Ամփոփվեց Հրազդանի թատերական փառատոնը

Ամփոփվեց Հրազդանի թատերական փառատոնը

 

Ապրիլի 16-ին ամփոփվեց Հրազդանում անցկացվող հանրապետական երիտասարդական թատերական փառատոնը՝ Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 
«Անուշ» ներկայացմամբ (բեմադրությունը՝ ՀՀ ժովորդական արտիստ Վահե Շահվերդյանի):

Փակման հանդիսավոր արարողության ժամանակ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը շնորհակալագրեր հանձնեց փառատոնի մասնակիցներին:

Իր խոսքում Հ. Ղազանչյանն ընդգծեց, որ Հրազդանում հրաշալի հանդիսատես կա, և դա ոգևորող է: 

Ողջույնի խոսքով հանդես եկան Հրազդանի փոխքաղաքապետ Վարուժան Սաֆարյանը, Հրազդանի Դրամատիկական թատրոն-Մշակութային կենտրոնի տնօրեն Վահագն Մարգարյանը, Հովհ. Աբելյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը, Հովհ․ Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանը:

Հիշեցնենք` փառատոնի շրջանակում ցուցադրվեց 11 ներկայացում` Երևանի, Գյումրու, Վանաձորի, Կապանի, Արտաշատի թատրոնների մասնակցությամբ:

Փառատոնի ընթացքում կայացան հանդիպումներ սիրված դերասանների և բեմադրիչների հետ:

Փառատոնն անց է կացվել Հայաստանի թատերական գործիչների միության և Հրազդանի համայնքապետարանի, «Հրայր և Աննա Հովնանյան» բարեգործական հիմնադրամի համագործակցմամբ։