ՏԱՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ /2018/

 

ՏԱՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ /2018/

 

 

 

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն, ամփոփելով 2018 թվականն ասաց, որ տարին լի է եղել նշանակալի թատերական իրադարձություններով. փառատոներ, հյուրախաղեր և այցելություններ մարզային թատրոններ:

«Տարվա գլխավոր թատերական իրադարձությունը ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունն էր, որն ավանդաբար անց է կացվում մարտի 27-ին` Թատրոնի միջազգային օրը: Այդ օրը մենք իմի ենք բերում նախորդ տարվա կատարված աշխատանքները»,- նշեց Հ. Ղազանչյանը՝ հավելելով, որ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին:

«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխություն-փառատոնն այս տարի անց է կացվել նաև Գորիսում՝ նախ, Խնձորեսկի պատմական ձորում, ապա Վ. Վաղարշյանի անվ. Թատրոնի շենքում: Հայաստանի թատրոնների մասնակցությամբ տեղի ունեցան թատերական համերգ-երեկոներ:

ՀԹԳՄ նախագահն առանձնացրեց մայիսի 15-21-ը Երևանում կայացած ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի Երիտասարդական թատերական 3-րդ միջազգային ֆորումը: Ֆորումի կազմակերպիչներն էին Թատերական միությունների միջազգային համադաշնությունը` ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ, Հայաստանի թատերական գործիչների միությունը և ՀՀ մշակույթի նախարարությունը:

«Ֆորումի կազմակերպիչների նպատակը ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների (բեմադրիչների, բեմանկարիչների, դրամատուրգների և թատերական քննադատների) միջև ստեղծագործական շփումների ամրապնդումն է, ինչն, անկասկած, խթան է համընդհանուր երիտասարդական թատերական մշակութային հարթակ ստեղծելու, սերտ գործակցելու համար: Ֆորումը հնարավորություն տվեց երիտասարդ թատերական գործիչներին կիսվել իրենց մասնագիտական​​ փորձով, քննարկել ծառացած խնդիրները, որոնց հետ առնչվում են ստեղծագործական ուղին սկսող պրոֆեսիոնալները:

Ուրախալի է նշել, որ ֆորումի շրջանակներում կայացած միջազգային երիտասարդական թատերական փառատոնի լավագույն ներկայացում ճանաչվեց Հ. Թումանյանի անվ. Տիկնիկային թատրոնի «Ես այստեղ եմ» ներկայացումը»:

Միությունը հունիսի 4-ին կազմակերպեց Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի հյուրախաղերը: Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմում ադամյանցիները ներկայացրին «Օրը՝ անձրևոտ...» ներկայացումը՝ Արմեն Բայանդուրյանի բեմադրությամբ։

Խոսելով փառատոների մասին՝ Հ. Ղազանչյանը ներկայացրեց նաև Հայաստանի թատերական գործիչների միության և Աբովյանի համայնքապետարանի ս.թ. հոկտեմբերի 15-23-ը Աբովյանում կայացած Աբովյանի ամենամյա փառատոնը, որի շրջանակում ցուցադրվեց շուրջ 10 ներկայացում` Երևանի, Աբովյանի և Վանաձորի թատրոնների մասնակցությամբ: Փառատոնը նպատակ ունի աշխուժացնելու թատերական կյանքը Կոտայքի մարզում, թատերասեր հանրությանը հաղորդակից դարձնելու թատերարվեստի զարգացումներին, սևեռելու ուշադրությունը դեպի թատրոն: Կարևոր հանգամանք էր Աբովյանի թատրոնի նոր ղեկավարի նշանակումը: Միության երաշխավորությամբ, քաղաքի թատրոնի ղեկավարությունը քաղաքապետ Վահագն Գևորգյանը վստահեց «Էպսիդոն» թատերախմբի ղեկավար Արմեն Սարգսյանին, որը կարճ ժամանակահատվածում հսկայական աշխատանք տարավ հանդիսատեսին ներգրավելու գործում:

Ամփոփելով զրույցը՝ Հ. Ղազանչյանը նշեց, որ հոկտեմբերի 3-ին և 4-ին Հ. Պարոնյանի անվան թատրոնում Հայաստանի թատերական գործիչների միության հրավերով հանդես եկան լեգենդար Չարլի Չապլինի դուստրը` Վիկտորյա Թիերե-Չապլինն ու թոռնուհին` Աուրելիա Թիերե-Չապլինը` «Ղողանջ և պատրանք» ներկայացման համաշխարհային պրեմիերայով:

Թատերական գործիչների միությունը շարունակում է մեծ ուշադրություն դարձնել նորավարտ երիտասարդ բեմադրիչներին: Այդ կապակցությամբ նոյեմբերին կազմակերպվեց Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետի վերջին շրջանավարտների և ավարտական կուրսի ուսանողների լավագույն հատվածների ստուգատես: Հանձնաժողովի կողմից ընտրված աշխատանքները միության աջակցությամբ կդառնան լիարժեք ներկայացումներ: