Ֆոմենկոյի թատերադպրոցի մայիսյան հաղթանակները

ՖՈՄԵՆԿՈՅԻ ԹԱՏԵՐԱԴՊՐՈՑԻ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ

Արդի հայ թատրոնի ստեղծագործական տարուբերումներում հազվադեպ բարձրարվեստ բռնկումներ որսացող թատերասերները ցնծությամբ ընդունեցին «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոցի» երկրորդ մայիսյան  հյուրախաղերը։Ֆոմենկոյի թատերադպրոցի մայիսյան հաղթանակներըՎերազարթնեցին 2008-ի մայիսին մոսկովյան արտիստների  երևանյան  դեբյուտի  չխունացած տպավորությունները։  Ռուսական դրամատիկական խաղացանկային դասական  բեմարվեստի ավանդույթների հուսալի հենքի վրա ինքնատիպ թատերաձեռագիրը բյուրեղացնող «ֆոմենկոների»  անկրկնելի հմայքի  վայելքը միանգամայն հավատընծա էր։ Չէ՞ որ առաջնախաղի պատիվը վերապահված էր  նոր թատրոնի  ծնունդն ավետած՝ Ալեքսանդր Օստրովսկու «Գայլերն ու ոչխարները» կատակերգության (ռեժիսոր՝ Մա Չժեն Խուն) ներկայացմանը։

                 

 «Ժամկետանց, հնաբույր» պիտակված «Գայլերն ու ոչխարները»


Հայաստանի մայր բեմում բեմադրության հեղինակ Պյոտր Ֆոմենկոն՝ Ստանիսլավսկու սիստեմի գուցե  վերջին մոհիկանը, իր փայփայած հիմնադիր դերասանախմբի պոռթկուն ներուժով էր շերտ առ շերտ բացահայտում  Օստրովսկու հանրածանոթ  կատակերգությունը։ Աներևակայելի համբերատար հեռատեսությամբ, խոշոր, բայցև նրբին վրձնահպումներով էր ամբողջացնում պիեսի իր հետազոտության թատերայնացումը։ Գնեսինկայում ստացած ջութակի դասերի, բանասիրական փայլուն  գիտելիքների, թատրոնում և կինոյում ձեռք բերած տատասկոտ, բայցև  անզուգական փորձառությամբ էր ձևավորվել  Ֆոմենկոյի թատերական պոետիկ փիլիսոփայությունը։ Ֆրանսիացիները 22 տարի  աշխարհապտույտ հաջողություն վայելող հենց այս թատերախաղով 2 դար անց  հայտնաբերեցին Օստրովսկու դրամատուրգիայի անխամրելի գրավչությունը և Ֆոմենկոյի տաղանդով «Կոմեդի ֆրանսեզում» բեմ բարձրացրին  իրենց Մոլիերին չզիջող ռուս դրամատուրգի «Անտառը»։

Գործողությունների ներքին հրայրքի հարաճուն կախարդանքին համընթաց, «վատ մարսված» գրական նյութի կենսաթրթիռ բեմատիպարով այնպես պրկվեց բազմամարդ հանդիսասրահի  համակ  ուշադրությունը, որ  ամենաքմահաճներն անգամ  չզգացին, թե ինչպես սահեցին երեքուկես ժամանոց ներկայացման վերջին ժամերը։ Ավելին, թերարժեք բեմականացումների հավաքական տպավորությամբ  «հնաբույր, ժամկետանց» պիտակված «Գայլերն ու ոչխարները»  շուտով վերընթերցելու պահանջ զգացին...

Մեր հանրաճանաչ թատերագործիչները, առանց բարդույթավորվելու,  մանկան անմիջականությամբ էին արձագանքում «ֆոմենկոների»  նախանձելի կերպապնակի գույների  նուրբ համադրությամբ  կենդանացված հերոսների  մարդկային նկարագրերի բեմական վարքագծին։ Խանդավառ ողջունում էին կերպարային հարաբերությունների արտասովոր բնութագրական, անսպասելի դիպուկ ու կենսաթրթիռ  դրսևորումները։  Վայրկենապես որսում էին  առանց բացառության բոլոր դերակատարումների վառ թատերային նրբերանգները։ Անթաքույց հիացմունքով էին ընկալում արտասովոր բեմավիճակները։ «Ապաշխարության սրբարան» էին ուղեկցում ի սկզբանե կեղծ բարեպաշտության դիմակի տակից իրական «եսը» թափանցիկ երևակող Մուրզավեցկայա (Մադլեն Ջաբրաիլովա)–Գլաֆիրա (Գալինա Տյունինա) «մոլիերյան դուետին»։ Միաժամանակ փորձում էին մտապահել գրոտեսկային հիմարավուն ու քչախոս ծաղրապատկերով զավեշտախառն ծիծաղ հարուցող Անֆուսա-Գալինա Կաշկովսկայայի և բնատուր խելքը կանացի քմայքներում տարրալուծած սիրակարոտ  այրի Եվլամպիա Նիկոլաևնա – Պոլինա Կուտեպովայի բեմական մանրակերտ վարքագծի ամեն նոր ելևէջ։ Անհնար էր խորունկ խոնարհումով  չընկալել Ֆոմենկոյի՝ կանանց նկարագրում մշտառկա նրբերանգներն ի հայտ բերելու, Ադամ-Եվա հարահոս թեմայի արդեն գտնված բացահայտումները մանրանկարչի հմտությամբ հարստացնելու  բացառիկ տաղանդը։ «Ի՜նչ կենսահաստատ խորագիտությամբ է կարողանում Ֆոմենկոն բեմ հանել Կնոջ առեղծվածային էությունը, - ինքնաբուխ բարձրաձայնեցին հանդիսասրահում,- ի՜նչ անվրեպ բնութագրականությամբ է աներևույթ ուղղորդում իր դերասանուհիների տարատեսակ մարմնավորումները»։

Ըստ արժանվույն գնահատվեցին  արտիստուհիների խաղի անօրինակ գրավչությունը իրենց վարպետ համախոհությամբ ցայտունացնող Ռուստեմ Յուսկաևի (Ապոլլոն), Ալեքսեյ Կոլուբկովի (Լինյաև), Կարեն Բադալովի (Բերկուտով), Թահիր Ռախիմովի (Վուկոլ), Կիրիլ Պիրոգովի (Գորեցկի)  և Անդրեյ Կազակովի (Պավլին, ծառայապետ) բարձրակարգ դերակատարումները։ Չէ՞ որ, վերջին հաշվով, նրանք ներդաշնակ խաղաոճով էին միակամ կենդանացնում  վերանձնավորման ու ներքին ապրումի հոգեբանական հավաստիության Ստանիսլավսկու հանրահայտ սիստեմի յուրացմամբ ու զարգացմամբ Ֆոմենկոյի տիտանական նվիրումով ստեղծված գուցե վերջին թատերադպրոցի արժանավորությունը։ Երբեմն-երբեմն միաժամանակ երեք պլաններում հանդես եկող արտիստական վառ անհատականություններն ապշեցնում էին  մանրազնին «պեղված» դրամատուրգիական նյութի խորիմացությամբ  գտնված ցայտուն արտահայտչամիջոցների  շռայլությամբ։ Հատկապես՝ բեմական խոսքի երաժշտականությամբ, ճկուն պլաստիկայով, խաղացկուն դիմախաղով, ժանրի գրված ու չգրված բոլոր հնարավոր կանոնների յուրահմա կերպավորմամբ։ Հապա ինչպե՜ս էին անհատակ խորություն հաղորդում միտումնավոր անավարտ թողնված, առաջին հայացքից անկարևոր թվացող բառակապակցություններին, անգամ եղանակավորող բառերին... Անկանխատեսելի շրջադարձերի, հոգեբանական ներքին ապրումի  բնականոն անցումների թատերայնացման  անգերազանցելի վարպետ Ֆոմենկոն՝ խորագույն հարգանքով վերաբերվելով հեղինակային տեքստին, առերևույթ ոչինչ չփոխելով, համարձակորեն շեշտադրում էր ի՜ր ռեժիսորական տեքստը, առանձնակի սրում դասական գործերում մշտառկա համամարդկայինը։ Կենտրոնացնելով հանդիսատեսի միտքը  մարդ արարածի  տարաբնույթ արատների ու արժանիքների վրա՝ առանց դեղատոմս պարտադրելու ընդգծում էր Գեղեցիկն ու Վեհը։ Ծիծաղկոտ մի  կենսասիրությամբ անխնա ձաղկում ու անչար երևակում էր Չարի  խորագնա արմատները։ Մուրզավեցկայայի ու Կուպավինայի կալվածքների նեղլիկ տարածքից  դահլիճ էր հորդում բեմադրիչի գլխավոր ասելիքը։ Երբևէ չէր մոռացվում  կոնկրետ ժամանակաշրջանը։ Բայցև կեղծ մուրհակների պատմությունը այնպես էր մատուցվում, որ հին օրերի թվացյալ պարզունակության բեմատիպարում հստակ զուգահեռվում էին արդի ֆինանսական աճպարարությունների նախահիմքերը։ Համարժեքության երևակայական նշան էր դրվում  դերակատարների զավեշտախառն ինքնահեգնանքով կերտված հերոսների և հանդիսասրահում գտնվող նրանց «ժառանգների»՝ խելոքների ու հիմարների, բարեկիրթների ու տհասների, փորձառուների ու միամիտների,  հաջողակ հարուստների ու սնանկացած աղքատների, ... գայլերի ու ոչխարների միջև։ Կախարդիչ էր երկու գլխավոր դերակատարուհիների բեմական հմայքը։   Առանց որևէ մեկի մարդկային արժանապատվությունը խոցելու, թատերարվեստի եթերային անսայթաք սլացքով ամենքին հոգեկան անչափելի բավականության ժամեր ու զվարթ ծիծաղ  պարգևելով, հոգսաշատ ու բազմաբարդ առօրյան  հնարամտորեն մոռացնել տալով։ Բեմանկարիչ Տատյանա Սելվինսկայան առերևույթ  մանրադետալ պահպանողական մոտեցմամբ է ձևավորել բեմական գործողությունների «էպիկենտրոնը»։ Մի քանի աննշան շտրիխներով  տարբերակելով  երկու դաստակերտերի կենցաղը, կահավորումը՝ թանձր ու շղարշե վարագույրների, լայնաձիգ ճոճացանցի հնարամիտ, մեջընդմիջվող կիրառմամբ ապահովում էր տարածականության խաբկանքը՝ մնացածի իրագործումը թողնելով իսկապես հանճարեղ բեմադրիչին ու սքանչելի դերակատարներին։  Պատահական չէ, որ Ֆոմենկոյի առեղծվածային շնորհառատությանը բանաստեղծական հատորներ ձոնած, մոտ 200 ներկայացումների բեմանկարչություն հեղինակած Սելվինսկայայի «Իմ Աստվածաշունչը» խորագրով աշխատանքների ցուցադրությամբ հիմք դրվեց «ֆոմենկոների ճեմասրահային պատկերասրահին», որում, ի  դեպ, հենց «ֆոմենկովցիների» նախաձեռնությամբ,  Լուիս Քերոլի «Ալիսան հայելու արտացոլանքում» հայտնի վիպակի սեփական թատերավարկածի (բեմադրիչ՝ Իվան Պոպովսկի) փայլուն բեմավորման հարևանությամբ ցուցադրվել է նաև մեր երիտասարդ գեղանկարիչ Ավետիս Խաչատրյանի  ռաբլեական ներշնչանքով վրձնած հեքիաթների աշխարհի  գունագեղ ընտրանին՝ կատալոգի անակնկալ ու շքեղ հայտնությամբ հատկապես հիշարժան արտերկրի մի շարք երկրներում վաղուց ճանաչում գտած  հայաստանցի  արվեստագետի համար։


                        «Ֆոմենկոների»  զավակները երևանյան «rendez-vous»-ում


Ֆոմենկոյի թատերադպրոցի մայիսյան հաղթանակներըԽՍՀՄ փլուզմամբ աշխարհի մեկ-վեցերորդ մասի ոչ մի հողաբեկոր չշրջանցած սոցիալ-հասարակական սամումի անկանխատեսելի ավերածությունների, ազգերի զինավառ հակամարտությունների հակամշակութային 90-ականներին ռուսական թատերարվեստի ռահվիրաները՝ Էֆրոսը, Վասիլևը և Ֆոմենկոն, անբացատրելի  հզոր մի դիմակայությամբ, վերածնում էին  երբեմնի  համարումը կորցրած կրթամշակութային խարխլված կառույցը՝ հանրահռչակ ГИТИС-ը, բարձր  արվեստի մաքրագործող   կենսուժով, առանց ազգային խտրականության նշույլի, ի սկզբանե  ձերբազատելով աստղային ինքնացուցքի բնավեր մարմաջից՝  միավորում ու գոտեպնդում  էին իրենց շուրջ համախմբված տարազգի ուսանողներին, սեր ու բարություն սերմանում նրանց մեջ, նրանց միջոցով։

Օստրովսկու «Գայլերն ու ոչխարները» անհիշելի ժամանակներից մինչ օրս թատերական տարբեր արվեստանոցների ուսումնական ծրագրի անբաժան մասն է կազմում։ Վրիպած չենք լինի, ըստ իս,  եթե փաստենք՝ երևի թե միայն ծերունազարդ Պյոտր Ֆոմենկոյին է հաջողվել  նոր թատերասերունդ համապարփակ  թրծել ու  վերակերտել արդեն տաղտուկով  ընկալվող պիեսի ներսուզումներով։ Ռուսաստանի թատերարվեստի ակադեմիայում 1988-ին անվերծանելի արտիստական բնազդով ժողովված դերասանառեժիսորական նրա երկրորդ խմբի սաների «Գայլերն ու ոչխարները» դիպլոմային ներկայացումը (1992-ի, ի դեպ, դարձյալ մայիսին)  անմիջապես թատերաշխարհի ուշադրության կիզակետում հայտնվեց և նոր թատրոնի,  կերպավորման նո՜ր «շկոլայի» հիմնաքար դարձավ։  Հենց այդ կայուն հիմնաքարն է ապահովել «Ֆոմենկոյի արվեստանոցի» երկտասնամյա  միջազգային ճանաչումն ու ներկայիս ստեղծագործական նախանձելի բարեկեցությունը։ Պայմանավորված այն կարևորագույն հանգամանքով, որ Ֆոմենկոյի հիմնած թատերակառույցի կայացման դժվարին փուլի բոլոր նվիրյալները՝ երբեմնի 10 հոգանոց հիմնադիր խմբի դերասաններն ու ռեժիսորները, այդ թվում և տաղանդաշատ միակ «հյուրեկը»՝ Կիրիլ Պիրոգովը, հասունացել են ժամանակի  ամենաանաչառ քննությունը մինչ այժմ էլ արժանապատվորեն հանձնող Ստանիսլավսկու հնաոճ համարվող սիստեմի նորահայաց զարգացմամբ։ Գիտակցաբար, մոլի ընթերցասիրության ներսուզումներով, «աստղավարակից» նախապես ու հիմնովին «վնասազերծվելով»,  միմյանց ձեռքբերումներով անկեղծ հիացմունքով  են միաբանվել  միևնույն թատերական ընտանիքում։ Այդպիսով էլ  դիմագրավել են տևական տնանկ դեգերումների կազմալուծող մամլիչին։

Ի զորու եղան  համաշխարհային բեմահարթակում բարձր արժեքներ ցոլացնելու, քանի որ իրենց ստեղծագործական գործընթացի անկանգ վերելքին ինքնակամ լծվել էր  ներկայիս տնօրենը՝ Անդրեյ Վորոբյովը։ Դեռ մանկուց Գալինա Տյունինայի հետ մտերմացած անուղղելի այս թատերապաշտը, ով դերասանական կրթության համար անպիտան որակվելուց չընկճվելով իր մշակութային բիզնեսն է բարեհաջող զարգացրել՝ առանձնակի խանդավառությամբ ու խստականոն աշխատաոճով է որդեգրվել «Ֆոմենկոյի արվեստանոցին»։ Ավելին՝ ուսանողական լսարաններից սկսած զինվորագրվել է Ֆոմենկոյի սաների այս բացառիկ խմբին, համառ ինքնակրթությամբ այնպես է խորացրել թատրոնի շինարարի իր  հանրագիտարանային մտավոր պաշարը, որ «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոցի» հանրաճանաչմանը համընթաց շուտով ինքն էլ արժանացել է Ստանիսլավսկու  հեղինակավոր մրցանակի։ Եվ, ի զարմանս  անձնական շահը գեղարվեստական արտադրանքի որակն ապահովելուց  գերադասողների ստվարացող բանակի,  սիրահոժար «եռատել»  է իրեն հասանելիք դրամական պարգևը եկեղեցական դպրոցի, մանկատան և թատերարվեստի զարգացման բարեգործական հիմնադրամների միջև (մեր ճանաչած ո՞ր տնօրենն այս կարգի զոհողություն կաներ)։ Վերջինիս գլխավորած տեխնիկական անձնակազմը երբևէ չի զլանում թատրոնն ապրեցնելու արդեն պատկառելի գիտելիքների ու հմտությունների զինանոցն անընդմեջ հարստացնելուց։ Եվ, զարմանալիորեն, չեն գոհանում ձեռք բերածով, նոր ժամանակների մարտահրավերները հաղթահարելու այլազան ուղիներ են շարունակ  մտմտում։ Ամենաէականը՝ նրանք, Անդրեյ Կոստինի ամենաբարեկիրթ ու խոհուն սատարմամբ, կազմավորեցին ոչ թե հովանավորչական, այլ մեկենասական գործուն  ու արժանապատիվ համակարգ, որը թույլ է տալիս համարձակ խիզախել հեռանկարային ծրագրեր կազմելիս։ Որքան շատ ես իրազեկվում մոսկովյան այս թատրոնի կայացման գործընթացին, այնքան ամրանում է համոզմունքդ՝ «ֆոմենկոների» կենսունակության  առեղծվածը  ամենայն մանրամասնությամբ, համակողմանիորեն վերծանելով կարելի է շատ շուտով գտնել թե Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, թե արդի հայ թատերարվեստի վերընձյուղման ամենաարդյունավետ ուղիները։

Ավանդույթ դարձած «փորձերի ու սխալների երեկոների» ընթացքում ի հայտ եկած ուշագրավ թատերամտածողության ամենահաջողված դրվագների իմաստուն խրախուսմամբ ծնված  32 խաղացանկային ներկայացումներից 5-ը ասվածի ամենախոսուն հավաստիքն են։ Տարաստիճան մասնագիտական կրթություն ստացած ամենաշնորհալի երիտասարդներին որպես «փորձնակ» (стажер) աշխատանքի ընդունելով՝ տարիներով լիարժեք ինքնադրսևորման հնարավորություն են ընձեռում։ Պյոտր Ֆոմենկոյի հաստատած թատերամտածողությանը առավելագույնս յուրացրածներով էլ համալրում են թատերախումբը։ Այդպիսով ահա արդեն  «զտարյուն ֆոմենկոների» հինգերորդ սերունդն են աճեցնում։ Ֆոմենկոյի հետ թե մանկավարժական, թե բեմադրական տևական ճանապարհ անցած ներկայիս գլխավոր ռեժիսոր Եվգենի Կամենկովիչի գեղարվեստական ղեկավարությամբ ամբողջացված  այդ թատերախաղերից մեկի՝ Տուրգենևի «Գարնանային ջրերի» հիման վրա բեմ բարձրացված «Ռուս մարդը  rendez-vous-ին» (ռեժիսոր՝ Յուրի Բուտորին) երևանյան երկրորդ ներկայացման ընդհանուր տպավորությամբ՝ հրաշալի համակարգ է գործում «ֆոմենկոների» ընտանիքում։   Երիտասարդական  տաղանդավոր, անսանձ երևակայության թռիչքով և բազմաշնորհ կերպափոխությունների նորահնար պատկերասրահով էին ներկայացնում «ֆոմոչկաները»  Տուրգենևի հանրահայտ երկի իրենց արդիաշունչ մեկնաբանությունը։ Երբեմն-երբեմն  յուրատեսակ կրկեսային արենա էր հիշեցնում մեր ռուսական թատրոնի բեմը, բայց հանդիսախաղային խինդ  ու աշխույժով ամենևին չէին խաթարվում թե գլխավոր կերպարների փոխհարաբերությունները, թե  սյուժետային գծի առանցքային կապակցվածությունը։ Իհարկե զգալի էին թատերական երկու սերունդների արտիստական ներուժի, հավաքական նկարագրերի տարբերությունները՝ ո՞ր թոռն է պապի հայելային անդրադարձը...Դատելով երբեմնի «капустник»-ային նախահիմքը պահպանած, Ֆոմենկոյի գրական կուռք Պուշկինի պաշտամունքով ներթափանցված, թատերական գրեթե բոլոր ժանրերի հնարամիտ ու համարձակ ծաղկաքաղով խորունկ ու թեթևասահ «Գարնանային ջրերի» երևանյան անսպասելի «…rendez-vous»-ում   Ֆեոդոր Մալիշևի, Դմիտրի Զախարովի, Սերաֆիմա Օգարևայի, Եկատերինա Սմիռնովայի, Համբարձում Կաբանյանի, Մարիա Կոզյարի,  Միխայիլ Կռիլովի, Յուրի Բուտորինի ի հայտ բերած անուրանալի վարպետությունից՝ «ֆոմենկոների»  զավակները իրենց մասնագիտական շնորհները վերակրթող  թատերադպրոցի բազմափորձ ավագներին չեն զիջում մոլի ընթերցասիրությամբ գտնված բացահայտումներով։ Նրանք, միասնաբար անթերի հեղինակելով տուրգենևյան  տարազգի վտարանդիների հնամենի կեցության ու բարքերի  համապատկերը՝ երիտասարդական նախանձելի ազարտով խաղարկում են դասական գրական գոհարի իրե՜նց մեկնաբանությունը։ Այնպես վարպետորեն են խաղարկում նկարիչ Վլադիմիր Մաքսիմովի մտահղացած դյուրափոփոխ նորաոճ բեմակառույցը, որ ոչ մի ակնթարթ չի թուլանում ներկայացման սրընթաց տեմպոռիթմը։ Կյանքը բոցկլտում է բեմում, ապրեցնող լիցքերով հորդում դեպի հանդիսասրահ... Սկսած «Էպիգրաֆից» մինչ տղամարդկանց «սրտակեր» Եկատերինա Սմիռնովա-Մարյա Պոլոզովայի անդիմադրելի կանացի գայթակղությամբ գերված, սիրային արկածների կախարդական շրջապտույտում ասես ակամա  խճճված Մալիշև - Դմիտրի Սանինի դեգերումների վերջին հավանական հանգրվան` Միացյալ Նահանգներ: Ավելի ստույգ՝ ֆրանկֆուրտյան ճամփաբաժանին անակնկալ գտնված ու ասես ակամա կորսված նրբակերտ իտալուհի Ջեմմայի (Սերաֆիմա Օգարևա)  երբեմնի լուսաշող սիրո գեթ փշրանքները ժողովելու թող որ «ժամկետանց», բայցև  հավաստի ու միակ ապրեցնող հույսով։  

Ֆոմենկոյի թատերադպրոցի մայիսյան հաղթանակներըԵթե Սերաֆիմա Օգարևան տպավորվում էր իր Ջեմմայի կերպարային զարգացման անսայթաք ընթացքով, ապա Եկատերինա Սմիռնովան ապշեցնում էր երկու միանգամայն տարբեր հերոսուհիների՝ Ջեմմայի կրակուբոց մոր և ամենաանհավանական սիրային արկածների մշտապես հաղթական «թագուհի» Մարյա Պոլոզովայի անճանաչելի կերպափոխություններով։ Տղամարդ դերակատարներն էլ ակնածանք էին հարուցում իրենց կատարողական ներուժով նույն ներկայացման տիրույթում կերպավորած  հերոսների շարքի ուրույն տարբերակմամբ։ Ակնհայտ էր նույն թատերադպրոցի բեմական անուրանալի բարեկրթությունը։ Եվ վստահություն է ներշնչում բարձրաձայնելու՝ այսպիսի թատերական հերթափոխ ձևավորած արվեստանոցում երբևէ չեն մարի  երկրային կյանքի 7-րդ տասնամյակի նախաշեմին  Ֆոմենկոյի ողջակեզով  ստեղծված թատրոնի երեկոյան լույսերը։ Կատա՞կ եք կարծում՝ Դերասանի տան երբեմնի ինը քառակուսի մետրից  ժամանակի պատնեշը ճեղքելով՝ դրանք այժմ համաչափ տարածվում են չորս թատերասրահներում։  Բոլոր հիմնադիր  ավագները՝ դերասաններն ու 5 բեմադրիչները,  նույն եռանդով ու սիրով,  «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոցին» անդամագրվել ջանացող  մեծաթիվ փորձնակների մասնագիտական ունակություններն են տարիներով համբերատար բացահայտում՝ միաժամանակ նրանց մարդավայել ապրուստը հոգալով. ո՞ր կիսաքաղց արվեստագետը կարող է անմնացորդ տրվել արարչական տառապանքին...

«Գարնանային ջրերի» հայ հանդիսատեսի նախանձախառն հիացմունքն անզսպելի էր. «Ա՜յ քեզ թատերական հերթափոխ, ի՞նչ են աջ ու ձախ ընկնում մեր «թատերանորոգիչները», թող  հարկավոր դասերը քաղեն «ֆոմենկոների» ու «ֆոմոչկաների» Երևանում խաղարկած գեթ այս երկու տարաոճ ներկայացումներից և անվրեպ կգտնեն թե ինստիտուտը, թե արդի հայ թատրոնները բարձրարվեստ ապրեցնելու ամենակարճ ճանապարհը։ Չէ՞ որ Պյոտր Ֆոմենկոյի երկրային կյանքի վերջնագծով չփլուզվեց նրա ստեղծած թատրոն-արվեստանոցը։ Որևէ մեկի մոտ հարց էլ չառաջացավ, թե ով պիտի ստանձնի գեղարվեստական ղեկավարի պարտականությունը, այո, ոչ թե պաշտոնը... նրանից հետո։ ГИТИС-ի նույն կուրսն ի սկզբանե  Ֆոմենկոյի հետ կրթող բեմադրիչ-մանկավարժ Եվգենի Կամենկովիչը դեռևս նույն լսարանում «ֆոմենկոների» հիմնադիր տասնյակի ուժերով բեմ հանած, «Գայլեր և ոչխարների» հաղթական դափնիները նույն թատերամտածողությամբ գունազարդած, շեքսպիրյան «Տասներկուերորդ գիշերով» հավաստեց ապագա թատրոնի ջահակիրը երբևէ լինելու իր արժանավորությունը»։

Ահա թե ինչու «Գարնանային ջրերը» ինքնօրինակ գունեղությամբ ուժգնացրին բռնկված մայիսյան թատերական հրավառությունը։ «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոցին»  բնորոշ  արտասովոր երաժշտականությանը հարիր լեզվով ասած,   եթե  ավագները կախարդեցին հանդիսասրահը Բեթհովենի ու Բախի նախանձելի խորագիտությամբ ու երկյուղածությամբ գործիքավորված  վիրտուոզ մեկնաբանություններով, ապա երիտասարդները, հասունանալով նույն Բեթհովենի ու Բախի  խորունկ ընկալմամբ, նույնքան վիրտուոզ հնչեցրին  «Բիթլզներ» ու «Փինգ Ֆլոյիդ»։

 


Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ