ՏԱՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ /2016/

 

ՏԱՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ /2016/

 

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն, ամփոփելով 2016 թվականն ասաց, որ տարին լի է եղել նշանակալի թատերական իրադարձություններով. փառատոներ, հյուրախաղեր, այցելություններ մարզային թատրոններ և հոբելյանական երեկո: 
«Տարվա գլխավոր թատերական իրադարձությունը ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունն էր, որն ավանդաբար անց է կացվում մարտի 27-ին` Թատրոնի միջազգային օրը: Այդ օրը մենք իմի ենք բերում նախորդ տարվա կատարված աշխատանքները»,- նշեց Հ. Ղազանչյանը՝ հավելելով, որ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի նվիրված էր Հայաստանի թատերական գործիչների միության 75-ամյակին:
Հայաստանի թատերական գործիչների միությունը շարունակում է ուշադրությունը պահել մարզային թատրոնների խնդիրների վրա: «Ուրախալի է, որ Գավառի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի սկզբունքային հետևողականության շնորհիվ, շուտով ավարտին կհասցվի Գավառի թատրոնի նոր շենքը: Ծրագրվում է Գավառում բացել դերասանական կուրս, ինչի անհրաժեշտությունը վաղուց հասունացել է»,- ասաց Հ. Ղազանչյանը:
Անդրադառնալով ձեռքբերումներին, ՀԹԳՄ նախագահն առանձնացրեց «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի հովանավորությամբ ս/թ հոկտեմբերի 20-26-ը Երևանում անցկացված Շեքսպիրյան միջազգային 12-րդ թատերական փառատոնը: «Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնն այս տարի հյուրընկալել էր շուրջ 130 մասնակցի և հյուրերի 15 երկրներից՝ Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Սլովակիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Նիգերիայից, Ալժիրից, Մոնղոլիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Վրաստանից և այլ: Թատերասեր հանրությունը հնարավորություն ուներ դիտելու դրամատիկական, երաժշտական, մոնոներկայացումներ»:
Այս տարի Շեքսպիրյան փառատոնը իրականացրեց միջազգային թատերական նախագիծ. «Այս ծրագրի նպատակն էր համատեղ ներկայացման միջոցով միավորել տարբեր ժողովուրդների թատերական մշակույթները (Հայաստան – Ալժիր - Ռումինիա – Նիգերիա – Բրազիլիա - Մոնղոլիա): Բեմ բարձրացավ թատերական ֆանտազիա Վ. Շեքսպիրի «Փոթորիկ» պիեսի մոտիվներով: Այս նախագիծն իրականացվեց շատ կարճ ժամանակահատվածում: Պետք է ասեմ, որ մասնակիցները հրաշալի դերասաններ էին, հրաշալի ընկերներ, և ես հույս ունեմ, որ ծրագիրը շարունակություն կունենա»:
Հ. Ղազանչյանը նաև ասաց, որ Երևանի Շեքսպիրյան փառատոնի պատվավոր հյուրերի շարքում էին՝ աշխարհահռչակ բեմադրիչ Ռոբերտ Ստուրուան, անգլիացի դերասան և դրամատուրգ, Էդինբուրգի թատերական փառատոնի ժյուրիի պատվավոր անդամ Փիփ Աթթոնը, գերմանացի երաժշտագետ, տեսաբան, մշակութային մենեջեր Դիեթեր Թոփը, Կրայովայի Շեքսպիրյան միջազգային փառատոնի տնօրեն, բեմադրիչ Ալեքսանդրու Բոուրեանուն և այլ պատվավոր հյուրեր: Փառատոնի մասնակիցների ղեկավարությամբ անց են կացվել վարպետության դասեր:
Փառատոնն այս տարվանից ունի նոր կազմ (փառատոնի գեղարվեստական ղեկավար՝ Հակոբ Ղազանչյան, տնօրեն՝ Կարո Բալյան, պրոդյուսեր` Անուշիկ Առաքելյան):
Խոսելով փառատոների մասին՝ Հ. Ղազանչյանը ներկայացրեց նաև ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող Երիտասարդ Թատերական Ռեժիսուրայի հանրապետական փառատոնը: Այն անց է կացվել ս/թ նոյեմբերի 22-25-ը:
«Երիտասարդ Թատերական Ռեժիսուրայի X հանրապետական փառատոնին այս տարի մասնակցեցին բեմադրիչներ՝ Երևանից և Գյումրիից: Փառատոնի աշխատանքներին հետևում էին Մոսկվայից ժամանած փորձագետները` ՌԴ ժող.արտիստ, Մոսկվայի Մեյերհոլդի կենտրոնի ղեկավար Վիկտոր Ռիժակովի գլխավորությամբ, որոնք ներկայացում կընտրեն Մոսկվայի թատերական միությունների միջազգային կոնֆեդերացիայի՝ ԱՊՀ, Մերձբալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական ֆորումին մասնակցության համար: Ֆորումը նախատեսված է 2018թ.»:
Հ. Ղազանչյանի փոխանցմամբ՝ այս փառատոնի գլխավոր նպատակն է ներկայացնել երիտասարդ ռեժիսորների նոր աշխատանքները, բացահայտել նոր անուններ, ինչպես նաև պատկերացում կազմել արդի թատրոնի երիտասարդ ռեժիսորների ստեղծագործական նախասիրությունների մասին:
ՀԹԳՄ նախագահը բարձր գնահատեց նաև մոտ 40 տարվա պատմություն ունեցող «Թատերական Լոռի» միջազգային թատերական փառատոնը, որն այս տարի կայացավ հոկտեմբերի 4-14-ը: Այն նվիրված էր Հայաստանի անկախության հռչակման 25- ամյակին: «Նորացված բովանդակությամբ, հարակից ծրագրերով է այս փառատոնն ամեն անգամ ներկայանում մարզային հանդիսատեսին։ Կենդանի հաղորդակցությամբ Երևանից 170 կմ հեռու ապրող արվեստասեր հանրությանն իրազեկում է արդի բեմարվեստի դրսևորումներին»։
Ամփոփելով զրույցը՝Հ. Ղազանչյանն ասաց, որ օրերս Հայաստանի թատերական գործիչների միությունը Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում անց է կացրել հոբելյանական երեկո` նվիրված ՀՀ ժող. արտիստ, պրոֆեսոր Հրաչյա Գասպարյանի ծննդյան 70-ամյակին:
«Հոբելյանական երեկոյի ընթացքում ելույթ ունեցան ՀՀ ժող. արտիստներ Ա. Գրիգորյանն ու Վահե Շահվերդյանը, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասանները, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանի վարպետություն և ռեժիսուրա 2 կուրսի ուսանողները (Հ. Գասպարյանի արվեստանոց)»:
2016թ.- ին կայացավ Հայաստանի թատերական գործիչների միության 16 - րդ համագումարը: Բաց քվեարկությամբ ԹԳՄ նախագահ վերընտրվեց Հակոբ Ղազանչյանը: Առաջին անգամ Հ. Ղազանչյանը ԹԳՄ նախագահ ընտրվել է 2007թ.-ին: