ՄԻ ՃԵՐՄԱԿ - ՃԵՐՄԱԿ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Հեռվում, շա~տ հեռվում, ուր բախվում են կապտավուն ալիքները` հոգեվարքի մեջ է մի ճայ:

 

ՄԻ ՃԵՐՄԱԿ - ՃԵՐՄԱԿ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

  

Մեկ դերասանի թատրոնը դա կամերային միջավայրում պրոֆեսիոնալ վարպետությամբ ներկայացող դերասանի ու հանդիսատեսի միջև կայացող յուրօրինակ հանդիպում է, որի ընթացքում քննության է առնվում մարդը` իր ներքին հոգեբանական խնդիրներով: Այսօրվա հայկական թատերական իրականության մեջ թատրոնի այս տեսակը իր ծաղկուն շրջանն  է ապրում, որի կայացման ու զարգացման մեջ  իր հզոր ներդրումն ունի բեմադրիչ Հակոբ Ղազանչյանը: Մոնոներկայացումներում նրա բեմադրական մտահղացումներն առանձնանում են նորարարական մոտեցմամբ, խիստ համարձակ վճիռներով, կերպարի տեքստի հետ տարած դիպուկ աշխատանքով: Այս անգամ ռեժիսորի  բեմական մտահղացումը հյուսվել էր չեխովյան հերոսուհիներից մեկի` Արկադինայի շուրջ /Ա. Չեխով, «Ճայը», Պատանի հանդիսատեսի թատրոն, ներկայացման առաջնախաղը` Սեուլում/: Բեմադրիչը հերոսուհուն դուրս է բերել չեխովյան ժամանակի ընկալումից, ներկայացրել նրան որպես մի ծեր միայնակի, ում, բացի իր մտերիմների գերեզմանից  ու հիշողություններից, ոչինչ չի մնացել: Ռեժիսորը այս կերպ, ասես, գտել է այն միջոցը, որը մասնագիտական նախանձից կուրացած, սեփական երջանկությունը այդպես էլ չգտած համառ հերոսուհուն կմղեր ինքնաբացահայտման: Այս Արկադինան /Լարիսա Ղևոնդյան/ եկել էր բարձրաձայնելու իր մեջ կուտակված անտեսվածությունը, շեշտելու իր «ես»-ը, կիսվելու իր ապրածով ու չապրածով, իր անցյալով ու ներկայով, իր «տխուր շրջանը գծելու ու հանգելու»: Կերպարի համար ելակետ էր ընտրված երկու մենախոսություն. մեկը Նինայի հայտնի մենախոսությունն է, մյուսը` Մարգարիտ Գոթիեի Արմանին  հղված դեկտեմբերի տասնհինգի նամակը, որոնց հաճախակի, բազմաձև խաղարկման միջոցով ամբողջանում է հերոսուհու նկարագիրը:

Լարիսա Ղևոնդյանը իր հերոսուհուն դիտարկում է ոչ միայն որպես դերասանուհի Արկադինա, այլ, նաև` որպես կին, ով մայր է և ում բնորոշ են կանացի բոլոր թուլությունները: Նա կարողանում է նուրբ շտրիխներով շերտ առ շերտ ի դերև բերել Արկադինայի ապրումները, մեծ վարպետությամբ միաժամանակ զարգացնում կնոջ ու դերասանուհու վարքագիծը: Լ. Ղևոնդյանը նուրբ կերպով է հոգեբանական այս բարդ զարգացումները կառուցում, վարպետորեն անցումներ կատարում մի հոգեվիճակից` մյուսին:  

Հակոբ Ղազանչյանը ազատորեն իր ներկայացումներում սինթեզում է տարբեր արվեստներ, օգտվում դրանց յուրահատկություններից: Խոսքը այս դեպքում էկրանի կիրառման մասին է, ինչն իր գործունեությունն սկսում է այն տեսարաններում, երբ Արկադինան շրջում է գերեզմաններում, փոշիներ սրբում ու հանդիպելով այս կամ այն ծանոթի գերեզմանին` մի քանի նախադասությամբ մեկնաբանում, թե ով էր նա և ավելացնում իր կարծիքը վերջինիս մասին: Էկրանը հերթով ցուցադրում է գերեզմանի «բնակիչներին», այս կերպ, ասես, բեմում ապահովելով այդ կերպարների ներկայությունը: Օրինակ, երբ մայրական գորովով Արկադինան մոտենում է Կոստյա-աթոռին` էկրանին փոքրիկ Կոստյայի պատկերն է և այլն: Էկրանը այստեղ ներկայանում է որպես մի հին ժապավեն, որը ցուցադրում է լուսանկարներ Արկադինայի թե´ բեմական և թե´ընտանեկան կյանքից, դերակատարումներից` դրվագներ: Ուշագրավ է էկրանի տեղակայումը` այն կիսաթեք է և, ասես, հենց ժապավենի նման էլ ցուցադրություններ կատարող: Պետք է նշել, որ սա էկրանի կիրառման յուրօրինակ և դեռևս մեզ չհանդիպող ձև է:

Ռեժիսորը մետաֆորներով է շփվում իր հանդիսատեսի հետ: Օրինակ, բեմ է բերում, ասես, սարդոստայնապատ, խաչանման աթոռներ, որոնց Արկադինան կերպավորում է որպես այս կամ այն հերոսի գերեզման,  ինչպես նաև` աթոռների քանակով կախված վանդակներ, որոնց մեջ փակված են ճայեր: Բեմադրիչը այս կերպ կարծես հանդիսատեսին է փոխանցում կապանքների մեջ հայտնված, զսպված ցանկություններով, չեխովյան տաղտուկի մեջ խեղդվող, չիրականացած երազանքներով ներկայացող հերոսներին ու այդ կապանքներից դեպ ազատությունը ձգտող Արկադինային:

Բեմադրիչը գործողությունները զարգացնում է երեք հարթության վրա` վերևում ճոճվող ճայերով վանդակներն են, էկրանը, ներքևում` գերեզմաններն ու վանդակից «դուրս թռած» ճերմակազգեստ ճայ-Արկադինան` մենախոսություն արտասանելիս և դիվային կերպարը /Յուրի Կոստանյան/, ով իր համր ներկայությամբ վկայում է, որ բեմում մեկ այլ`մղձավանջային իրականություն է: 

Նշանակալի է նաև չեխովյան դադարների առկայությունը: Ակնհայտ է, որ յուրահատուկ կերպով կարևորված են բեմական դադարները, դադարներ, որոնք ճնշող են, զսպող են, լարող են, սպառնող են: Հզոր ազդեցություն են թողնում նաև չեխովյան աղմուկները, անդորրը թրատող ճայերի ճիչերը: Լսելի են նաև թույլ, մահաշունչ ակորդներ, որոնք գալիս են արձագանքելու հերոսուհու ապրումներին:

Այն տեսարանում, երբ Արկադինան, որպես թե Նինա, հնչեցնում է իր մենախոսությունը` բեմադրիչը բեմ է բերում այդ տեքստի մեջ առկա կերպարներին. մի դեպքում դա Դևն է, մյուսում` դերասանուհու կողմից թվարկվող կենդանիների պլաստիկ լուծումներով գունեղ կերպավորումը: Ռեժիսորական նման գտնված լուծումը հնարավորություն է տալիս դերասանուհուն ներկայացնել իր կերպարը բոլորովին այլ դիրքերից: Խոսքը նույնպես կարևորված է դերասանուհու կողմից, որը հնչեցվում է գտնված հնչերանգներով: Օրինակ, «ցուրտ է, ամայություն է» խոսքերը արտաբերվում են անտարբեր, առանց զգացմունքի, անվրդով, կարծես ցույց տալով, որ ամեն ինչ այլևս կորցրել է իր իմաստը:

Ներկայացման բեմական ձևավորումը /Անտոն Քեշիշյան/ բխում է բեմադրության ընդհանուր գաղափարից և, միաժամանակ, թե´ բեմական հարդարանք է և թե´ որոշակի տպավորություն փոխանցող միջոց: Ետնավարագույրը ծառայում է ոչ միայն որպես էկրան, այլ նաև մի յուրատեսակ լազուրե կապույտ է, որը բեմում աշխատող ճերմակազգեստ դերասանուհու հետ մեկտեղ բերում է անսահման օվկիանի վրայով ճախրող ճայի, ազատության լիարժեք տպավորություն: Եվ հենց այս պահին է, որ գիտակցում ես չունեցածդ ազատությունը և նաև հենց այս ազատության գաղափարն է, որը ներկայացման մեջ գաղտնագրված կերպով մեզ է հղում բեմադրիչը, առաջարկում գործել սեփական թռիչքը, առաջարկում հասնել կապանք չճանաչող ազատության: 

Հեռվում, շա~տ հեռվում  բախվում են կապտավուն ալիքները...

 

Ռուզաննա Առաքելյան

թատերագետ