկասկած, Թբիլիսիի Գրիբոյեդովի անվան ռուսական ակադեմիական թատրոնի խաղարկած «Ռևիզորն» էր։ Բեմադրական հարուստ ավանդներ ունեցող գոգոլյան հանրածանոթ երգիծակտավի Ավթանդիլ Վարսիմաշվիլու ֆանտասմագորիկ մեկնաբանությունը հավասարը չունեցավ փառատոնային խաղացանկում՝ ռեժիսորական գյուտերի առատությամբ, կերպարների ու նրանց փոխհարաբերությունների բազմաշերտ բացահայտումներով, գլխավոր ասելիքի հարակայուն հրատապության հնարամիտ շեշտադրումներով և, որ պակաս կարևոր չէ, դերասանական համախաղի ներդաշնակ զարգացումներով։ Թատերական Անհայտի հետ այս անակնկալ հանդիպումը, կարծում ենք, դեռ երկար դաջված կմնա վանաձորյան թատերասերների մտապատկերում։ Կմնան նաև Վլադիկավկազի Եվգենի Վախթանգովի անվան ռուսական ակադեմիական 145-ամյա թատրոնի կատարողական պատկառելի ներուժի մասին վկայող նորահայտ «Գրյոնհոլմի մեթոդը» և հանրածանոթ «Դռնփակի» էապես տարբերակված բեմակերպարը։ Եվ, ամենայն հավանականությամբ, նրանց հետ գտնված բարեկամությամբ, հաստատուն շարունակություն կգտնեն «Բեմ առանց սահմանների» փառատոնի շրջանակներում և անհատ թատերագործիչների ներգրավմամբ երկուստեք գայթակղիչ ու փոխշահավետ համագործակցության նորածին գաղափարները, որոնցով, անշուշտ, կգուղենա թե մեր, թե նրանց ստեղծագործական ներկան։

Հարկ է խոստովանել, որ մշակութային տևական հանդիսաշարերի կարոտ մարզային հանդիսատեսը գրեթե համարժեք ջերմությամբ էր ողջունում 14 թատերախմբերի 17 տարարվեստ բեմադրությունների 3 տասնյակ ներկայացումները։ Անվրեպ որսում էր բեմից իրեն հղված պատումների գլխավոր ասելիքի նրբերանգները՝ երբեմն հաճելիորեն զարմացնելով ամենափորձառու արվեստագետներին։ Առանց բարդույթավորվելու, ծափերի տարափը դեռևս չմարած, բարեկամանում էր ստեղծագործական բոլոր խմբերի հետ՝ խտրություն չդնելով վաղուց կայացած հանրահայտների ու թատերարվեստում առաջին քայլերն անողների միջև։

- Համոզված եմ, որ ալավերդցիների տրամադրությունն ավելի բարձր է մշակութային առողջ լիցքերով հագեցած փառատոնային այս 10 օրերին, - գոհունակությամբ նշում է ՀՀ Լոռու մարզպետ ԱՐԹՈՒՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ։ - Քանի դեռ կա, ընթացքի մեջ է «Թատերական Լոռին», բնածին թատերամոլությունը հոգևոր-բարոյական նեցուկ կգտնի Լոռվա գրկում... Մարզի հիմնախնդիրները կարգավորելուն զուգահեռ պիտի ջանանք բարձր պահել նաև մեր երկրի սահմաններից դուրս ճանաչելի դարձած նրա թատերական այցեքարտի վարկանիշը։Վստահ եմ, որ նորանոր սերունդներ դեռ պիտի դաստիարակվեն մեր հնագույն փառատոնով։ Նոր ներկայացումներ, նոր հանդիսատես, նոր սերունդ...


«Մշակույթի զարգացման իրական ակունքներըմարզերում են»


Ամենևին պատահական չէր, որ ՀՀ մշակույթի նախարար ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆԸ մարզային իր շրջայցի ուղեծրում ներառել էր նաև Ալավերդին։ Մշակույթի ոլորտի առողջացման ու զարգացման նոր ուղիների փնտրտուքի անթաքույց նպատակասլացությամբ նորանշանակ նախարարը «ԷՅ ՍԻ ՓԻ» ընկերության գրասենյակում սրտաբաց զրույց ծավալեց Ալավերդու մտավորականների, մշակութային գործիչների հետ։ Հանդիպման գլխավոր թեման «Թատերական Լոռի» փառատոնն էր։ Թատերական հինավուրց մի տոնախմբություն, որն անկախական տարուբերումների կազմալուծող մարտահրավերներին 2006-ից դիմակայեց շնորհիվ «Վալլեքս» ընկերությունների խմբի (նախագահ՝ Վալերի Մեջլումյան) կայացնող աջակցության։ Շրջադարձային 2008 թվականից սկսած, երբ հայտնվեց Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության մշտական ուշադրության կենտրոնում, մինչ այժմ ստանում է թե նյութական, թե բարոյահոգեբանական պետական հուսալի աջակցություն: Հետագա զարգացման խոչուխութերն, այդուհանդերձ, քիչ չեն...

Համբերատար իրազեկվելով հիմնական խնդիրներին՝ դահլիճների և դրանց տեխնիկական հագեցվածություն, հայթայթված և տրամադրված միջոցների անբավարարություն, նախարարը առանձնակի կարևորեց հանձին «Վալլեքս» խմբի ընկերությունների մեկենասական խոշոր ներդրումները մշակույթի ոլորտում և պետական հետագա աջակցության պատրաստակամություն հայտնեց ոչ միայն փառատոնի կազմակերպման ու անցկացման, այլև հանրահռչակման գործում։ Հորդորեց համայնքների ներկայացուցիչներին նորարարական գաղափարների վրա խարսխված կառուցողական ուշագրավ նախագծեր ներկայացնել ի նպաստ մարզի մշակույթի համաչափ զարգացման։ Հավաստիացրեց, որ դրանք լայնորեն կքննարկվեն հեղինակների հետ, կլրամշակվեն ու կյանքի կկոչվեն։

-Իմ կարծիքով, մշակույթի զարգացման իրական ակունքները հենց մարզերում են, պետք է մշակույթի առողջացման նոր ծրագրեր մշակել,- եզրափակում է զրույցը Արմեն Ամիրյանը, ով ծրագրել էր կայանել նաև Օձուն համայնքում, որտեղ ավարտին էր մոտենում «Հայկական ներկապնակ» բացօթյա գեղանկարչական միջազգային փառատոնը։ - Այս պահի դրությամբ դեռ հստակված չեն ամենաարդյունավետ կոնկրետ ուղղությունները, բայց ընդհանուր ծրագրերը, որոնք պիտի գործեն՝ ֆիլմարտադրություն, թատերարվեստ, գրադարաններ, գրախանութներ, ներգրավված են մարզի, քաղաքի համաժամանակյա զարգացման ծրագրում։

Թատերական տոնի 10-օրյա վայելքը հատկապես ալավերդցիներին էր խանդավառել, քանի որ, ըստ կանոնակարգի, փառատոնային բոլոր ներկայացումներն անպայման պիտի ցուցադրվեին «Թատերական Լոռու» հնամենի բնօրրանում։ Ափսոս, որ այդ խանդավառությունը նկատելիորեն մարմրեց մեկուկես տասնյակ մրցանակակիրների զգալի մասի բացակայությամբ տրտմած, հրավառության օրինաչափ պոռթկում ակնկալող վերջնահանդեսում։ Արտերկրի հյուրերին մեկնելուց առաջ փառատոնի տնօրենի կողմից բարեկրթորեն հանձնվել էին մասնակցությունն ամրագրող հատուկ մրցանակներն ու խորդանշական արձանիկները։ Հեռավոր մայրաքաղաքից ժամանած թատերախմբերի մի մասն էլ դժվարացել էր ներկայանալ՝ նախորդ երեկոյան միայն փառատոնային հանձնախմբի հաղթական որոշումներին տեղեկացած լինելով։ Ֆինանսական դժվարությունների պատճառով այս տարի կիսով չափ սահմանափակվել էր ոչ միայն փառատոնի մասնակիցների կազմը, այլև նրանց տևականորեն հյուրընկալելու հնարավորությունը։ Այդուհանդերձ...

-Ինձ թվում է, որ փառատոնը կայացավ,- հանրագումարում է Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը, ով ամենից ավելի հիացավ «մալյանցիների» մանրամշակ ու վառվռուն թատերային «Ցեղի ֆիզիոլոգիա»-ով,- և հատուկ շնորհակալություն եմ հայտնում տնօրեն Հրաչյա Պապինյանին, բոլոր մասնակիցներին ու աջակիցներին։ Ամեն հաջորդ փառատոնին հանդիսատեսը ավելի բարդ պահանջներ է ներկայացնում կազմակերպիչներին։ Դատելով հանդիսասրահների ջերմ ընդունելությունից՝ ալավերդցիները գոհ մնացին 23-րդ «Թատերական Լոռու» բովանդակությունից։ Հոկտեմբերի վերջին Ալավերդիում կանցկացվի Ռոք-փառատոն, առայժմ 1-օրյա, 10 խմբերի մասնակցությամբ։ Այդպիսով փոքր-ինչ կպահպանվի փառատոնային աշխույժ ռիթմը, գոնե անմիջապես չի մարի...

Վահե Շահվերդյանի թեթև ձեռքով ու բարեմաղթանքներով զրնգաց փառատոնի ավարտն ազդարարող ավանդական զանգը, որի ղողանջների լավատեսություն ներշնչող արձագանքները, հուսանք, անհամեմատ ուժգնացած կլինեն 2018-ին։

 

 

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ