Երիտասարդ թատերական ռեժիսուրայի հանրապետական փառատոն -2013

Երիտասարդ թատերական ռեժիսուրայի հանրապետական փառատոն -2013

 

Հայաստանի թատերական գործիչների միությունը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ս.թ. հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 6-ը Երևանում կանցկացնի Երիտասարդ թատերական ռեժիսուրայի VIII հանրապետական փառատոնը:
Այս տարի փառատոնին կներկայացվեն 16 ներկայացում` Երևանից, Վանաձորից, Գյումրիից, Թբիլիսիից:
Փառատոնին ներկա կգտնվի Մոսկվայից ժամանած փորձագետների խումբը, որոնց նպատակն է ընտրել մեկ ներկայացում Մոսկվայի թատերական միությունների կոնֆեդերացիայի երիտասարդական ծրագրի մասնակցության համար: Այդ ծրագրի շրջանակում նախատեսված փառատոնը կայանալու է 2014թ-ի ամռանը` Մինսկում (Բելառուսիա): ԱՊՀ յուրաքանչյուր երկրից մասնակցելու է մեկ ներկայացում: Նաև տեղի են ունենալու երիտասարդ դրամատուրգների, բեմանկարիչների և թատերագետների դասընթացներ:
Երիտասարդ  թատերական ռեժիսուրայի VIII հանրապետական փառատոնին մասնակցում են մինչև 35 տարեկան բեմադրիչների այն աշխատանքները, որոնք բեմադրվել են նախորդ թատերաշրջանի ընթացքում:
Նշենք, որ ներկայացումների քննարկումներն անցնում են անվանի մասնագետների, երիտասարդ թատերագետների և հանդիսատեսի մասնակցությամբ, որը կգլխավորի ՌԴ ժող.արտիստ, Չեխովի անվան ՄԽՏ-ին կից Մեյերխոլդի անվան մշակութային կենտրոնի ղեկավար Վիկտոր Ռիժակովը:
Փառատոնին կմասնակցեն երիտասարդ բեմադրիչներ Նորա Գրիգորյանը, Գոռ Մարգարյանը, Մարիամ Սարյանը, Վահան Բադալյանը, Արմեն Սարգսյանը, Կարապետ Բալյանը, Զարուհի Անտոնյանը, Արշալույս Հարությունյանը, Գայանե Գրիգորյանը, Գագիկ Մելքումյանը, Հակոբ Ազիզյանը, Իշխան Ղարիբյանը, Հարություն Գալֆայանը, Տիգրան Ավետիսյանը, Հայկազ Փայտյանը, Վարդուհի Գրիգորյանը:
 
Առաջին անգամ փառատոնը անց է կացվել 2006թ-ին: Փառատոնը հիմնադրվել է ՀԹԳՄ կողմից, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի նախաձեռնությամբ:
 
Ս.թ. հոկտեմբերի 29 -ին, ՀԹԳՄ-ում կայացած ասուլիսին մասնակցում էին`ՀԹԳՄ քարտուղարներ Սոնա Մելոյանը, Լևոն Մութաֆյանը, բեմադրիչներ Զարուհի Անտոնյանը, Գոռ Մարգարյանը: