2020թ․-ին Արցախում կանցկացվի «Թատերական Արցախ» փառատոն

 

2020թ․-ին Արցախում կանցկացվի «Թատերական Արցախ» փառատոն


Դեկտեմբերի 5-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է արցախցի երիտասարդ գրող Հերմինե Ավագյանի «Պատերազմ...աչքեր...ծաղիկներ…» վերնագրով գրքի հիման վրա բեմադրված «Լուսաբացից առաջ» ներկայացման առաջնախաղը՝ Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուզան Խաչատրյանի ռեժիսուրայով։ Պրեմիերան նվիրվել է ՀՀ ժողովրդական արտիստ, երջանկահիշատակ Երվանդ Ղազանչյանի հիշատակին:  

Առաջնախաղին ներկա է եղել Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը։ Իր ելույթում նա մասնավորապես ասել է․

«Մենք պետք է ժամանակ առ ժամանակ վերապրենք մեր հիշողությունները, մտորումները և պատմությունը: Շատ հակասական ժամանակներում կա մի վտանգ, երբ կարող է կտրվել ժամանակների կապը: Եկող սերունդները չպետք է որպես տարեգրություն նայեն այն ամենին՝ ինչով անցել է հայ ժողովուրդը, մասնավորապես՝ հերոսական Արցախը: Կուզենայի, որ ներկայացումը դիտեին նաև այն երիտասարդները, ովքեր զինվորական ծառայության մեջ են: 1 ժամ 40 րոպե տևողությամբ ներկայացումը մի դասագիրք է բոլորիս համար՝ վերհիշելու և վերարժևորելու մեր անցյալը»:

Նա ընդգծել է,որ Ստեփանակերտը պետք է , անպայման, ունենա թատրոնի հարմարավետ շենք:

Ելույթի վերջում Հ. Ղազանչյանը Ռ. Խաչատրյանին է նվիրել Երվանդ Ղազանչյանի տան պատից կախված նկարներիցմեկը՝ նշելով, որ իր հայրը Ռուզանին շատ էր սիրում և հոգեպես միշտ իր հետ է:

ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը պաշտոնական հանդիպում է ունեցել ԱՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի հետ։ Հանդիպման ընթացքում խոսվել է այն մասին, թե ինչպես ակտիվացնել թատերական կյանքը Արցախում։ Արդյունքում պայմանավորվածություն է ձեռքբերվել 2020թ-ին Արցախում անցկացնել «Թատերական Արցախ» փառատոն, որին իրենց մասնակցությունը կունենան Երևանի, ինչպես նաև ՀՀ մարզերում գործող թատրոններն՝ իրենց լավագույն բեմադրություններով։

Այս օրերին Հակոբ Ղազանչյանը ներկա է եղել նաև Գորիսի ՎՎաղարշյանի անվան դրամատիկական թատրոնում կայանալիք նոր ներկայացման փորձին։ Դեկտեմբերի 10 և 11 – ին այնտեղ կկայանա Էդգար Կոստանդյանի «Որբանոց» պիեսի բեմադրության պրեմիերան (բեմադրությունը՝ Ասյա Սիրեկանյանի)։