Երիտասարդ ռեժիսորների հանրապետական փառատոն - 2011

Երիտասարդ ռեժիսորների հանրապետական փառատոն  - 2011

 

Հայաստանի թատերական գործիչների միությունը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ  ս.թ. նոյեմբերի 23-30-ը Երևանում կանցկացնի Երիտասարդ ռեժիսորների VI հանրապետական փառատոնը: Առաջին անգամ փառատոնը անցկացվել է 2006թ.-ին: Փառատոնը հիմնադրվել է ՀԹԳՄ կողմից, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի նախաձեռնությամբ:
Փառատոնի գլխավոր նպատակն է ներկայացնել երիտասարդ ռեժիսորների նոր բեմադրությունները` բացահայտելով նոր անուններ (փառատոնին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան ռեժիսորներ):
Այս տարի Երիտասարդ ռեժիսորների VI հանրապետական փառատոնում կներկայացվի 9 ներկայացում, այդ թվում 2 ներկայացում մարզային թատրոններից. Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը Լյուդվիգ Հարությունյանի բեմադրությամբ կներկայացնի «Բլեզ» ներկայացումը իսկ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը  Սարգիս Մանուկյանի բեմադրած «Խիստ սիրահարված տաքսիստը» ներկայացումը: 
Թատերասեր հանրության դատին կհանձնվեն երիտասարդ ռեժիսորներ Գոռ Մարգարյանի` «Լյուսիեն Լյուկ», Զարուհի Անտոնյանի`«Թևավորը» , Իրա Հարությունյանի`«Գայլն ու յոթ ուլիկները», Լիլիթ Մելիքյանի` «Մահը թակում է դուռը», Գոհար Փոքրիկյանի` «Ուրիշ մարդը», Հենրի Քոչարյանի` «Զգուշացեք, կանայք են», Սամսոն Մովսիսյանի` «Քիթը» բեմադրությունները:
Ներկայացումներից հետո կանցկացվեն թատերական քննարկումներ:   
Ս.թ. նոյեմբերի 23-ին ՀԹԳՄ-ում կայացած Երիտասարդ ռեժիսորների VI հանրապետական փառատոնի բացման ասուլիսին մասնակցում էին`ՀԹԳՄ քարտուղարներ Սոնա Մելոյանը, Լևոն Մութաֆյանը, երիտասարդ ռեժիսորներ` Հենրի Քոչարյանը , Սամսոն Մովսիսյանը: