Հոկտեմբերի 15-23-ը Աբովյանում կանցկացվի թատերական փառատոն

Հայաստանի թատերական գործիչների միությունը, Աբովյանի համայնքապետարանը, Աբովյանի դրամատիկական թատրոնը ս/թ հոկտեմբերի 15-23-ը Աբովյանում կանցկացնեն Աբովյանի ամենամյա թատերական փառատոնը: Այն թվով երրորդն է: 
Փառատոնի շրջանակում նախատեսված է շուրջ տասը ներկայացում` Երևանի և Վանաձորի թատրոնների մասնակցությամբ. Հ. Բեգլարյան «Արծվաբույն» (Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն), Կ. Խոդիկյան «Հրավիրված ե՞ք ծնունդի» (Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն), Վ. Չալդրանյան, Գ. Խանջյան «Ձայն լռության կամ 6-րդ պատվիրանը» (Համազգային թատրոն), Հ. Թումանյան «Անխելք մարդը» (Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն), Ա. Բլոկ  «Արքան հրապարակում» (Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ),  Մ. Դելապորտ, Ալ. դե լա Պատելյեր «Անունը» (Հ. Մալյանի անվան թատրոն), Ն. Շահնազարյան «Վարագույրը չփակեք» (Վանաձորի Հ. Աբելյանի անվ. թատրոն),  ըստ Հայսմավուրքի թեմաների «Արդաղիոն» (Մնջախաղի թատրոն),  Օ․ Յեմելյանովա «Երեք խոզուկները» (Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թատրոն), Կ․ Խոդիկյան «Երկու մենապիես»  /«Երբ դու չկաս», «Լույսը կբացվի»/ (Գոյ թատրոն): 
Փառատոնը նպատակ ունի աշխուժացնել թատերական կյանքը Կոտայքի մարզում, թատերասեր հանրությանը հաղորդակից դարձնել թատերարվեստի զարգացումներին, սևեռել ուշադրությունը դեպի թատրոն:
Փառատոնի հանդիսավոր բացումը կկայանա ս/թ հոկտեմբերի 15-ին: Ներկայացումները տեղի կունենան Աբովյանի դրամատիկական թատրոնի բեմում: 
Ներկայացումների մուտքն անվճար է:
 
________________________________________
Հայաստանի թատերական գործիչների միության մամուլի ծառայություն
 
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 

Հոկտեմբերի 15-23-ը Աբովյանում կանցկացվի թատերական փառատոն