Այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությունը նվիրվում է Հայաստանի թատերական գործիչների միության 75-ամյակին

Այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությունը նվիրվում է Հայաստանի թատերական գործիչների միության 75-ամյակին

  

 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի թատերական գործիչների միությունը ս.թ. մարտի 26-ին՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կանցկացնի «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրվելու է Հայաստանի թատերական գործիչների միության 75-ամյակին (Հայաստանի թատերական գործիչների միությունը հիմնադրվել է 1940թ. մայիսին ԽՍՀՄ ժող. արտիստ Գուրգեն Ջանիբեկյանի նախաձեռնությամբ):
«Արտավազդ» ամենամյա մրցանակները շնորհվում են յուրաքանչյուր տարվա մարտի 27–ին մրցանակաբաշխության նախորդ տարվա մարտի 1–ից մինչև մրցանակաբաշխության տարվա մարտի 1–ը ընկած ժամանակահատվածում առավել աչքի ընկած թատերական աշխատանքներին:
«Արտավազդ» մրցանակները կտրվեն հետևյալ անվանակարգերում` «Լավագույն երիտասարդ դերասանուհի», «Լավագույն երիտասարդ դերասան», «Լավագույն երիտասարդ բեմադրիչ», «Լավագույն երիտասարդական ներկայացում», «Լավագույն սցենոգրաֆիա», «Լավագույն երաժշտական ձևավորում», «Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար», «Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար», «Լավագույն կին դերակատար», «Լավագույն տղամարդ դերակատար», «Լավագույն ռեժիսուրա», «Լավագույն ներկայացում»:
Այս տարի լրացումներ և փոփոխություններ են կատարվել «Արտավազդ» մրցանակաբաշխության կանոնակարգում, մասնավորապես, ավելացավ նոր՝ «Լավագույն մանկական ներկայացում» անվանակարգ: Փոփոխություն արվեց նաև «Լավագույն պիես» անվանակարգի որոշման կապակցությամբ. վճռորոշ կլինի Կարինե Խոդիկյանի՝ «Դրամատուրգիա» գրական հանդեսի կողմից կազմված խմբագրակազմի եզրակացությունը, ինչը հնարավորություն կտա էլ ավելի մանրակրկիտ ուսումնասիրել նոր պիեսները:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ ամեն տարի շնորհվում է հատուկ մրցանակ՝ նվիրված հայ թատրոնի երախտավորներից մեկին, այս տարի կհանձնվի Վարդուհի Վարդերեսյանի անվան հատուկ «Արտավազդ» մրցանակ:
Մրցանակաբաշխությունն անցկացնելու համար ՀԹԳՄ վարչության կողմից հաստատվել են թատերական ներկայացումների և դրամատուրգիայի աշխատանքները գնահատող փորձագետների հետևյալ հանձնաժողովները.
Թատերական ներկայացումների հանձնաժողով. ՀՀ ժող. արտիստ, պրոֆեսոր, բեմադրիչ Հրաչյա Գասպարյան, ՀՀ վաստակավոր արտիստ Մուրադ Ջանիբեկյան, ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյան, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարության, Բեմանկարիչ Մերի Սարգսյան, Գրականագետ, թարգմանիչ Մարինա Մարինոսյան, Թատերագետ Ռուզաննա Առաքելյան:
Դրամատուրգիայի հանձնաժողով. «Դրամատուրգիա» հանդեսի հիմնադիր-խմբագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյան, Արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Նարինե Սարգսյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյան:
Փորձագետը յուրաքանչյուր անվանակարգում նշում է 1 կամ 2 աշխատանք: Եթե նրա կարծիքով անվանակարգում արժանի թեկնածու չկա, ապա բլանկը թողնվում է դատարկ: Ծրարների բացումն ու ձայների հաշվարկը կատարվում է բացառապես մրցանակաբաշխությունը համակարգողի կողմից, մրցանակաբաշխության օրը:
Եթե ներկայացված աշխատանքը չի հավաքի փորձագետների 4 և ավելի ձայներ, ապա այդ անվանակարգում մրցանակը չի շնորհվի: Եթե որևէ անվանակարգում երկու աշխատանքներ հավաքում են 4 և ավելի ձայներ, ապա երկուսն էլ համարվում են այդ անվանակարգի մրցանակակիր:
«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1996 թ.-ին: