ՏԱՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ /2015/

ՏԱՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ /2015/

 

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆՆ, ամփոփելով 2015 թվականն ասաց, որ տարին լի է եղել նշանակալի թատերական իրադարձություններով ու ձեռքբերումներով: 
«Տարվա գլխավոր թատերական իրադարձությունը ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունն էր, որն ավանդաբար անցկացվում է մարտի 27-ին` Թատրոնի միջազգային օրը: Այդ օրը մենք ի մի ենք բերում նախորդ տարվա կատարված աշխատանքները», -  նշեց Հ. Ղազանչյանը, հավելելով, որ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի նվիրված էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի ծննդյան 85-ամյակին: 
Հայաստանի թատերական գործիչների միությունը, «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության շրջանակներում, այս տարի Երևանում նախաձեռնել էր մարզային թատրոնների /Կապանի, Գորիսի, Արտաշատի, Գավառի, Աբովյանի/ ստուգատես, որի ամփոփումը կայացավ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: Քննարկման ընթացքում խոսվեց նաև մարզային թատրոններին վերաբերող մի շարք խնդիրների մասին:
Խոսելով մարզային թատրոնների մասին՝ Հ. Ղազանչյանն ասաց, որ ս/թ հոկտեմբերի 5-11-ը ՀԹԳՄ-ն Աբովյանի քաղաքապետարանի հետ համատեղ,  Աբովյան քաղաքում անցկացրեց թատերական փառատոն՝  նվիրված Աբովյան քաղաքի տոնին (1963թ.-ին հիմնադրված քաղաքի տոնը նշվում է հոկտեմբերի կեսերին՝ սկսած 2000թ.-ից): Փառատոնի շրջանակում ցուցադրվեց 11 ներկայացում` Երևանի թատրոնների և Աբովյանի քաղաքային թատրոնի մասնակցությամբ: 
«Փառատոնը նպատակ ուներ աշխուժացնելու թատերական կյանքը մարզում, թատերասեր հանրությանը հաղորդակից դարձնելու թատերարվեստի զարգացումներին, սևեռելու ուշադրությունը դեպի թատրոն: Ի դեպ, մուտքը ներկայացումներին եղել է անվճար»,- ընդգծեց Հ. Ղազանչյանը:
ՀԹԳՄ-ը շարունակում է ուշադրությունը պահել մարզային թատրոնների խնդիրների վրա: «Ուրախալի է, որ Գավառի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի սկզբունքային հետևողականության շնորհիվ, 2016թ. ավարտին կհասցվի Գավառի թատրոնի նոր շենքը: Ծրագրվում է Գավառում բացել դերասանական կուրս, ինչի անհրաժեշտությունը վաղուց հասունացել է»,- նշեց Հ. Ղազանչյանը:
ՀԹԳՄ-ն այս տարի, անվանի թատերական գործիչների խմբով, Սյունիքի մարզում կազմակերպել և մասնակցել է 2 թատերական միջոցառումների: Նախ, ս/թ հոկտեմբերի 30-ին, Գորիսի Վ. Վաղարշյանի անվ. թատրոնում հանդիպում կազմակերպվեց թատրոնի ստեղծագործական կազմի և մի խումբ հանդիսականների հետ, ապա, հոկտեմբերի 31-ին մեծ շուքով և հանդիսավորությամբ նշվեց Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի 80-ամյա հոբելյանը (թատրոնը հիմնադրվել է 1935թ.-ին): «Գտնում եմ, որ այս թատրոնի գլխավոր ձեռքբերումն այն է, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին կից Կապանում բացվեց դերասանական կուրս, որը մեծ ջանասիրությամբ ղեկավարում է մեր տաղանդավոր գործընկերներից մեկը՝ ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հրաչյա Գասպարյանը: Այս հրաշալի երիտասարդները, որոնք հավաքվել են այդ կուրսում, արդեն այս թատրոնի դերասաններն են: Նրանք շատ որոշակիորեն մեզ ասում են, որ թատրոնի ապագան կա և թատրոնը շարունակելու է ժամանակին համընթաց ապրել և աշխատել: Անշուշտ, չեմ կարող թերագնահատել այն դերասաններին, որոնք արդեն երկար տարիներ այս թատրոնի մշակներն են: Նրանց հետ ինքս էլ պատիվ եմ ունեցել աշխատելու: Կասկած չունեմ, որ սերնդափոխությունն այս թատրոնում շատ ճիշտ կատարվեց և իր արդյունքները մոտ ապագայում տալու է»: 
Հակոբ Ղազանչյանն ասաց, որ մարզերից բացի, ՀԹԳՄ պատվիրակությունը պարբերաբար այցելում է Թբիլիսիի Պ. Ադամյանի անվ. պետական հայկական թատրոն: Ս/թ նոյեմբերի 9-ին Թբիլիսիի Շ. Ռուսթավելու անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում կայացավ Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի «Սովորական պատմություն» /ըստ Մ. Լարդոյի պիեսի/ ներկայացման առաջնախաղը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի բեմադրությամբ: 
«Պետք է ասեմ, որ լեփ-լեցուն դահլիճ էր, և ներկայացումն անցավ շատ մեծ հաջողությամբ: Հանդիսատեսը երկար ժամանակ բաց չէր թողնում ստեղծագործական խմբի անդամներին: Այս փաստը մեկ անգամ ևս ուրախացրեց մեզ, քանի որ մենք տեսանք արդեն մի քանի տարի դժվար պայմաններում աշխատող Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի կոլեկտիվի ստեղծագործական կենսունակությունն ու նվիրումը: Ուրախալի է շատ, որ այս թատրոնում աշխատում են տաղանդավոր մարդիկ, և նրանց անօթևան մնալը բացարձակապես չի ազդել թատրոնի ստեղծագործական որակի վրա: Այդ առումով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թատրոնի ստեղծագործական կազմին, որը դժվարին պայմաններում, այնուամենայնիվ,կարողացավ պահել-պահպանել թատրոնը և շատ հետաքրքիր աշխատել»:
Խոսելով Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի շենքի ներկայիս վիճակի մասին` Հ. Ղազանչյանը նշեց. «Ինձ հասած տեղեկությունների համաձայն՝ թատրոնի վերանորոգման աշխատանքները կավարտվեն մյուս տարի ամռանը, և թատրոնը կվերաբացի իր դռները հանդիսատեսի առաջ»:
Անդրադառնալով ձեռքբերումներին՝ ՀԹԳՄ նախագահն առանձնացրեց ս/թ նոյեմբերի 19-26-ը ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ, Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած ԱՊՀ և Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների միջազգային II ֆորումը, որին ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի թատերական գործիչների միության աջակցությամբ մասնակցել են երիտասարդ թատերական գործիչներ Գոռ Մարգարյանը, Անուշ Ասլիբեկյանը, Անահիտ Մութաֆյանը, Նելլի Բարսեղյանը, Ալինա Ալեքսանյանը, ինչպես նաև Պատանի հանդիսատեսի թատրոնը` «Մեղրի համը» ներկայացումով:
Ըստ նրա՝ ֆորումի 8 օրերի ընթացքում ցուցադրվել է 14 բեմադրություն՝ ստեղծված 13 երկրի՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Լատվիայի, Լիտվայի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Էստոնիայի թատրոնների երիտասարդ բեմադրիչների կողմից: Ներկայացումները նախապես ընտրել էր Մոսկվայի Ա.Պ. Չեխովի անվ. փառատոնի փորձագետների խումբը:
Ֆորումի շրջանակներում, ռուսաստանյան հեղինակավոր մասնագետների կողմից, անցկացվել են վարպետության դասընթացներ՝ երիտասարդ բեմադրիչների, բեմանկարիչների, դրամատուրգների և թատերական քննադատների համար:
Բեմանկարիչների լավագույն աշխատանքները ցուցադրվել են «Բեմանկարչական կոլաժ» ("Сценографический коллаж”) խորագիրը կրող ցուցահանդեսում, իսկ երիտասարդ դրամատուրգների լավագույն պիեսները հրատարակվել են հատուկ ժողովածուում:
Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Մարիամ Ղազանչյանը արժանացել է ժյուրիի հատուկ՝ «Լավագույն կին դերակատար» մրցանակի՝  Ջոյի դերը մարմնավորելու համար:
ՀԹԳՄ ուշադրության կենտրոնում է «Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա փառատոնը: Հ. Ղազանչյանի խոսքով՝ այս տարի այն անցկացվեց ս/թ մայիսի 6–11-ը: Փառատոնի շրջանակում ցուցադրվեց 31 ներկայացում (ԱՄՆ, Քուվեյթ, Մարոկո, Եգիպտոս, Բուլղարիա, Լեհաստան, Ռուսաստան, Բելառուս, Լիտվա, Իրան, Հայաստան): 2015թ. փառատոնի նորամուծություններից է եղել «Արմմոնո-Կլաս» ծրագիրը, որտեղ իրենց մասնակցությունն են ունեցել դպրոցականներ: 
Ամփոփելով զրույցը՝ Հ. Ղազանչյանը նշեց, որ ս/թ դեկտեմբերի 4-7-ը Թատրոնի Միջազգային Ինստիտուտը (ITI) Շանհայում (Չինաստան) կազմակերպել էր քննարկում, որին մասնակցել են ԹՄԻ գլխավոր տնօրեն Թոբիաս Բիանկոնեն (Շվեյցարիա), կոմիտեի անդամ-բեմադրիչներ  (Հ. Ղազանչյանը հանդիսանում է ԹՄԻ-ի Դրամատիկ թատրոնի կոմիտեի նախագահ)՝ Ֆաբիո Տոլլեդին (Իտալիա), Ջորջո Զորցուն (Իտալիա), Վու Չիաոջինգը (Չինաստան), Վանգ Չաոինգը (Չինաստան): 
Քննարկման ընթացքում մասնակիցները մի շարք կարևոր հարցեր են բարձրացրել, խոսել ոլորտում առկա խնդիրների, բեմադրիչների միջազգային փորձի փոխանակման մասին: 
«Բեմադրիչների միջազգային փոխանակումները ավելի արդյունավետ դարձնելու, նրանց միավորող պրոֆեսիոնալ հարթակ ստեղծելու համար անհրաժեշտ էր ստեղծել բեմադրիչների միջազգային ցանց: Եռօրյա քննարկումների արդյունքում հիմք դրվեց ցանցի ձևավորմանը»:
Թատրոնի միջազգային ինստիտուտը (ITI) կատարողական արվեստների աշխարհում ամենամեծ կազմակերպությունն է: Այն աշխարհում ունի հարյուրից ավելի կենտրոն: