Ամփոփվել են ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի Երիտասարդական թատերական 3-րդ ֆորումի արդյունքները

Ամփոփվել են ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի Երիտասարդական թատերական 3-րդ ֆորումի արդյունքները

 

Մայիսի 15-21-ը Երևանում անցկացվող ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի Երիտասարդական թատերական 3-րդ ֆորումը հատեց եզրագիծը: Փակման արարողությունն անցկացվեց Հ. Պարոնյանի անվ. երաժշտական ​​կոմեդիայի պետական ​​թատրոնում. հայտնի են ֆորումի մրցանակակիրները:

«Ոսկե հովանոց» Գրան պրի և I մրցանակը բաժին հասավ «Ես այստեղ եմ» ներկայացմանը, բեմադրիչ`Տաթև Մելքոնյան (Հայաստան): Ներկայացումը իրավունք ստացավ մասնակցելու Մոսկվայի Ա.Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնին, որը կկայանա 2019թ.-ին:

«Արծաթե հովանոց» II և III-րդ մրցանակը կիսեցին «Նատաշայի երազանքը» («Ոսկե դարպաս» թատրոն), բեմադրիչ` Ստաս Ժիրկով (Ուկրաինա) և «Մայրական դաշտ» (Ուզբեկստանի ազգային ակադեմիական դրամատիկական թատրոն), բեմադրիչ`Գաֆուր Մարդանով (Ուզբեկստան) ներկայացումները:

Ժյուրիի հատուկ մրցանակի արժանացան «Մեդեայի համախտանիշ» (Բելառուսական դրամատուրգիայի հանրապետական թատրոն), բեմադրիչ`Եկատերինա Ավերկովա (Բելառուս) և «Լեգենդից հետո ...» (Չույի մարզի Շ. Տերմեչիկովի անվ.սատիրայի թատրոն), բեմադրիչ` Շամիլ Դիյքանբաև (Ղրղզստան) ներկայացումները, ինչպես նաև դերասան Արամ Կարախանյանը`«Ես այստեղ եմ» ներկայացման մեջ փայլուն կատարած դերակատարման համար:

ՀԹԳՄ ոսկե մեդալի արժանացավ «Գարդենիա» ներկայացումը (Մոսկվայի Պուշկինի անվ. դրամատիկական թատրոն), բեմադրիչ`Սեմյոն Սերիզին (Ռուսաստան):

Լավագույն ներկայացում (ըստ երիտասարդ թատերական քննադատների) ճանաչվեց «Կատարինա Բլյումի կորած պատիվը» ներկայացումը (Թբիլիսիի Կ. Մարջանաշվիլիի անվ.ակադեմիական թատրոն), բեմադրիչ`Միխայիլ Չարքվիանի (Վրաստան):

Երևանյան Ֆորումին մասնակցել է 12 երկիր. Հայաստան, Լատվիա, Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղզստան, Վրաստան, Ուկրաինա, Ռուսաստան, Մոլդովա, Բելառուս, Տաջիկստան, Լիտվա:

Ֆորումի կազմակերպիչներն էին Թատերական միությունների միջազգային համադաշնությունը` ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ, Հայաստանի թատերական գործիչների միությունը և ՀՀ մշակույթի նախարարությունը: