ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱՐՏԱՎԱԶԴ- 2022

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի Հանրային հեռուստաընկերության աջակցությամբ, Հայաստանի թատերական գործիչների միությունը` ս. թ. մարտի 27-ին, ժամը 19:00-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կանցկացնի «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը`նվիրված Գ. Սունդուկյանի անվ. ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակին: Մրցանակաբաշխությունը կցուցադրվի Առաջին ալիքի ուղիղ եթերում։

Մրցանակներ կհանձնվեն 17 անվանակարգերում (այս տարի ավելացել է ևս երկու անվանակարգ՝ «Լավագույն պլաստիկ ներկայացում» և «Լավագույն թատերագիտական հոդված»):

Կտրվեն նաև Ավետ Ավետիսյանի անվան հատուկ և «Թատերարվեստին անբասիր ծառայությանհամար» «Արտավազդ» մրցանակներ:

Մրցանակաբաշխության փորձագետների կազմում են արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Նարինե Սարգսյանը, ՀՀ ժող․ արտիստ Վահե Շահվերդյանը, դրամատուրգ Գուրգեն Խանջյանը, Առաջին ալիքի գործադիր տնօրենի տեղակալ, գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը, կոմպոզիտոր Վահե Հայրապետյանը, բեմադրիչ Գոռ Մարգարյանը, վաստակաշատ մենապարող Հրաչյա Բադալյանը։

Թատերական երեկոյի բեմադրիչը Արթուր Մանուկյանն է:

ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունն ավանդաբար անց է կացվում Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին: Այդ օրը ի մի են բերվում նախորդ տարվա կատարված աշխատանքները:

«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1996 թվականին` ՀՀ ժող․ արտիստ Երվանդ Ղազանչյանի կողմից: