Երիտասարդ Թատերական Ռեժիսուրայի 10 -րդ հանրապետական փառատոն

Երիտասարդ Թատերական Ռեժիսուրայի 10 -րդ հանրապետական փառատոն

  

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի թատերական գործիչների միությունը ս/թ նոյեմբերի 22-25-ը Երևանում կանցկացնի Երիտասարդ Թատերական Ռեժիսուրայի X հանրապետական փառատոնը: Փառատոնի բացումը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 22-ին, ժ. 18:00-ին, Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում:
Երիտասարդ Թատերական Ռեժիսուրայի X հանրապետական փառատոնին այս տարի կմասնակցեն բեմադրիչներ՝ Երևանից և Գյումրիից: Երևանյան 6 բեմահարթակներումկցուցադրվեն Սամսոն Մովսեսյանի «Մատնչափիկը» և «Վհուկը», Գոռ Մարգարյանի «Մնաց 7 օր», Կարո Բալյանի «Չմարդիկ» և «Դեպի տուն», Նորա Գրիգորյանի «Խնջույք ամառանոցում», Ռաֆայել Ասատրյանի «Սիրային խաղեր», Տաթև Մելքոնյանի «Я ЗдесЪ» ներկայացումները:
Փառատոնի աշխատանքներին կմասնակցեն Մոսկվայից ժամանած փորձագետները` ՌԴ ժող.արտիստ, Մոսկվայի Մեյերհոլդի կենտրոնի ղեկավար Վիկտոր Ռիժակովի գլխավորությամբ, որոնք ներկայացում կընտրեն Մոսկվայի թատերական միությունների միջազգային կոնֆեդերացիայի՝ ԱՊՀ, Մերձբալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական ֆորումին մասնակցության համար: Ֆորումը նախատեսված է 2017թ. ամռանը` Ալմաթի քաղաքում (Ղազախստան):
Երիտասարդ թատերական ռեժիսուրայի հանրապետական փառատոնը հիմնադրվել է 2006թ.-ին Հայաստանի թատերական գործիչների միության կողմից` ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի նախաձեռնությամբ: Փառատոնի գլխավոր նպատակն է ներկայացնել երիտասարդ ռեժիսորների գործեր, բացահայտել նոր անուններ, ինչպես նաև պատկերացում կազմել արդի թատրոնի երիտասարդ ռեժիսորների ստեղծագործական նախասիրությունների մասին: Երիտասարդ թատերական ռեժիսուրայի հանրապետական փառատոնին մասնակցում են այն աշխատանքները, որոնք բեմադրվել են նախորդ թատերաշրջանում: Յուրաքանչյուր ներկայացումից հետո, տեղի կունենա քննարկում, որտեղ ճանաչված թատերագետների կողքին իրենց կարծիքը կարող են արտահայտել Երևանի պետական թատրոնի և կինոյի թատերագիտական բաժնի ուսանողները: Նրանց նաև հնարավորություն կտրվի հրապարակել վերլուծական հոդված Հայաստանի թատերական գործիչների միության «Թատրոն» թերթում (Այժմ՝ էլ. տարբերակ http://theatersunion.am):
 
Ս/թ նոյեմբերի 22-ին Երիտասարդ Թատերական Ռեժիսուրայի X հանրապետական փառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին. ՀԹԳՄ քարտուղար Սոնա Մելոյանը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Հայրապետյանը, բեմադրիչներ Կարո Բալյանը, Գոռ Մարգարյանը, Սամսոն Մովսեսյանը: