Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոն - 2011

Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոն  - 2011

 

2011թ. հոկտեմբերի 14-29-ը Երևանում  կանցկացվի Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը: Փառատոնը, որ վաղուց դարձել է մեր մշակութային կյանքի կարևորագույն էջերից մեկը միաժամանակ ձեռք բերելով միջազգային մեծ ճանաչում, անցած տարվանից դարձավ Շեքսպիրյան փառատոների Եվրոպական ցանցի անդամ: Փառատոնի առանցքը կդառնա անգլիացի աշխարհահռչակ բեմադրիչ Դեկլան Դոնելլանի «12-րդ գիշերը» հանրահայտ բեմադրությունը, որը նա իրականացրել է Մոսկվայում` Ռուսաստանի հայտնի դերասանների հետ: Ներկայացման մեջ զբաղված են Ռուսաստանի ժողովրդական դերասաններ` Ա. Ֆեկլիստովը, Մ. Ժիգալովը, Ի. Յասուլովիչը և ուրիշներ: Ռուսաստանը կներկայացնի նաև Տուվայի հանրապետության «Մաքսիմ Մունզուկ» բարեգործական հիմնադրամի կողմից ստեղծված «Անսանձ կնոջ սանձահարումը» ներկայացումը Գալինա Մունզուկի գլխավոր դերակատարմամբ: Ծրագրից անմասն չեն մնա մեր հարևանները` Իրանը և Վրաստանը: Իրանը  կներկայացնի Անդիշե թատերախումբը` «Մակբեթ» և «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումներով, իսկ Վրաստանը կներկայացնեն Թբիլիսիի Շ. Ռուսթավելու անվ. ազգային թատրոնը «Համլետ» և Թբիլիսիի Վ. Աբաշիձեյի անվ. Դրամայի և կոմեդիայի պետական թատրոնը`աշխարհի մի շարք փառատոների մեծ հաջողությամբ մասնակցած «Մակբեթ» ներկայացումներով: Փառատոնին կմասնակցի նաև միջազգային ճանաչում ունեցող թուրքմեն բեմադրիչ Օվլյակուլի Խոջակուլին, որը կներկայացնի «Համլետ» բեմադրությունը:
Փառատոնին Հայաստանը կներկայացնեն Ալ. Սպենդիարյանի անվ. Օպերայի և բալետի թատրոնը` «Ռոմեո և Ջուլիետ», Երևանի Հր. Ղափլանյանի անվ. Դրամատիկական թատրոնը` «Հուլիոս Կեսար», «Է. Էլբակյան» թատրոնը` «Ռոմեո և Ջուլիետ», Հայաստանի Թատերական գործիչների միությունը` «Լեդի Մակբեթ» ներկայացումներով:
ՀՀ մշակույթի նախարարությունում Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի բացման ասուլիսին մասնակցում են. Փառատոնի նախագահ Հակոբ Ղազանչյանը, Թատերական միությունների միջազգային համադաշնության նախագահ, Մոսկվայի Ա.Պ. Չեխովի անվան միջազգային փառատոնի գլխավոր տնօրեն, Ռուսաստանի նախագահին կից մշակութային խորհրդի նախագահության անդամ Վալերի Շադրինը, Մոսկվայի Ա.Պ. Չեխովի անվան միջազգային փառատոնի աջակցման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարինա Ծատուրովան, Թատերական միությունների միջազգային համադաշնության նախագահի օգնական Սերգեյ Մայիլովը, դերասաններ`Ա.Ֆեկլիստովը, Մ.Ժիգալովը, Ի. Յասուլովիչը, Դ. Շչերբինան, Ա.Կուզիչևը: