Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոն - 2009

Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոն - 2009

 

Սեպտեմբերի 7-ին Երևանում կմեկնարկի Վահրամ Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 20-ը: 

Այս տարի, բացի մոնոներկայացումներից, ներկայացվելու են նաև մեծ գործեր: 
Փառատոնի ընթացքում Երևան կժամանեն ավելի քան 150 թատերագետներ և հյուրեր Ռուսաստանից, Ֆրանսիայից, Վրաստանից և Իրանից: 
Փառատոնի շրջանակներում Հայաստան է ժամանելու թատերական գործիչների միության նախագահ Ալեքսանդր Կալյագինը` Ռուսաստանից, Ֆրանսիայից` թատերագետ Իրինա Բրուկը, Լեհաստանից` Գդանսկի Շեքսպիրյան փառատոնի տնօրեն Անժի Ժիրովսկին, ով ներկայացնելու է Շեքսպիրյան ներկայացումների տեսագրությունների ցուցադրություններ` իր մեկնաբանություններով: 
Փառատոնի ընթացքում Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Կալյագինի «Et Cetera» թատրոնը հանդես կգա երկու կատակերգություններով: Սեպտեմբերի 8-ին մայր թատրոնի բեմում կներկայացվի շեքսպիրյան «Շեյլոկը» ներկայացումը, որի բեմադրիչը Ռոբերտ Ստուրուան է, ով այս բեմադրության վրա աշխատել է իր 2 գործընկերների` կոմպոզիտոր Գիա Կանչելիի և նկարիչ Գեորգի Ալեկսի-Մեսխիշվիլիի հետ: Սեպտեմբերի 11-ին և 12-ին «Et Cetera»-ն կներկայացնի Ալֆրեդ Ժարիի «Ուբյու թագավորը»: Կատակերգական այս ներկայացման բեմադրիչ ռեժիսորը Ալեքսանդր Մորֆովն է: Փառատոնի ընթացքում կներկայացվի նաև Ֆրանսիացի թատերագետ Իրինա Բրուկի «Դոն Կիխոտ» ներկայացումը: 
Նշենք, որ Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի կայացմանն աջակցում են ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը: