Մամուլի հաղորդագրություն. ՀԹԳՄ

 

Մամուլի հաղորդագրություն. ՀԹԳՄ

Այսօր Հայաստանի թատերական գործիչների միությունում տեղի ունեցավ հավաք, որին ներկա էին Հայաստանի թատրոնների տնօրեններն ու գեղարվեստական ղեկավարները։ Թատերական գործիչներն իրենց անհանգստությունը հայտնեցին ՀՀ մշակույթի նախարարությունում շրջանառվող փաստաթղթի վերաբերյալ, ինչը ենթադրում է մի քանի թատրոնների օպտիմալացում, իսկ որոշ դեպքերում լիկվիդացում։ Թատերական գործիչները համոզված են, որ առանց մասնագիտական քննարկման և վերլուծության անթույլատրելի է որևէ արմատական փոփոխության մասին խոսելը, առավել ևս, դրանք իրականացնելը: Թատերական գործիչները գտնում են, որ անտրամաբանական էքսպերիմենտների փոխարեն ժամանակն է ընդունել թատերական գործի զարգացմանը խթանող մի շարք օրենքներ /մեկենասության և հովանավորության մասին օրենքը, արտոնությունները հարկային դաշտում, օրենսդրական նախաձեռնությունները, որոնք կվերաբերվեն գնումների մասին օրենքին, թատրոնի գործունեության պլանավորման և գանձապետարանում հաշիվներ ունենալու հարցին/, որոնց անհրաժեշտությունը վաղուց հասունացել է: Հայաստանի թատերական գործիչների միությունը պատրաստվում է համապատասխան նամակով դիմել կառավարություն և Ազգային ժողով՝ միաժամանակ հայտնելով նշված խնդիրների քննարկումներին մասնակցելու իր պատրաստակամությունը։