Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոն - 2014

Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոն - 2014

 

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հովանավորությամբ, Հայաստանի թատերական գործիչների միությունը ս. թ. մարտի 19-22-ը Երևանում կանցկացնի Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային ամենամյա փառատոնը:
Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան 11-րդ միջազգային փառատոնը նվիրվում է անգլիացի դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրի ծննդյան 450-ամյակին: Այդ կապակցությամբ փառատոնին կմասնակցեն Շեքսպիրյան փառատոների եվրոպական ցանցի տնօրենները` Անգլիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Իսպանիայից, Չեխիայից, Դանիայից, այդ թվում. Շեքսպիրյան փառատոների եվրոպական ցանցի նախագահ, Գդանսկի Շեքսպիրյան միջազգային փառատոնի տնօրեն Ջերսի Լեմոն, Շեքսպիրյան փառատոների եվրոպական ցանցի համակարգող Ջոաննա Սնիեժկո Միստերեկ, Լոնդոնի «Գլոբուս» թատրոնի «Գլոբ թու Գլոբ» Շեքսպիրյան փառատոնի տնօրեն Թոմ Բըրդ, Նոյսի Շեքսպիրյան փառատոնի տնօրեն Ռայներ Վիերց /Գերմանիա/, Գյուլայի Շեքսպիրյան փառատոնի տնօրեն Սանդոր Զոզեֆ Գեդեոն /Հունգարիա/, Կրայովայի Շեքսպիրյան փառատոնի գեղարվեստական ղեկավար Էմիլ Բորողինա /Ռումինիա/, Կրայովայի Շեքսպիրյան փառատոնի և «Մարին Սորեսկու» թատրոնի տնօրեն Միրչա Կորնիստեանու, Կրայովայի Շեքսպիրյան փառատոնի համակարգող Յոլանդա Մանեսկու, Բարսելոնայի Շեքսպիրյան փառատոնի տնօրեն Վելվեհի Էռնանդես Մոնսեռռատ /Իսպանիա/, Օստրավայի ամառային Շեքսպիրյան փառատոնի տնօրեն Անդրեյ Հարմեցկո /Չեխիա/, Բաթի Շեքսպիրյան միջազգային փառատոնի տնօրեն Ֆիլիպ Պարր /Անգլիա/, Էլսինորի «Շեքսպիրը Համլետի ամրոցում» փառատոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր գործադիր տնօրեն Լարս Էնջելս /Դանիա/:
Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա մարտի 19-ին, ժամը 19:00-ին Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում` Վ. Շեքսպիրի «Լիր արքա» հայ-վրացական համատեղ ներկայացման առաջնախաղով /բեմադրիչ՝ Հակոբ Ղազանչյան/: Մարտի 20-ին, ժամը 11:00-ին Ե. Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարանում կբացվի «Շեքսպիրը հայ թատրոնում» ցուցահանդեսը, այնուհետև, կանցկացվի «Շեքսպիրը ժամանակակից թատրոնի քառուղիներում» միջազգային գիտաժողովը:
Փառատոնի օրերին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի «Ջոն արքա», Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում «Լիր արքա», Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում «Հուլիոս Կեսար» ներկայացումները: 
Ասուլիսին մասնակցում էին. ՀԹԳՄ նախագահ, փառատոնի տնօրեն Հակոբ Ղազանչյանը, ՀՀ  մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը,  ինչպես նաև Շեքսպիրյան փառատոների եվրոպական ցանցի տնօրենները: