Այս տարի Արտավազդ» մրցանակաբաշխությունը նվիրվում է Հրաչյա Ղափլանյանի ծննդյան 90-ամյակին

Այս տարի Արտավազդ» մրցանակաբաշխությունը նվիրվում է Հրաչյա Ղափլանյանի ծննդյան 90-ամյակին

 

 

Մարտի 27-ին` Թատրոնի միջազգային օրը` Հ. Պարոնյանի անվան թատրոնում տեղի կունենա ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրվելու է Հրաչյա Ղափլանյանի ծննդյան 90-ամյակին:

«Արտավազդ» ամենամյա մրցանակները շնորհվում են յուրաքանչյուր տարվա մարտի 27–ին կամ դրա նախօրեին` մրցանակաբաշխության նախորդ տարվա մարտի 1–ից մինչեւ մրցանակաբաշխության տարվա մարտի 1–ը ընկած ժամանակահատվածում առավել աչքի ընկած թատերական աշխատանքներին:
«Արտավազդ» մրցանակ կտրվի հետեւյալ անվանակարգերում` «Լավագույն երիտասարդ դերասանուհի», «Լավագույն երիտասարդ դերասան», «Լավագույն երիտասարդ բեմադրիչ», «Լավագույն երիտասարդական ներկայացում», «Լավագույն սցենոգրաֆիա», «Երաժշտական ձևավորում»,  «Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար», «Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար», «Լավագույն կին դերակատար», «Լավագույն տղամարդ դերակատար», «Լավագույն ռեժիսուրա», «Լավագույն ներկայացում»:
Նշենք, որ մրցանակաբաշխության համար կազմվել է 7 մարդուց բաղկացած փորձագետների խումբ ` Լեւոն Մութաֆյան, Կարինե Խոդիկյան, Դավիթ Մուրադյան, Վիգեն Ստեփանյան, Մերի Սարգսյան, Նվարդ Ասատրյան, Զարուհի Անտոնյան:
Փորձագետը յուրաքանչյուր անվանակարգում նշում է 1 կամ 2 աշխատանք: Եթե նրա կարծիքով անվանակարգում արժանի թեկնածու չկա, ապա բլանկը թողնվում է դատարկ: Ծրարների բացումն ու ձայների հաշվարկը կատարվում է բացառապես մրցանակաբաշխությունը համակարգողի կողմից, մրցանակաբաշխության օրը:
Այն անվանակարգում, որտեղ ներկայացված աշխատանքը չի հավաքի փորձագետների 4 եւ ավելի ձայներ, ապա այդ անվանակարգում մրցանակը չի շնորհվում: Եթե որեւէ անվանակարգում երկու աշխատանքներ հավաքել են 4 եւ ավելի ձայներ, ապա նրանք բոլորն էլ համարվում են այդ անվանակարգի մրցանակակիր:
«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1996 թ-ին: Սկզբում ունենալով միայն մեկ անվանակարգ`«Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար», արդեն 1999թ-ից տարեցտարի ավելացրել է անվանակարգերի թիվը: Մրցանակաբաշխությունը սկզբում անցկացվել է թատերական գործիչների նեղ շրջանակում և միայն 2008թ-ից է սկսել նշվել մեծ շուքով: