ՏԱՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ /2013/

ՏԱՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ /2013/

 

«Հայաստանի թատերական գործիչների միության ակտիվ գործունեության շնորհիվ այս տարի որոշում կայացվեց 2014թ-ին Հայաստանում անցկացնել Թատրոնի միջազգային ինստիտուտի (UNESCO) համաշխարհային կոնգրեսը, իսկ դա աննախադեպ իրադարձություն է: Եվ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կոնգրեսը բավական լուրջ ներդրում ունենա հայ թատրոնի միջազգային կապերի զարգացման գործում»,- ասաց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆՆ՝ ամփոփելով 2013 թվականը: Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ Մշակույթի նախարար տիկին Հ. Պողոսյանին, որը որոշում կայացրեց աջակցել կոնգրեսի կայացմանը: Հ. Ղազանչյանի փոխանցմամբ`2014թ. նոյեմբեր ամսին կայացող կոնգրեսին Հայաստան կժամանի մոտավորապես 300 պատվիրակ`100 երկրից:
Խոսելով սպասվող ձեռքբերումներից, պարոն Ղազանչյանը նաեւ առանձնացրեց  մարտ ամսին Հայաստանում անցկացվող Շեքսպիրյան փառատոների եվրոպական ցանցի տնօրենների նիստը, որին զրուցակցի փոխանցմամբ`Հայաստանում կլինեն 12 միջազգային շեքսպիրյան փառատոների տնօրեններ: Այդ օրերին նաեւ կանցկացվի հերթական Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը, որի ընթացքում կցուցադրվեն հայկական շեքսպիրյան լավագույն ներկայացումներ:
«Մենք բավական մեծ նշանակություն ենք տալիս մեր երկու միջազգային փառատոներին, որոնք, ես կարծում եմ, այս տարի կայացան շատ բարձր մակարդակով: Խոսքը Շեքսպիրյան եւ «Արմմոնո» փառատոների մասին է: Բարձր նշաձող ուներ այս տարի նաեւ Երիտասարդ ռեժիսուրայի հանրապետական փառատոնը: Ներկայացումներ կային, որոնք ուղղակի զարմացրին Մոսկվայից ժամանած փորձագետներին, ինչը ուրախալի էր: Այդ փորձագետների խումբը ղեկավարում էր ՌԴ ժող. արտիստ Վիկտոր Ռիժակովը: Նա ժամանակակից ամենահայտնի ռուս բեմադրիչ ու մանկավարժ է: Կուրսեր է տանում Մեյերհոլդի կենտրոնում եւ Մոսկվայի Գեղարվեստական թատրոնին կից դպրոց-ստուդիայում: Նրանց այցի նպատակն էր ընտրել ներկայացում Թատերական միությունների միջազգային կոնֆեդերացիայի կազմակերպած ԱՊՀ եւ Մերձբալթյան երկրների եւ Վրաստանի երիտասարդական ֆորումին մասնակցության համար»,- ասաց Հակոբ Ղազանչյանը: Ի դեպ, այդ ծրագրի շրջանակում նախատեսված փառատոնը կայանալու է 2014 կամ 2015 թվականին` Մինսկում (Բելառուսիա): Ֆորումին մասնակցելու են նաեւ երիտասարդ դրամատուրգներ, բեմանկարիչներ եւ թատերագետներ:
Պարոն Ղազանչյանի խոսքով`տարվա գլխավոր թատերական իրադարձություններից է` ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունն, որն ավանդաբար անցեկացվում է մարտի 27-ին`Թատրոնի միջազգային օրը: «Այդ օրը մենք  ի մի ենք բերում նախորդ տարվա կատարված աշխատանքները»,- նկատեց Հ. Ղազանչյանը:
ՀԹԳՄ նախագահն անդրադարձավ նաեւ մարզային թատրոնների հետ կապված աշխատանքներին: «Կարեւոր իրադարձություն էր երիտասարդ բեմադրիչ Գոռ Մարգարյանին գեղ. ղեկավար նշանակելը` Գորիսի Վ. Վաղարշյանի անվան թատրոնում: Նա բավական հետաքրքիր է աշխատում: Կարեւոր էր նաեւ Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի հետ տարվող աշխատանքները: Մեր ակտիվ միջամտությամբ վերանշանակվեց  թատրոնի գեղ. ղեկավարը` Արմեն Բայանդուրյանը»,- ասաց Հ. Ղազանչյանը` հավելելով, որ ՀԹԳՄ-ը` ՀՀ կառավարության հանձնարարությամբ իր վրա է վերցրել Հայաստանի կողմից Թբիլիսիի հայկական թատրոնին տրամադրվող ֆինանսական օգնության վերահսկումը:
Հ. Ղազանչյանի փոխանցմամբ` Թբիլիսիի թատրոնի շենքը վերջապես կապիտալ վերանորոգման կկանգնի. «Թատրոնի շենքի վերանորոգման խնդրի հետ կապված ՀԹԳՄ համագումարը նամակ ուղարկեց Բիձինա Իվանիշվիլու հիմնադրամին, որը արդեն իսկ պատրաստակամություն է հայտնել շենքի վերանորոգման հարցերով զբաղվելու: Կարծում եմ, որ պետական միջամտությունը շատ կարեւոր է: Կասկած չունեմ, որ եկող տարի այդ հարցը որոշակի առաջխաղացում կունենա: Ուզում եմ հավատալ, որ նման ընթացքի կարժանանա նաեւ Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի շենքը, որի գործընթացը սկսված է»:
Պարոն Ղազանչյանը բացթողում համարեց, որ Կապանի թատրոնում մինչ օրս չի նշանակել գեղարվեստական ղեկավար: «Կարծում եմ, որ պետք է թեկնածու առաջադրենք`համաձայնեցնելով թատրոնի հետ»,- եզրափակեց Ղազանչյանը: