ՏԱՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ /2014/

ՏԱՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ /2014/

 

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆՆ, ամփոփելով 2014 թվականն ասաց, որ տարին լի է եղել նշանակալի թատերական իրադարձություններով ու ձեռքբերումներով: «Հայաստանի թատերական գործիչների միության ակտիվ գործունեության շնորհիվ  նոյեմբերի 17-22-ը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Երևանում անցկացվեց Թատրոնի միջազգային ինստիտուտի (ՅՈՒՆԵՍԿՈ) 34-րդ համաշխարհային կոնգրեսը`«Նոր ձայներ, նոր հանդիսատես. ժամանակն է երկխոսության» կարգախոսով: Դա աննախադեպ ֆորում էր, որի անցկացումը մեծ իրադարձություն դարձավ մեր մշակութային և քաղաքական կյանքում»,- ընդգծեց Հ. Ղազանչյանն ու հավելեց, որ կոնգրեսին մոտ 300 պատվիրակներ են ժամանել Երևան՝  Ասիայից, Եվրոպայից, Լատինական Ամերիկայից, Աֆրիկայից:
Հ. Ղազանչյանի փոխանցմամբ՝ կոնգրեսի ընթացքում անցկացվել են միջազգային պարային և թատերական նախագծեր, վարպետության դասընթացներ, շնորհանդեսներ, տարբեր կարգի հանդիպումներ: Երեկոյան ժամերին պատվիրակները, իրենց նախընտրությամբ, ներկայացումներ են դիտել երևանյան թատրոններում, ծանոթացել են Հայաստանի թատերական գործիչների հետ:
Խոսելով 2014թ.-ի ձեռքբերումներից, պարոն Ղազանչյանն առանձնացրեց մարտի 19-22-ը Երևանում անցկացված Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան փառատոնը:
«Փառատոնը նվիրված էր Վիլյամ Շեքսպիրի ծննդյան 450-ամյակին: Այդ կապակցությամբ փառատոնին մասնակցում էին Շեքսպիրյան փառատոների եվրոպական ցանցի տնօրենները` Անգլիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Իսպանիայից, Չեխիայից, Դանիայից»,-  նշեց Հ. Ղազանչյանն ու ավելացրեց, որ փառատոնի ընթացքում ցուցադրվել են վերջին շրջանի հայկական շեքսպիրյան լավագույն ներկայացումները:
Փառատոնի շրջանակներում կայացել է Վ. Շեքսպիրի «Լիր արքա» հայ-վրացական համատեղ ներկայացման առաջնախաղը (բեմադրիչ՝ Հակոբ Ղազանչյան): Ե. Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարանում բացվել է ցուցահանդես՝ «Շեքսպիրը հայ թատրոնում», այնուհետև, անցկացվել է «Շեքսպիրը ժամանակակից թատրոնի քառուղիներում» միջազգային գիտաժողովը:
 «Մենք բավական մեծ նշանակություն ենք տալիս մեր երկու միջազգային փառատոներին: Խոսքը Շեքսպիրյան և «Արմմոնո» փառատոների մասին է, որոնք այս տարի, կարծում եմ, բարձր մակարդակով են անցկացվել: «Արմմոնո» միջազգային թատերական 12-րդ փառատոնի շրջանակներում ցուցադրվել է 17 ներկայացում՝ Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Լիտվայից, Ռուսաստանից հրավիրված դերասանների մասնակցությամբ: Փառատոնին մասնակցել են նաև հայ դերասաններ:
Բարձր նշաձող ունի նաև Երիտասարդ ռեժիսուրայի հանրապետական փառատոնը: Այս տարի այն անցկացվել է Թատրոնի միջազգային ինստիտուտի 34-րդ համաշխարհային կոնգրեսի շրջանակներում»,- ասաց Հ. Ղազանչյանը:
Պարոն Ղազանչյանի խոսքով` տարվա գլխավոր թատերական իրադարձություններից է` ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը, որն ավանդաբար անցկացվում է մարտի 27-ին` Թատրոնի միջազգային օրը: «Այդ օրը մենք ի մի ենք բերում նախորդ տարվա կատարված աշխատանքները»,-  նկատեց Հ. Ղազանչյանը:
ՀԹԳՄ նախագահն անդրադարձավ նաև մարզային թատրոնների հետ կապված աշխատանքներին: «Մարզային թատրոնները միշտ էլ գտնվել են ՀԹԳՄ ուշադրության կենտրոնում: Ի դեպ, Կապանի թատրոնն աչքի ընկավ լավ ներկայացումներով, որտեղ հիմնականում զբաղված էին Հրաչյա Գասպարյանի արվեստանոցում սովորող ուսանողները: Իսկ Գյումրիի և Վանաձորի թատրոնները շարունակում են պահպանել թատերական լավագույն ավանդույթները»,- շեշտեց Հ. Ղազանչյանը:
Այս տարի սեպտեմբերի 23-29-ը ՀԹԳՄ-ն անցկացրել է թատերական փառատոն Վայոց Ձորի մարզում՝ նվիրված Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին:  Փառատոնին մասնակցել են Գ. Սունդուկյանի անվան թատրոնը` Եղեգնաձորում (Պ. Զեյթունցյան, «100 տարի անց»), Հ. Մալյանի անվան թատրոնը` Վերնաշենում (Հր. Քոչար, «Կարոտ»), Պատանի հանդիսատեսի թատրոնը` Արենիում (Ռ.Կալինովսկի, «Հրեշը լուսնի վրա»), Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնը` Խաչիկում (Լ. Զ. Սյուրմելյան, «Ձեզ եմ դիմում»), Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը` Գետափում (Հ. Թումանյան, «Անխելք մարդը», ծրագրից դուրս` հատուկ երեխաների համար) և Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնը` Վայքում (Ս. Խալաթյան, «Հրադադար») ներկայացումներով:
«Մարզպետ  Էդգար Ղազարյանը (այժմ արդեն Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան) կարևորեց փառատոնի իմաստն ու խորհուրդը և ավարտին  շնորհակալագրեր հանձնեց մասնակից թատերախմբերին: Կարծում եմ՝ պետք է շարունակել նման փառատոները` հատկապես, սահմանամերձ մարզերում»,- կարևորեց Հ. Ղազանչյանը:
ՀԹԳՄ-ն այս տարի ակտիվորեն մասնակցել է «Թատերական Լոռի» փառատոնին, որի շրջանակներում անցկացվել է նաև մոնոներկայացումների ցուցադրություն:
Նշենք նաև. որ ՀԹԳՄ-ն այցելել է Թբիլիսի և Ստեփանակերտ:
ՀԹԳՄ-ը սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 12-ը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Երևանում անցկացրեց Վրաստանի մշակույթի օրեր, որոնց ընթացքում հանդես եկան վրացական ժամանակակից մշակութային կյանքն արտացոլող մի քանի հանրահայտ կոլեկտիվներ: Սեպտեմբերի 26-ին Ազգային Օպերայի և բալետի թատրոնում հանդես եկավ  Վրաստանի «Սուխիշվիլի» ազգային պարի համույթը, սեպտեմբերի 27-ին և 28-ին Գ. Սունդուկյանի անվան Ազգային թատրոնի շենքում ցուցադրվեց Թբիլիսիի Ֆաբրիկա թատրոնի «Մարիա Կալլաս» ներկայացումը (բեմադրիչ` Ռ. Ստուրուա), իսկ հոկտեմբերի 11-ին և 12-ին նույն բեմահարթակում հանդես եկավ Թբիլիսիի Ա. Գրիբոյեդովի անվան Ռուսական դրամատիկական թատրոնը «Խոլստոմեր» ներկայացմամբ (բեմադրիչ` Ա. Վարսիմաշվիլի):
«Փոխադարձ այցելությամբ Թբիլիսիի Ա. Գրիբոյեդովի անվան թատրոնում հանդես եկավ Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնը: Եկող տարի հյուրախաղերով Թբիլիսիում կլինեն Գ. Սունդուկյանի անվան և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնները: Շ. Ռուսթավելու անվան թատրոնը պատրաստ է ընդունել և անվճար տրամադրել դահլիճները»,- եզրափակեց Հ. Ղազանչյանը: