ԵԹԿՊԻ-ի պրոֆեսորը վերադարձել է Չինաստանից

ԵԹԿՊԻ-ի պրոֆեսորը վերադարձել է ՉինաստանիցՀայաստանի թատերական գործիչների միության գործուղմամբ` ս.թ. հունիսի 18-22-ը ԵԹԿՊԻ-ի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Նարինե Սարգսյանը Չինաստանի Ինչուան քաղաքում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի Թատրոնի միջազգային ինստիտուտի Ավանդական խաղարկային արվեստների ֆորումի 1-ին հանդիպմանը և ընտրվել է Ավանդական խաղարկային արվեստների ֆորումի գործադիր մարմնի անդամ` 2017-2020թթ. ժամանակաշրջանում: Ն. Սարգսյանը հանդիպման շրջանակներում մասնակցել է թեմատիկ քննարկումներին, հանդես է եկել զեկուցումով` այսօրվա մշակութային կյանքում հայ ավանդական խաղարկային արվեստների դերակատարման, այն պահպանելու նկատառումներով իրականացվող գործընթացների մասին, ցուցադրել է համապատասխան տեսանյութ: Հանդիպման օրերին մասնակիցներն այցելել են Ինչուանի Արվեստների քոլեջ, սովորողների կատարմամբ դիտել են համերգային ծրագիր, Մեծ թատրոնում ներկա են եղել չինական օպերային երկու ներկայացման պրեմիերայի: Ինչուան քաղաքի շրջանային հեռուստաալիքը Ն. Սարգսյանից վերցրել է նաև հարցազրույց` չինական օպերային ներկայացումներից ստացած տպավորության մասին:

Այս առիթով սրտանց շնորհավորում ենք Ն. Սարգսյանին և մաղթում ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ, ամենայն բարիք: