Հայտնի են «Արտավազդ-2017» մրցանակաբաշխության հաղթողները

 

Հայտնի են «Արտավազդ-2017» մրցանակաբաշխության հաղթողները

 

Ավանդույթի համաձայն` Թատրոնի միջազգային օրը` մարտի 27-ին, Երևանում` Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, անցկացվեց «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրված էր հայ անվանի դերասան Էդգար Էլբակյանի ծննդյան 90-ամյակին: 
Մրցանակաբաշխությանը տեսաֆիլմի միջոցով անդրադարձ կատարվեց անվանի դերասան Էդգար Էլբակյանին և նրա որդին ` Արմեն Էլբակյանը, «Էդգար Էլբակյանի անվան հատուկ մրցանակ»-ը հանձնեց դերասանուհի Գրետա Մեջլումյանին «Վարագույրը չի փակվում» ներկայացման մեջ իր մարմնավորած կերպարի համար: 
«Թատերարվեստին արժանապատիվ ծառայելու համար» մրցանակների արժանացան Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը, մնջախաղաց Յուրի Կոստանյանը և Սունդուկյանի թատրոնի աշխատակից Գրիշա Հարությունյանը:
Հայաստանի թատերական գործիչների միությունը  ոսկե մեդալներ շնորհեց 65-ամյա դերասաններ Հարություն Մովսիսյանին, Վիգեն Հովսեփյանին և Ռուդոլֆ Ղևոնդյանին:
«Տարվա լավագույն մանկական ներկայացում» անվանակարգում մրցանակի արժանացավ  Սամսոն Մովսեսյանի «Մատնաչափիկը»:
«Տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի» ճանաչվեց Տաթևիկ Հովակիմյանը «Խոսիր ինձ հետ» ներկայացման համար:
Նույն ներկայացման մեջ մարմնավորած կերպարի համար «Լավագույն երիտասարդ դերասան» ճանաչվեց  Դավիթ Սարգսյանը: 
«Տարվա լավագույն երիտասարդ բեմադրիչ» անվանակարգում մրցանակի արժանացավ Լիլի Էլբակյանը «Դեկամերոն» բեմադրության համար:
«Լավագույն սցենոգրաֆիա» համարվեց Նարինե Օհանյանի «Մատնաչափիկ» տիկնիկային ներկայացումը:
«Լավագույն զգեստներ»-ի համար «Արտավազդ»-ի արժանացավ Մերի Սարգսյանը:
«Լավագույն երաժշտության հեղինակ» համարվեց Վահե Հայրապետյանը «Կրիպսի մկնիկը» ներկայացման երաժշտության համար:
«Լավագույն երաժշտական ներկայացում» անվանակարգում մրցանակի արժանացավ Նարինե Ստեփանյանի «Տոսկա» օպերային ներկայացումը:
«Լավագույն պլաստիկայի և շարժման ներկայացում» անվանակարգում հաղթեց Պարարվեստի զարգացման հիմնադրամը «Տեսիլաժամեր» բեմադրությամբ:
«Լավագույն կին դերակատար» ճանաչվեց Ջուլիետա Ստեփանյանը «Արծվաբույն» ներկայացման մեջ մարմնավորած կերպարով:
«Լավագույն տղամարդ դերակատար» համարվեց Տիգրան Ներսիսյանը «Պեպո» ներկայացման մեջ Պեպոյին մարմնավորելու համար:
«Տարվա լավագույն ներկայացում» անվանակարգում մրցանակ ստացավ Վահան Բադալյանի «Շեքսպիր» բեմադրությունը: