ԴԱՍԱԿԱՆ «ԱՊՏԱԿ» ՀԱՅ ԲԵՄԱԴՐԻՉԻՑ

ԴԱՍԱԿԱՆ «ԱՊՏԱԿ» ՀԱՅ ԲԵՄԱԴՐԻՉԻՑ

 

Պարոնյանական թատրոնի խաղացանկում նոր ներկայացում կա: Ժամանակակից համարձակ լուծումներով ռուս դասականի «Ռևիզոր»-ն է: Քաղաքագլուխը, Խլեստակովը, քաղաքի պատվավոր անձիք, քաղաքապետի սելֆիամոլ դուստրը, պճնված տիկինը… Ովքե՞ր են այս մարդիկ` գավառական մտածողությամբ, եկեղեցու կառուցման գումարները մսխած ու թղթախաղի միջավայրում հայտնված անձիք: Ի՞նչ են անում նրանք` վախենու´մ են, քծնու´մ են, սողու´մ են, դավաճանու´մ են, կաշառու´մ են, դավու´մ են: Եվ այսպես` ու՞ր են գնում նրանք…

Բեմական միջավայրը, որտեղ զարգանում են այս կատակերգության իրադարձությունները մոլի թղթախաղերի սրահներ է հիշեցնում: Բեմադրիչը /բեմադրությունը և նկարչական ձևավորումը` Հակոբ Ղազանչյանի/ բեմի կենտրոնում վեր խոյացնելով խորանարդե խաղաքարերի պատկերը ընդգծում է հերոսների արժանիքներից զուրկ, տանուլ տալու կամ հաղթելու կոչված, թեթևամիտ ու դիմակավոր էությունը:
Հ. Ղազանչյանը իրեն բնորոշ հումորով է զարգացնում քաղաքապետի ու ռևիզորի տեսարանները: Տեսնել է պետք, թե նրանք ինչպես են ահը սրտներում մեկը մյուսից առաջ ընկնելով արտաբերում. «ես մեղավոր չեմ» արտահայտությունը: Քաղաքապետը, ում դերասան Ավո Խալաթյանը ներկայացնում է չափազանց էլեգանտ, փոքր-ինչ խորամանկ, այս չափված-ձևված կերպարին բնորոշ նիստուկացով ռևիզորի ժամանման լուրից ամբողջովին ջարդուփշուր է լինում, հունից դուրս գալիս ու հանդիսատեսը նրան տեսնում է հավասարակշռությունը կորցրած, ահաբեկված ու գոռալիս: Դերասանը քնարական երանգներով է կերպավորում այն տեսարանը, որտեղ քաղաքապետը վիրավորված ինքնասիրությամբ հայտարարում է, որ իր նման անգերազանցելի խարդախներին խաբողը այսօր ինքն է խաբված: Նրա հայացքը ուղղված է հեռուն, աչքերը թախծոտ են, բառերը դժվարությամբ են դուրս ծորում, հուսահատությունը թևաթափ է արել իրեն:
Երիտասարդ դերասան Հարութ Մելիք-Բեկյանի կերպարը օրգանական է, նա իր ճերմակ կոստյումով, արտաքին տվյալներով համեմատականի մեջ է մտնում սև կոստյումներով պարոնների հետ: Բնավ էլ պատահական չէ, որ կերպարը առանձնանում է նրանցից: Նկատելի է, որ ռեժիսորը համակրում է իր այս հերոսին: Խլեստակովը մեղավոր չէ, որ հայտնվել է հիմարների միջավայրում և քիչ-քիչ նրացից սովորում է օգուտ քաղել: Դերասանին հաջողվում է իր կերպարի զարգացումը ցույց տալ: Եթե առաջին տեսարաններում նա վախից պատսպարվողի դիրքում է, ապա երկրոդ գործողության մեջ նա լիովին դառնում է դրության տեր ու տիրանում ինչին կարող է: Նկատելի է, որ պարարտ միջավայր գտնելով մայրաքաղաքցի քաղցած ստամոքսով այս երիտասարդը պատրաստ է դառնալ հերթական քաղաքապետը և նույնիսկ` գերազանցել նրան: Դերասանը կերպարը գունեղացնում է` հասունացնելով նրան որպես ճարպիկ, խորամանկ: Երբեմն մենք Խլեստակովին տեսնում ենք մողեսանման հատակին սողալիս, կամ փողերը ժողովելիս, որը ամբողջացնում է դեմքի արտահայտությամբ, հետզհետե տիրական դարձող կեցվածքով:
Գավառաբնակ մյուս պարոններին /Բորիս Պեպանյան, Արթուր Կարապետյան, Աշոտ Հակոբյան, Արթուր Գեղամյան, Վարդան Կուղիանոսյան/ ռեժիսորը որոշ տեսարաններում դիմազրկում է և ներկայացնում որպես մեկ հավաքական կերպար: Այդ տեսարաններից է Խլեստակովի հետ ծանոթությունը, որտեղ նրանք մի մարդու նման վախենալ են սկսում միևնույն շարժումներով, ահաբեկված շրջվում են ազդված ռևիզորի ունքի շարժումից կամ դժկամ խոսքերից, նույն համաչափությամբ քայլում դեպ նա, նույն բառն արտաբերում միաժամանակ և այլն:
Բեմադրիչը հանդիսատեսին հարմար առիթի դեպքում նրբորեն ի ցույց է դնում այս պարոններից յուրաքանչյուրի մեջ նստած կենդանու բնազդը և ընդգծում, որ բավական է դիպչես գրպանին ու նրանցից յուրաքանչյուրը մի գազան դարձած կհարձակվի:
Գունեղ տեսարան է Մարիամ Ղազանչյան-Մարյայի և Խլեստակովի հանդիպման տեսարանը, որտեղ երիտասարդ դերասանուհին իր հերոսուհուն ներկայացնում է մազափունջը պտտելով, մաստակ ծամելով, շքեղ զգեստով, հեռախոսից անբաժան, համարձակ, անվախ ու գավառական ինչ-ինչ ընդգծումներով, վարվեցողության որոշ նրբությունների անհաղորդ:
Պատահական չէ, որ գլխավոր խորհրդակցությունները և ժողովները քաղաքագլուխը իրականացնում է բեմեզրին գտնվող վիսկիով ու խաղաթղթերով ծանրաբեռնված սեղանի շուրջ: Սա ապացույցն է դառնում, թե ինչպիսի միջավայրում են ընդունվում պետական որոշումները:
Ներկայացման մեջ կենդանի կատարումները, պարային համարները համեմում են բեմադրությունը և ասես հրավիրում բեմ` այնտեղ շարունակելու այս ինքնատիպ դիմակահանդեսը:
Անսպառ հումոր են առաջացնում վարդը ձեռքերի մեջ, դստեր ամուսնության առիթով քաղաքապետին շնորհավորելու եկող, մաղթանքների տեքստին անտեղյակ, կամազուրկ հպատակությամբ պարոնների մուտքերը: Քաղաքապետը երանելի վիճակում է և հանկարծ` գույժ: Փոստատարը սառը անտարբերությամբ հայտարարում է, որ իրենք խաբված են: Բեմադրիչի ընդհանուր մտածողության համաձայն ներկաներից ամեն մեկը լուրից խոցված է յուրովի:
Այս ամենը, ի վերջո, իր հանգուցալուծումն է գտնում թղթախաղի տեսարանում, որտեղ հերոսները ծիծաղում են ռևիզորի կողմից իրենց կնքած մականունները վանկարկելով: Ահա այս տեսարանում է, որ բեմադրիչը ահազանգում է մոտալուտ կործանում: Այս տեսարանում զգուշացնում, որ գահավիժումը սկսված է ու կանգ առնելու ժամանակը եկել է: Այդ է պատճառը, որ Ղազանչյան-ռեժիսորը Խլեստակովին հայ բեմի կենտրոն բերելով նրա շուրթերով հնչեցնում է մեծ գրողի «Հայաստան ասելիս» բանաստեղծական տողերը: Այս խոսքերը, թվում է, «ապտակում» են, «ապտակում» նորից ու նորից, ստիպում հիշել արմատներդ, ազնիվ ապրել, սիրել հայրենիքդ, արժանի լինել Հայաստանիդ: Այս խոսքերը, թվում է, եկեղեցու զանգերի նման ղողանջում են, ընդգրկում հեռուները:
 
Ռուզաննա Առաքելյան
թատերագետ