Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոն - 2016

Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոն - 2016

 

«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի հովանավորությամբ, Հայաստանի թատերական գործիչների միության աջակցությամբ ս.թ. հոկտեմբերի 20-26-ը Երևանում կայացավ Շեքսպիրյան միջազգային 12-րդ թատերական փառատոնը: Այն եզրափակվեց «Մաստերսկայա» թատրոնի (Ռուսաստան, Սանկտ Պետերբուրգ) «Մի անգամ Էլսինորում. Համլետ» ներկայացմամբ: 
Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնն այս տարի հյուրընկալել էր շուրջ 130 մասնակցի և հյուրերի 15 երկրից՝ Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Սլովակիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Նիգերիայից, Ալժիրից, Մոնղոլիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Վրաստանից և այլ երկրներից: Թատերասեր հանրությունը հնարավորություն ուներ դիտելու դրամատիկական, երաժշտական, մոնոներկայացումներ, ֆիզիկական շարժման ներկայացումներ:
Երևանյան 9 բեմահարթակներում ցուցադրվեցին ավելի քան 15 ներկայացում:
Փառատոնի շրջանակում ցուցադրվեցին Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական ակադեմիական թատրոնի «Հուլիոս Կեսար», Ուլյանովսկի Ի. Գոնչարովի անվան դրամատիկական թատրոնի «Յագո կամ Տրակտատ թաշկինակի մասին», Վոլոդիմիր Զավալնյուկի «Պերետվորենիե» թատրոնի «Համլետ», «Մաստերսկայա» թատրոնի «Մի անգամ Էլսինորում. Համլետ», Ստանիսլավ Սոյկա և Կրակովի երգիչներ երաժշտական խմբի «Շեքսպիր Ակապելլա» ներկայացումները:
Երևանյան թատրոններից՝ Շեքսպիրյան փառատոնի ծրագրում հանդես եկան Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական, Հ. Թումանյանի անվան տիկնիկային, «Փոքր» և այլ թատրոններ: Այս տարի Շեքսպիրյան փառատոնը հանդես եկավ տարբեր ծրագրերով. կայացավ միջազգային թատերական նախագիծ (գեղարվեստական ղեկավար՝ Հակոբ Ղազանչյան), որի նպատակն էր համատեղ ներկայացման միջոցով միավորել տարբեր ժողովուրդների թատերական մշակույթները (Հայաստան – Ալժիր - Ռումինիա – Նիգերիա – Բրազիլիա - Մոնղոլիա): Բեմ բարձրացավ թատերական ֆանտազիա Վ. Շեքսպիրի «Փոթորիկ» պիեսի մոտիվներով:
«Այս նախագիծն իրականացվեց շատ կարճ ժամանակահատվածում: Պետք է ասեմ, որ մասնակիցները հրաշալի մարդիկ են, հրաշալի ընկերներ, և ես հույս ունեմ, որ ծրագիրը շարունակություն կունենա: Հատուկ շնորհակալություն կոմպոզիտոր Վարդան Աճեմյանին (ներկայացման մեջ հնչում է Վ. Աճեմյանի 4-րդ սիմֆոնիան՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ. դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) և պարուսույց Արինա Արարատյանին հրաշալի աշխատանքի համար», - առաջնախաղից հետո նշել է ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ: 
Երևանի Շեքսպիրյան փառատոնի պատվավոր հյուրերի շարքում էին՝ աշխարհահռչակ բեմադրիչ Ռոբերտ Ստուրուան, անգլիացի դերասան և դրամատուրգ, Էդինբուրգի թատերական փառատոնի ժյուրիի պատվավոր անդամ Փիփ Աթթոնը, գերմանացի երաժշտագետ, տեսաբան, մշակութային մենեջեր Դիեթեր Թոփը, Կրայովայի Շեքսպիրյան միջազգային փառատոնի տնօրեն, բեմադրիչ Ալեքսանդրու Բուրունուն և այլ պատվավոր հյուրեր: Նրանց ղեկավարությամբ անց են կացվել վարպետության դասեր:
«Շեքսպիրյան փառատոնն իր ձևաչափով, կարելի է ասել, յուրահատուկ փառատոն է, և ես շատ ուրախ եմ, որ կարճատև դադարից հետո այն կրկին շարունակում է իր փառատոնային կյանքը: Ձեր փառատոնը կայացած է: Այդ հարցում մեծ ավանդ ունի փառատոնի հիմնադիր ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ: Եվ այդ գործն այսօր շարունակում է փառատոնի տնօրեն ԿԱՐՈ ԲԱԼՅԱՆԸ»,- իր ողջույնի խոսքում նշել է աշխարհահռչակ ռեժիսոր ՌՈԲԵՐՏ ՍՏՈՒՐՈՒԱՆ:
Նշենք, որ փառատոնի բոլոր մասնակիցներին տրվել են մասնակցության հավաստագրեր:
Հիմնական ներկայացումների մուտքը եղել է հրավիրատոմսերով:
Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ, տնօրենը՝ ԿԱՐՈ ԲԱԼՅԱՆԸ: Պրոդյուսերը` ԱՆՈՒՇԻԿ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ: