Միջազգային ֆորում

Միջազգային ֆորում

 

Ս. թ. հունիսի 6-13-ը  Քիշնևում կայացել է ԱՊՀ և բալթյան երկրների, Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների միջազգային համաժողովը, որին ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի թատերական գործիչների միության  աջակցությամբ մասնակցել են երիտասարդ բեմադրիչ Նարինե Գրիգորյանը, դրամատուրգ Հովհաննես Թեքգյոզյանը, թատերագետ Ռուզաննա Առաքելյանը, բեմանկարիչներ Կարինե Եղիազարյանն ու Նարեկ Քեշիշյանը: Ֆորումին իրենց մասնակցությունն են բերել նաև Հայաստանի  թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, միության  քարտուղար Սոնա Մելոյանը և Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
Քիշնևում, համաժողովի շրջանակներում անցկացվել են երիտասարդ բեմադրիչների   փառատոն, բեմանկարիչների աշխատանքների ցուցահանդես, թատերական քննարկումներ, երիտասարդ դրամատուրգների պիեսների շնորհանդես և ռուսաստանյան հեղինակավոր թատերագետների կողմից` վարպետության դասընթացներ: Բեմադրիչ Նարինե Գրիգորյանի «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը նորարարական ու պատկերավոր լուծումների համար հանդիսատեսի և ժյուրիի կողմից արժանացել է բարձր գնահատականի և զբաղեցրել պատվավոր երրորդ տեղը: Նարինե Գրիգորյանը նաև հրավեր է ստացել մասնակցելու Ուկրաինայի և Վրաստանի միջազգային թատերական փառատոներին: Փառատոնի ժյուրին նախագահում էր լատվիացի հանրաճանաչ ռեժիսոր Ադոլֆ Շապիրոն, ժյուրիի կազմում էին շեքսպիրագետ Ալեքսեյ Բարտոշևիչը, ՌԴ ժող. արտիստ Իգոր Յասուլովիչը, բեմադրիչ և երաժիշտ Վլադիմիր Պանկովը, «Новая Газета» թերթի մշակութային մեկնաբան, թատերագետ Իրինա Չերնովան և այլոք:
ԱՊՀ և բալթյան երկրների երիտասարդ թատերական գործիչների համաժողովի մեկնարկը տրվել է դեռևս 2009 թ. Կիևում: Այս երեք տարիների ընթացքում թատերական միությունները կազմակերպել են մի շարք ներկայացումների ցուցադրումներ, փառատոներ, որոնց քննարկմանը մասնակցել են Մոսկվայից ժամանած փորձագետների խմբերը` Քիշնևի համաժողովի շրջանակներում ամփոփելով իրենց աշխատանքները: Համաժողովի կազմակերպիչներն են Թատերական միությունների միջազգային կոնֆեդերացիան և Մոսկվայի Ա.Պ. Չեխովի անվ. միջազգային թատերական փառատոնը` գլխավոր տնօրեն  Վալերի Շադրինի գլխավորությամբ:
 
Ս. թ. հունիսի 20-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում կայացած ԱՊՀ և բալթյան երկրների, Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների միջազգային ֆորումին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում են` ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, ՀԹԳՄ քարտուղար Սոնա Մելոյանը, Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղ. ղեկավար Ռուբեն Բաբայանը, բեմադրիչ Նարինե Գրիգորյանը: