ՏԱՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ /2019/

ՏԱՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ /2019/

 


 

 

 

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն, ամփոփելով 2019 թվականն ասաց, որ տարին լի է եղել նշանակալի թատերական իրադարձություններով՝ փառատոներ, հյուրախաղեր, այցելություններ մարզային, ինչպես նաև Թբիլիսիի Պ. Ադամյանի անվ. և Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվ. թատրոններ:
«Տարվա գլխավոր թատերական իրադարձությունը ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունն էր, որն ավանդաբար անց է կացվում մարտի 27-ին` Թատրոնի միջազգային օրը: Այդ օրը մենք ի մի ենք բերում նախորդ տարվա կատարված աշխատանքները»,- նշեց Հ.Ղազանչյանը՝ հավելելով, որ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի նվիրված էր հայ ականավոր թատերական գործիչ,ՊՀԹ հիմնադիր Տիգրան Շամիրխանյանի 120-ամյակին:
Հ. Ղազանչյանը նշեց, որ ս.թ. մարտի 11-ին Թբիլիսիում մասնակցել է Պ. Ադամյանի անվ. Հայկականպետական թատրոնի «Աշնանային իրիկնամուտ» ներկայացման պրեմիերային (պիեսի հեղինակ և բեմադրիչ Արմեն Բայանդուրյան): «Ներկայացման առաջնախաղը կայացավ Թբիլիսիի Կ. Մարջանիշվիլու անվ. թատրոնի բեմում: Այն ջերմ ընդունելության արժանացավ հանդիսատեսի կողմից: Նշեմ, որ ՀԹԳՄ պատվիրակության կազմում էին Վահե Շահվերդյանը, Ռուբեն Բաբայանը, Կարինե Խոդիկյանը, Սոնա Մելոյանը, Սուրեն Շահվերդյանը»: Նույն օրը, ներկայացումից հետո, հենց բեմում, Հայաստանի թատերական գործիչների միության և Վրաստանի թատերական ընկերության միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանի և ՎԹԸ նախագահ Գեորգի Գեգեչկորիի կողմից:
Տարվա թատերական նախագծերից ՀԹԳՄ նախագահն առանձնացրեց Ու.Շեքսպիրի «Միջամառային գիշերվա երազ» պիեսի մոտիվներով ստեղծված «Կոմեդիա Պիրամոսի և Թիսբեյի մասին» միջազգային նախագիծ-ներկայացումը, որը բեմ բարձրացավ ապրիլի 10-17-ը:
«Հայաստանի թատերական գործիչների միությունը Եվրամիության հայաստանյան պատվիրակության հետ համատեղ կազմակերպած միջազգային թատերական նախագծի նպատակը` մեկ ներկայացման մեջ միավորելն էր Եվրամիության անդամ մի քանի երկրների դերասանների (մասնակցում էին ԵՄ 8 երկրներից ժամանած դերասաններ): Ծրագրի յուրահատկությունը կայանում էր նրանում, որ մասնակից երկրների դերասաններից յուրաքանչյուրը ներկայացման մեջ հանդես էր գալիս իր ազգային լեզվով: Բեմադրությունը ցուցադրվեց ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում, Վանաձորում, Գավառում և Գորիսում: Երևանյան ցուցարդրությունը կայացավ Հ․ Պարոնյանի անվան թատրոնում»:
Խոսելով փառատոների մասին՝ Հ. Ղազանչյանը ներկայացրեց «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի հետ համատեղ ս.թ. սեպտեմբերի 16-23-ը կայացած «Թատերական Գավառ» փառատոնը: Այն թվով առաջինն էր Գավառում և անցկացվեց Գավառի Լ. Քալանթարի անվ. թատրոնի նորաբաց շենքում: «Փառատոնը նպատակ ուներ աշխուժացնել թատերական կյանքը Գեղարքունիքի մարզում, թատերասեր հանրությանը հաղորդակից դարձնել թատերարվեստի զարգացումներին, սևեռել ուշադրությունը դեպի թատրոն: Փառատոնի շրջանակներում ցուցադրվեցին տասը ներկայացում` Երևանի, Վանաձորի և Գավառի թատրոնների մասնակցությամբ»:
«Թատերական Գավառ» փառատոնին հաջորդել է Աբովյանի համայնքապետարանի հետ համատեղ կազմակերպած Աբովյանի ամենամյա չորրորդ թատերական փառատոնը, որը կայացավ ս/թ հոկտեմբերի 7-11-ը: Ներկայացումները տեղի ունեցան Աբովյանի դրամատիկական թատրոնի բեմում: Փառատոնի շրջանակներում Երևանի թատրոնների մասնակցությամբ խաղացվեց վեց ներկայացում:
ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը կարևորեց սեպտեմբերի 10-ից հոտկեմբերի 5-ը Վանաձորում անցկացված «Աբելյանական» 3-րդ հանրապետական և «Թատերական Լոռի» 25-րդ միջազգային փառատոնը:
Ղազանչյանի խոսքով՝ այս տարի փառատոները միավորվել էին Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի շուրջ՝ կարևորելով Թումանյանի մեծագույն ներդրումը հայ մշակույթի մեջ:
Փառատոնին մասնակցում էին ոչ միայն ՀՀ մարզային և երևանյան թատրոնները, այլև Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական, ինչպես նաև Ճապոնիայի Սայտամա նահանգի Իտո Գումի թատրոնը՝ խաղացանկային լավագույն ներկայացումներով ու պրեմիերաներով:
Հ.Ղազանչյանը նշեց, որ դեկտեմբերի 5-ին ներկա է գտնվել Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացած արցախցի երիտասարդ գրող Հերմինե Ավագյանի «Պատերազմ... աչքեր... ծաղիկներ…» գրքի հիման վրա բեմադրված «Լուսաբացից առաջ» ներկայացման առաջնախաղին՝ Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուզան Խաչատրյանի բեմադրությամբ։ Պրեմիերան նվիրվել է ՀՀ ժողովրդական արտիստ, երջանկահիշատակ Երվանդ Ղազանչյանի հիշատակին: «Մենք պետք է ժամանակ առ ժամանակ վերապրենք մեր հիշողությունները, մտորումները և պատմությունը: Շատ հակասական ժամանակներում կա մի վտանգ, երբ կարող է կտրվել ժամանակների կապը: Եկող սերունդները չպետք է որպես սովորական տարեգրության նայեն այն ամենին՝ ինչով անցել է հայ ժողովուրդը, մասնավորապես՝ հերոսական Արցախը: Կուզենայի, որ ներկայացումը դիտեին նաև այն երիտասարդները, ովքեր զինվորական ծառայություն են անցնում Արցախում: 1 ժամ 40 րոպե տևողությամբ ներկայացումը մի դասագիրք է բոլորիս համար՝ վերհիշելու և վերարժևորելու մեր ոչ վաղ անցյալը»: Հ․ Ղազանչյանն ընդգծեց, որ Ստեփանակերտը պետք է, անպայման, ունենա թատրոնի հարմարավետ շենք:
ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը պաշտոնական հանդիպում է ունեցել նաև ԱՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի հետ։ Հանդիպման ընթացքում խոսվել է այն մասին, թե ինչպես ակտիվացնել թատերական կյանքը Արցախում։ Արդյունքում պայմանավորվածություն է ձեռքբերվել2020թ․-ին Արցախում անցկացնել «Թատերական Արցախ» փառատոն, որին իրենց մասնակցությունը կունենան Հայաստանի թատրոններն՝ իրենց լավագույն բեմադրություններով։
Ամփոփելով զրույցը՝ ՀԹԳՄ նախագահն ափսոսանքով ասաց, որ այս տարի կյանքից հեռացան մի շարք անվանի թատերական գործիչներ, որոնք անմնացորդ նվիրված էին թատրոնին և իրենց գործին։
2019թ․ վախճանվեցին ՀՀ ժող․արտիստ Ռաֆայել Ջրբաշյանը, ՀՀ վաստ․արտիստ Կամո Արզումանյանը, ՀՀ ժող. արտիստ Հրաչյա Աշուղյանը, ՀՀ վաստ․ արտիստ Վլադիմիր Հովհաննիսյանը, ՀՀ վաստ․ արտիստ Սերգեյ Մաղալյանը, ՀՀ վաստ․արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը, ՀՀ ժող․ արտիստ Երվանդ Ղազանչյանը, թատերագետ Նվարդ Ասատրյանը, թատերագետ Վարսիկ Գրիգորյանը, Վրաստանի վաստ․ արտիստ Ռոբերտ Հովհաննիսյանը։