ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

 
Երևանի Շեքսպիրյան 12-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակներում ս.թ. հոկտեմբերի 21-ին և 22-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում (Փոքր դահլիճ) կայացավ միջազգային թատերական նախագծի պրեմիերա` Հակոբ Ղազանչյանի ռեժիսուրայով, որի նպատակն էր համատեղ ներկայացման միջոցով միավորել տարբեր ժողովուրդների մշակույթները` Հայաստան – Ալժիր – Ռումինիա – Նիգերիա – Բրազիլիա – Մոնղոլիա. բեմադրվել է թատերական ֆանտազիա Վ. Շեքսպիրի «Փոթորիկ» պիեսի մոտիվներով:  
«Այս նախագիծն իրականացվեց շատ կարճ ժամանակահատվածում: Պետք է ասեմ, որ  մասնակիցները հրաշալի մարդիկ են, հրաշալի ընկերներ, և ես հույս ունեմ, որ ծրագիրը շարունակություն կունենա: Հատուկ շնորհակալություն կոմպոզիտոր Վարդան Աճեմյանին (ներկայացման մեջ հնչում է Վ. Աճեմյանի 4-րդ սիմֆոնիան՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ. դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) և պարուսույց Արինա Արարատյանին հրաշալի աշխատանքի համար», - առաջնախաղից հետո նշեց ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ:  
Պարուսույց ԱՐԻՆԱ ԱՐԱՐԱՏՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ հաճույքով է աշխատել «ՊՐՈՍՊԵՐՈ» նախագծի դերասանների հետ. «Նրանք շատ ուշադիր էին և աշխատասեր: Դերասանները հաճույքով էին անում այն, ինչ նրանց ցույց էի տալիս, և մենք ընկերացանք»: Դերասանուհի ՄԱՐԻՆԱ ԿՈԶԵԿԱՆ (Ռումինիա) նշեց, որ հիանալի ներկայացում է ստացվել.  «Պետք է ասեմ, որ շատ կարճ ժամանակում է բեմադրվել այս ներկայացումը, և արդյունքն հիասքանչ է: Հպարտ եմ, որ այս ամենի մի մասն եմ կազմում: Հետաքրքիր էր աշխատել բազմալեզու միջավայրում»: Դերասան, երգիչ և պարող ՉԱՐԼԶ ԷԹՈՒԲԻԵԲԻՆ (Նիգերիա) խոստովանեց. «Հրաշալի երկիր է Հայաստանը: Այստեղ հրաշալի մարդիկ են ապրում: Եվ ես մեծ հաճույքով էի աշխատում այս նախագծում: Նմանատիպ նախագծերը հարստացնում են դերասանի մտահորիզոնը»: Դերասան ԵՐԴԵՆԲԱՅԱՌ ԲԱՅԱՌԸ (Մոնղոլիա) չթաքցրեց, որ աշխատանքային գործընթացն իր համար հաճելի է եղել. «Այստեղ հանդիպել եմ շատ մարդկանց, ում հետ շփվելն արդեն իսկ մեծ հաճույք էր: Աշխարհում ամեն օր, ամեն րոպե, ամեն վայրկյան կանայք, երեխաներ, տղամարդիկ մահանում են՝ կյանքի բերմամբ, և մենք կարիք ունենք միավորվելու...»: Պարուհի ՍԻԲԵԼԵ ՄԱՅԱՆ (Բրազիլիա) նշեց. «Շատ հաճելի էր աշխատել այս նախագծում: Հետաքրքիր էր շփումը տարբեր ազգի ներկայացուցիչների հետ. նրանց հետ բեմ դուրս գալը գերագույն հաճույք էր»: Դերասան ԱԲԴԵՍՍԱՄԱԴ ՍԱԴՈՈԿԻՆ (ԱԼԺԻՐ) փաստեց, որ այս ներկայացումը, կարծես, երկխոսություն լինի. այն համամարդկային խնդիր է բարձրացնում և տալիս լուծումը. «Ոգևորված եմ, որ բախտ վիճակվեց գալ Հայաստան ու բեմը կիսել տարբեր ազգի ներկայացուցիչների հետ: Հպարտ եմ, որ այս նախագծի միակ արաբ մասնակիցն եմ: Դա շատ կարևոր և պարտավորեցնող փաստ է»: Դերասան ԲՈՐԻՍ ՊԵՊԱՆՅԱՆԸ (Հայաստան) ընդգծեց. «Ուրախ էի շատ աշխատել, շփվել տարբեր երկրների արվեստը ներկայացնող մարդկանց հետ: Նմանատիպ նախագծի առաջին անգամ եմ մասնակցում, և այն ինձ շատ դուր եկավ»: Դերասանուհի ԱՆՆԱ ՏԱՐԱԽՉՅԱՆԸ (Հայաստան) անկեղծացավ. «Այս նախագծում շատ պատահական հայտնվեցի: Սկզբում, պարզապես, օգնում էի գեղարվեստական ղեկավարին`կատարելով այս կամ այն հանձնարարությունները: Իսկ երբ նա հրավիրեց մասնակցել նախագծին՝ որպես դերակատար, շատ ուրախացա, քանի որ ինձ հետաքրքիր էր շփվել տարբեր երկրներից ժամանած դերասանների, մասնագետների հետ ու փորձել ինչ-որ նոր բան սովորել»: