ՏԱՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ /2012/

ՏԱՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ  /2012/

  

 

Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ  ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆՆ, ամփոփելով 2012 թվականն ասաց, որ տարին լի է եղել նշանակալի թատերական իրադարձություններով: Տարվա գլխավոր թատերական իրադարձություն Հ.Ղազանչյանը համարեց «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրված էր ՀԹԳՄ 70-ամյակին: Նա իր խոսքում նշեց, որ «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունն ի մի է բերում Հայաստանի թատրոնների վերջին  տարվա կատարած աշխատանքներն ու գնահատական տալիս դրան:
«Արդեն բարի ավանդույթ է դարձել «Արտավազդ» մրցանակաբաշխությունն անցկացնել նաև Երևանում, ապա` մարզերից մեկում: Այս տարի մրցանակաբաշխությունն անցավ Երևանում և Գյումրիում»,- փաստեց Հ.Ղազանչյանը:
Կարևոր իրադարձություններ էին «Արմմոնո»  և Վ.Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոները, որոնք, ըստ Հ.Ղազանչյանի, շարունակում են գտնվել ՀԹԳՄ օրակարգում:
Խոսելով փառատոնային գործունեության մասին, Հ. Ղազանչյանը անդրադարձավ հոկտեմբերի 9-12-ը Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում անցկացված մոնոներկայացումների  թատերական փառատոնին, որն այս տարի առաջին անգամ անցկացվեց միջազգային ձևաչափով: Հինգ օրերի ընթացքում Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան Մշակույթի կենտրոնի բեմում խաղացվեց 10 ներկայացում`Գերմանիայի, Լեհաստանի, Լիտվայի և Հայաստանի թատերական գործիչների մասնակցությամբ:
ՀԹԳՄ նախագահը կարևորեց նաև 2006թ.-ից իր գործունեությունը ծավալող
Երիտասարդ Թատերական ռեժիսուրայի հանրապետական փառատոնը. «Այս փառատոնը համախմբում է երիտասարդ բեմադրիչներին և մեկ ընդհանուր պնակի մեջ ներկայացնում նրանց աշխատանքները: Ուրախալի է, որ ամեն տարի փառատոնն ունենում է բավական հետաքրքիր հայտնություններ: Ի դեպ, փառատոնի ընթացքում աչքի ընկած բեմադրիչներից մի քանիսը 2013թ. ամռանը կմեկնեն Մոսկվա` Ա. Չեխովի անվ. միջազգային թատերական փառատոնի ընթացքում հանրահայտ թատերական բեմադրիչների վարպետության դասերին մասնակցելու»:
Հ.Ղազանչյանը նաև խոսեց 2012թ. հունիսի 6-13-ը Քիշնևում կայացած ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների միջազգային համաժողովի մասին: Ըստ նրա, հայ երիտասարդ թատերական գործիչներն աչքի են ընկել. «Քիշնևում, համաժողովի շրջանակներում անցկացվել են երիտասարդ բեմադրիչների   փառատոն, բեմանկարիչների աշխատանքների ցուցահանդես, երիտասարդ թատերագետների մասնակցությամբ թատերական քննարկումներ, երիտասարդ դրամատուրգների պիեսների ժողովածուի շնորհանդես: Բեմադրիչ Նարինե Գրիգորյանի «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը, որի հեղինակն է երիտասարդ թատերագետ Անուշ Ասլիբեկյանը, նորարարական ու պատկերավոր լուծումների համար հանդիսատեսի և ժյուրիի կողմից արժանացավ բարձր գնահատականի և զբաղեցրեց պատվավոր երրորդ տեղը»,- նշեց Հ.Ղազանչյանը:
Տարվա կարևորագույն իրադարձությունների շարքում ՀԹԳՄ նախագահը առանձնացրեց նաև հայ-ռուսական-ղրղզական միջազգային թատերական նախագիծը, որի արդյունքում Բիշքեկի Չ.Այթմատովի անվան ռուսական դրամատիկական թատրոնում բեմադրվեց «Լիր արքա» ներկայացումը (գլխավոր դերում հանդես է եկել Վիգեն Ստեփանյանը). «Ներկայացման առաջնախաղը մեծ հաջողությամբ անցավ: Հույս ունեմ, որ գալիք տարվա ընթացքում ներկայացումը կշարունակի իր կենսագրությունը` մեկնելով շրջագայությունների»:
Հայաստանի Թատերական գործիչների միությունն այս տարի ակտիվ մասնակցություն է ունեցել Թատերական Լոռի փառատոնին. «Իմ կարծիքով, տարեցտարի այն  բավական լուրջ փառատոն է դառնում, ի պատիվ մարզպետի` Արթուր Նալբանդյանի սկզբունքայնության: Հուսամ, որ 2013թ. փառատոնը կունենա նոր ձևաչափ` դառնալով միջազգային»,- նկատեց Հ.Ղազանչյանը:
Անդրադառնալով մարզային թատրոններին Հ.Ղազանչյանն ասաց.«Մեր կապը մարզային թատրոնների հետ բավական ակտիվ է: Անում ենք հնարավորը, որպեսզի կարգավորենք նրանց ստեղծագործական վիճակը, ինչը կարևորագույն խնդիր է Թատերական միության համար: Թատրոններ կան, որոնք կադրերի լուրջ պակաս ունեն և մենք իրավունք չունենք աչք փակելու դրա վրա: Մենք փորձում ենք այնպես անել, որ այդ թատրոններում նշանակվեն գեղարվեստական ղեկավարներ: Այդ կապակցությամբ մշտական զրույցներ ենք ունենում մարզպետների հետ` հուսալով նրանց աջակցությունը: Ի դեպ, Թատերական գործիչների միության միջնորդությամբ, արդեն 2013թ. հունվարից, երիտասարդ բեմադրիչ Գոռ Մարգարյանը որպես գեղարվեստական ղեկավար կանցնի աշխատանքի Գորիսի Վ.Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնում: Փորձում ենք  համարժեք քայլ ձեռնարկել  նաև Կապանի Ա.Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնում»: