Երևանում կանցկացվի ԱՊՀ-ի, Բալթյան երկրների և Վրաստանի Երիտասարդական թատերական 3-րդ ֆորումը

Երևանում կանցկացվի ԱՊՀ-ի, Բալթյան երկրների և Վրաստանի Երիտասարդական թատերական 3-րդ ֆորումը

 


Մայիսի 15-21-ը Երևանում (Հայաստան) կանցկացվի ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի Երիտասարդական թատերական 3-րդ ֆորումը:

Ֆորումի կազմակերպիչներն են Թատերական միությունների միջազգային համադաշնությունը` ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ, Հայաստանի թատերական գործիչների միությունը և ՀՀ մշակույթի նախարարությունը:

ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների միջազգային ֆորումը առաջին անգամ անց է կացվել 2012թ.-ին Քիշնևում (Մոլդովա), երկրորդը` 2015թ.-ին Մինսկում (Բելառուս):

Ֆորումի կազմակերպիչների նպատակը ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների (բեմադրիչների, բեմանկարիչների, դրամատուրգների և թատերական քննադատների) միջև ստեղծագործական շփումների ամրապնդումն է, ինչն, անկասկած, խթան է համընդհանուր երիտասարդական թատերական մշակութային հարթակ ստեղծելու, սերտ գործակցելու համար:

Այս մեծածավալ թատերական նախագիծը կոչված է նաև մարզային և քաղաքային իշխանությունների, հասարակական և ստեղծագործական կազմակերպությունների ուշադրությունը սևեռելու դեպի թատրոնի ապագան որոշող մատաղ սերունդը:

Ֆորումը հնարավորություն է տալիս երիտասարդ թատերական գործիչներին կիսվել իրենց մասնագիտական ​​փորձով, քննարկել ծառացած խնդիրները, որոնց հետ առնչվում են ստեղծագործական ուղին սկսող պրոֆեսիոնալները: Բացի այդ, սա բացառիկ հնարավորություն է հանդիպելու համախոհ մարդկանց, գործակցության եզրեր հաստատելու և համատեղ նախագծեր իրականացնելու համար:

Ֆորումի ծրագիրը բաղկացած է երկու մասից: Նախ, մասնակիցների համար վարպետության դասեր, լաբորատորիաներ և որքշոփ կանցկացնեն թատերական ոլորտի ականավոր գործիչները:

Երիտասարդ բեմանկարիչների վարպետության դասերը կղեկավարի ռուս թատերական նկարիչ Յուրի Խարիկովը: Երիտասարդ բեմադրիչների արվեստանոցի և դրամատուրգների սեմինարների ղեկավարը` թատերական ռեժիսոր, Վ. Մեյերխոլդի անվան մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Վիկտոր Ռիժակովն է, թատերական քննադատների Կլոր սեղանները կղեկավարեն թատերական տեսաբաններ Մարիա Խալիզևան, Ալլա Շենդերովան:

Երկրորդը, Ֆորումը երիտասարդ բեմադրիչների և ներկայացումների հեղինակավոր մրցույթ է: Ծրագրում` յուրաքանչյուր երկրից կցուցադրվի մեկ ներկայացում` փորձագիտական ​​խորհրդի կողմից ընտրված և նախորդ 2 տարիների ընթացքում բեմադրված աշխատանքներ: Ներկայացումները կցուցադրվեն հանդիսատեսին երևանյան առաջատար թատրոնների բեմում: Ֆորումի ընթացքում աշխատելու են փորձագետներ, և նրանք են որոշելու լավագույն ներկայացումը: Հաղթող ճանաչված ներկայացումը իրավունք կստանա մասնակցելու Մոսկվայի Ա.Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնին:

Փորձագետների կազմում են` ՌԴ ժող. արտիստ Իգոր Յասուլովիչը (Ռուսաստան), թատերական քննադատ Ելենա Դյակովան (Ռուսաստան), կոմպոզիտոր, ռեժիսոր Արտյոմ Կիմը (Ուզբեկստան), թատրոնի և կինոյի դերասան Ալեքսանդր Ֆեկլիստովը (Ռուսաստան), թատերագետ Սոնա Մելոյանը (Հայաստան): Փորձագետների խմբի նախագահն է ռեժիսոր, երաժիշտ, թատրոնի և կինոյի դերասան, «Ռեժիսուրայի և Դրամատուրգիայի կենտրոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար, «SounDrama» Ստուդիայի հիմնադիր Վլադիմիր Պանկովը (Ռուսաստան):

Երևանյան Ֆորումի մասնակից երկրներն են. Հայաստան, Լատվիա, Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղզստան, Վրաստան, Ուկրաինա, Ռուսաստան, Մոլդովա, Բելառուս, Տաջիկստան, Լիտվա: