Սոս Սարգսյան – 85


Սոս Սարգսյան – 85


 «Ինչ որ մի ժամանակ մարդն ուզեց ինքն իրեն ճանաչել ու հորինեց թատրոնը։ Բեմը, թատրոնը ինձ համար մարդն է, նրա էությունը, շարժումը, կյանքը... Մենք դերասան չենք, մենք զինվոր ենք ու մեր զինվորի պարտքը պիտի կատարենք»։

                                                                                                                                           

Սոս Սարգսյան 

                                                    Երազում էր Քեռի Վանյա և Մակբեթ խաղալ


Սոս Սարգսյան – 85«Ստեփանավանի աստղը»

Հողագործ Արտաշեսի 7 զավակների առաջնեկն էր «Սոսին», ով անսահման երևակայություն ուներ՝ ձմեռը սահնակ էր սարքում, շներ լծում, աղավնիներ խնամում,    հնագույն ռուսական երգեր կատարում... Առաջին դասարանցիներով  երբ մի տեղ էին գնում, ընկերները  հորդորում էին՝ Սոսիկ, մի հատ արտասանիր, հարևանները լսում-զարմանում էին՝ էս ու՞մ տղան է...   Մորից վարակվելով ընթերցասիրությամբ՝ անհագ կլանեց Ժյուլ Վեռն, Ջեկ Լոնդոն, Թումանյան... (Հանճարեղ Լոռեցին իր խորախորհուրդ գրչի վճիտ բազմերանգությամբ դարձավ Սոս Սարգսյան հասունացող մարդու, հայի, արվեստագետի, մտավորականի, հասարակական գործչի հետագա ամբողջ կյանքի անբաժան ուղեկիցը. նախ՝ ժողովրդական հեքիաթների փայլուն մշակումներով, ապա տաղանդավոր  պատմվածքներով, պոեմներով ու քառյակներով, նաև՝ ազգային նկարագրով։)

Մեծ Հայրենականի վերքերից  սթափվող Ստեփանավանում ինքնատիպ մշակութային կենտրոն էր Պուշկինի անվան ռուսական դպրոցը, որի թատերական ինքնագործ խմբակի գրական-երաժշտական միջոցառումների «գլխավոր  դերակատարը» շուտով դարձավ  «դերասան» մականվանված  մոլի ընթերցասեր, փայլուն հիշողությամբ ու  կարդացածը վերարտադրելու,  ծանոթ-անծանոթին ծաղրանմանակելու ունակությամբ  օժտված պատանին։ Ավելին, Մ. Ալիգերի «Հեքիաթ ճշմարտության մասին» դրամայում  պարտիզանական ջոկատի ղեկավարի գլխավոր դերի հաջողությունից  թևեր առած ու բեմի կախարդանքից արբած՝ դադարեց դպրոց հաճախել։ Շրջանային թատրոնի գլխավոր բեմադրիչ Հովհաննես Կարապետյանը, նոր սերնդի բացահայտմամբ մշտազբաղ, աչքաթող չէր անում  Սոսիին.  թատրոնը քաղաքացիների համար  օդ ու ջուր էր... Հուսադրող էին դերասանական տվյալները՝ սլացիկ հասակ, հաճելի ձայն, կրակոտ աչքեր, ջերմ ներքին, արտահայտիչ շարժուձև և չափի սուր զգացողություն։ 1947-ից սկսեց ձևավորել ինքնուրույն դերացանկը. առաջնեկը շրջկոմի քարտուղար Սամվելի կերպավորումն էր  Վաղարշ Վաղարշյանի «Վանքաձոր դրամայի բեմադրության մեջ։

Թատերախմբի հետ սերտ համագործակցում էր ՀԹԸ նախագահ Տիգրան Շամիրխանյանը՝ քննարկումներին ակտիվորեն մասնակցում, դասախոսություններ կարդում,  բեմադրություններ անում։ Երբեմն-երբեմն այս բեմում հանդես էին գալիս անվանի դերասաններ՝ Ավետ Ավետիսյանը, Գուրգեն Ջանիբեկյանը, Հրաչյա Ներսիսյանը։ Վերջինիս  խաղընկերը  լինելու բախտավորություն է ունեցել պատանի Սոսը Կորնեյչուկի «Պլատոն Կրեչետի» հյուրախաղային ներկայացմանը։ Առաջին բեմական հանդիպումը շեքսպիրյան հերոսների հետ՝ Մոնտանոն («Օթելլո»)` վերջին դերը եղավ  ծննդավայրի թատրոնում։  Չնայած արդեն «Ստեփանավանի աստղի» համարում ուներ հայրենի քաղաքում, թատրոնից հեռանալու դիմում գրեց։ Եթե հաջորդ օրն իսկ  չհայտնվեր իրեն երազում «Սո՜ս, մի գնա թատրոնից» հորդորած միջահասակ, լիքը-լիքը, խոշոր աչքերով անծանոթը (ինչպես հետո պարզվեց՝ ՀԽՍՀ Կուլտուրայի մինիստրության արվեստի վարչության պետը), ով խոստացել էր նրան Երևան տանել, գուցե իսկապե՞ս խզեր կապը թատրոնի հետ։ (Ասենք, ո՞վ գիտե, չէ որ հետագայում էլ, արդեն ճանաչված ու  բազմիցս մրցանակված արտիստ, քանի՜-քանի անգամ հեռացել ու հեռացվել է տարբեր թատրոններից, բայց շուտով էլ վերադարձել-վերադարձվել...)

Գեներալ-լեյտենանտ Բադանովից մինչև Լիր արքա

Տիգրան Շամիրխանյանն ու Հրաչյա Ղափլանյանը 17-ամյա Սոս Սարգսյանին հրավիրեցին Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն (ԵՊՀԹ)։  Մեծ եռանդով, հույսերով,  անսպառ լավատեսությամբ հաղթահարեց  ստեղծագործական ինքնահաստատման և կենցաղային բազում դժվարություններ։  Մոտ 2 տարի աշխատելուց հետո 1950-ին ընդունվեց  Գեղարվեստաթատերական ինստիտուտի Վարդան Աճեմյանի արվեստանոց։ Ավարտեց ընդամենը 2,5 տարում, բայց հասցրեց կերպավորման շնորհների ինքնատիպությամբ աչքի ընկնել բուհական 5 դերակատարումներով։ Սունդուկյանական «Բաղնըսի բողչայի» նորատիպ Աղալոն անթաքույց հիացմունքով դրվատեց Ավետիք Իսահակյանը, ով աճեմյանական ներկայացումների մշտական հանդիսատեսն էր։ Մայր բեմում դեբյուտը Մինկոն եղավ («Առանց անունները տալու», բեմ.՝ Մարատ Մարինոսյան), առաջին լուրջ հաղթանակը՝ երիտասարդական տաղանդավոր կազմով 1955-ին Աճեմյանի բեմ հանած արդիաշունչ «Նամուսի» Ջավադը։    Աներկբա ընդգրկվեց Մայր թատրոնում, սակայն մոտ մեկ տասնամյակ, մինչև 1964-ի աճեմյանական հաջորդ խիզախումը՝ շեքսպիրյան «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգության համամարդկային մեկնաբանությունը, աննշան դերերով էր ստիպված գոհանալ։ Այդուհանդերձ, Սոս Սարգսյանի Թիբալտն ու Մհեր Մկրտչյանի Մերկուցիոն  ամենաակնառու ձեռքբերումները դարձան կենդանի լեգենդներով հարուստ դերասանախմբի կողքին  վստահաբար հաստատվող շնորհառատ նոր սերնդի։ Դերակերտման վարպետացման նոր ինքնատիպ  արտահայտություններ դարձան բուլգակովյան Դոն Քիշոտն ու շեքսպիրյան Յագոն։ «Երկու անգամ ԱՄՆ-ում պիես բեմադրելիս ինձ դեր են տվել, երեխա պիտի մորթեի, հրաժարվեցի՝ թատրոնից հեռացրին,- «հարկադիր պարապուրդի» դժվարին օրերի մասին անքեն պատմում էր Սոս Սարգսյանը։ - ... Մի անգամ էլ, Գիգի Տեր-Գրիգորյանը պիես էր գրել, որում Կոմիտասին ձեռք էին առնում, նորից հրաժարվեցի։ Հեռացրին, հետո կանչեցին»։ Եվ այսպես՝ բազմիցս, մարդակերտման արվեստի բյուրեղացման կեսդարյա ընթացքի քանի՜- քանի  անկանխատեսելի շրջադարձերում...

... Թատրոն տաճարի անխոնջ «ռանչպարը», ի սկզբանե լինելով   հոգեբանական  ռեալիզմի  ջահակիր, ԵՊՀԹ, Սունդուկյանի անվան, ապա 1991-ին իր ստեղծած Համազգային թատրոններում ինքնահատուկ զուսպ ու կենսահենք արտահայտչամիջոցներով  բեմական կյանք պարգևեց  տարաբնույթ մարդկային նկարագրեր ունեցող բազում գրական հերոսների։ Մեր օրերի հայ թատրոնի տարեգրության մեջ շրջադարձային առաջնեկի՝ Տոպիի («Դավիթ Կոպերֆիլդ»)  ծանրակշիռ հայտի խթանով մնայուն հետագիծ թողեցին՝ սերժանտ Բլեյկն  («Ձյունիկ»)  ու հովիվ Բահիրը  («Կախարդական  կարաս»),  Ջավադն («Նամուս» ) ու Արտաշեսը  («Կարմիր մեխակներ»), Թիբալտն («Ռոմեո և Ջուլիետ»)
 ու Ջոն Պրոկտորը  («Սալեմի վհուկները»), Զիմզիմովն («Պեպո»)  ու Դոն Քիշոտը («Դոն Քիշոտ»), Կարենինն («Կենդանի դիակ») ու Յագոն («Օթելլո»), Գրիգոր Թորգոմյանն  («Խաղողի այգին») ու Վարդան Ադամյանը («Խաչմերուկ»), Անտոնիո Բարականոն («Սանիտայի թաղապետը») ու Լիր արքան  («Լիր արքա»): 

«Երաժշտախմբի տղաներից» սկզբնավորված մոտ կեսդարյա կինոերթՍոս Սարգսյան – 85

Կերպավորման զինանոցը թատրոնում հարստացնելուն զուգահեռ վստահաբար հաստատվեց կինեմատոգրաֆիայում՝ հայկական կինո մուտք գործելով  կրկնօրինակման ստուդիայում աշխատելիս։ Համաժողովրդական սեր ու  աներևակայելի լայն ճանաչում  բերեցին բնածին արտիստին   Արտաշեսն  («Նվագախմբի տղաները») ու  Մանասը («Տերն ու ծառան»), վարպետ Մկրտիչներն («Եռանկյունի», «Հեղնար աղբյուր») ու Զամբախովը («Խաթաբալա»), միլիցիայի լեյտենանտն («Մենք ենք, մեր սարերը»)  ու Հայրապետը («Ժայռը»): 1972-ին կայացավ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի միութենական լայնէկրան կինոդեբյուտը Անդրեյ Տարկովսկու  հանրահայտ «Սոլյարիսում» (Գիբարյան)։   

Հայկական կինոյի անզուգական Նահապետն («Նահապետ») ու Ձորի Միրոն («Ձորի Միրո») 1979-ին «Հանդիսատեսի դրվատանքին» արժանացավ Պեզարոյի միջազգային կինոփառատոնում (Իտալիա), իսկ 1981-ին «Տարվա լավագույն դերասան» ճանաչվեց հեռուստատեսային ֆիլմերի մոսկովյան 9-րդ փառատոնում։ Միաժամանակ Մայր բեմում փայլատակեցին ամենախստապահանջ թատերագետներին հիացրած Մացակ Ավագյանն («Հացավան») ու համամիութենական փառատոնի առաջին մրցանակակիր շեքսպիրյան քրոնիկի ներկայացման գլխավոր հերոսը («Ջոն արքա»)։ ՀԽՍՀ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ էր, ԽՍՀՄ կինոգետներին համակրելի նաև   իր Վիտալիսով («Առանց ընտանիքի», ռեժ.՝ Վլադիմիր Բորտկո) և Ֆեոֆան Պրոկոպովիչով («Միխայլո Լոմոնոսով», ռեժ.՝ Ալեքսանդր Պրոշկին),  երբ բարեգութ ու խորաթափանց Մարտին ապերի («Խնձորի այգին») կինոդերով 1986-ին ճանաչվեց Համամիութենական կինոփառատոնի հաղթող։ Այդուհանդերձ, կտրուկ մերժեց Վախթանգովի անվան թատրոնի աներևակայելիորեն գայթակղիչ առաջարկները. «Իմ մեջ չափազանց շատ է հայությունը, ես իմ ժողովրդին  էլ շատ բան ունեմ ասելու»:

ԽՍՀՄ փլուզման տարիներին ևս մեկ պետական մրցանակի արժանացած «Մատենադարան» բազմասերիանոց ֆիլմի հրաշալի Պատմիչը, ով  բազմատասնյակ մնայուն արժեքներ էր արդեն կուտակել իր արտիստական գանձանակում,  հայտնվեց անկախական պայքարի առաջին գծում։ 1989-ին հիմնված «Սոս Սարգսյան» հիմնադրամը 30 հազարից ավելի փախստական հայ ընտանիքների համար ապաստան գտավ Լեռնային Ղարաբաղում։ Հաջորդիվ ստեղծված «Հայ ազգային միության» «Տեսակետ», ապա «Դաշինք»  պարբերականների հիմնադիր գլխավոր խմբագիրն անզիջում պայքար ծավալեց հանուն պատմական արդարության հաղթանակի։ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների առաջին համագումարի օրերին Վիկտոր Համբարձումյանի, Զորի Բալայանի, հայ և ռուս մի շարք անվանի մտավորականների  հետ Մոսկվայում հացադուլ սկսեց ի պաշտպանություն արցախյան շարժման՝ 20-օրյա քաղաքական հզոր, արդյունավետ ակցիա, որը դադարեցվեց միայն Վազգեն Վեհափառի միջամտությամբ այն ժամանակ, երբ հացադուլավորների կյանքին լուրջ վտանգ սպառնաց։ Հայոց աշխարհի բոլոր մեծ ու փոքր խնդիրներին    յուրովի լուծում տալու միտումով` Սոս Սարգսյանը 1991թ. ՀՀ նախագահական  առաջին ընտրություններում ՀՅԴ թեկնածու առաջադրվեց:

«Ըմբոստություն կա, երկրի տերը լինելու գիտակցությունն է պակասել»

Սոս Սարգսյան – 85Հեղաբեկումների թեժ օրերի տարերքին խիզախորեն հանձնված՝  նոր կերպավորումներով ավելի հազվադեպ  սկսեց երևալ  թե բեմում, թե կինոէկրանին։ Այդուհանդերձ, վերջին բեմելն իր իսկ  կյանքի կոչած Լիր արքան եղավ (1993թ.), իսկ կինոդերը՝  Վահագն Գրիգորյանի «Ես եմ» ֆիլմի Հովսեփ պապը (2012թ.)։ Դեռ երազում էր քեռի Վանյա ու Մակբեթ խաղալ, բայց գերադասեց նվիրվել   հայ թատրոնում իր «լավագույն դերակատարումներից» վերջինի՝ «Համազգային» կրթամշակութային միությանը կից 1991-ին հիմնած թատրոնի կայացմանը։ Առաջին դրամատուրգիական և բեմադրական թոթովանքը դեռևս մանկության օրերին իրենց տան նկուղում էր իրականացրել, ապա, սունդուկյանական տարիներին, պրոֆեսիոնալ  ռելսերի վրա տեղափոխել բեմադրական նկրտումները։ Ուստի 1992-2009թթ. իր փայփայած թատերաօջախում  վստահաբար  մի շարք բեմադրություններ  ձեռնարկեց՝   «Սանիտայի թաղապետը», «Մի գավաթ բարություն», «Լիր արքա», «Ծննդյան տոները սենյոր Կուպյելոյի տանը», «Խեղճ Պետրոս», «Չեխովյան կատակներ»(«Արջը»)։ Շուտով, խորապես մտահոգված սերնդափոխության հիմնախնդրով, մոտ մեկ տասնամյակ  միաժամանակ գլխավորեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։ Երբևէ չնվազեց վաղ մանկուց արմատավորված Գրքի պաշտամունքը։ «Թումանյան, Նարեկացի… Իմ ամենասիրելի գրողը Մնձուրին է, -  բարձրաձայնում էր երկրային կյանքի մայրամուտին,- կարդում եմ, ամբողջ աշխարհս խառնվում է իրար: Հրանտ Մաթևոսյան, Չարենց, Շիրազ, Համո Սահյան… Ո՞ր մեկն ասեմ: Հիմա մեծություններ չկան, արվեստում համաշխարհային ճգնաժամ է»:

Ամբարած անհատակ մտավոր տարաշերտ պաշարով և բազմատասնամյա կենսափորձով իմաստնացած՝ ինքնաքննադատաբար էր արժևորում սեփական ծանրակշիռ վաստակը և անբացատրելի մի լավատեսությամբ խանդավառ դրվատում նորանկախ հայրենիքի մատաղ սերնդի հայրենանվեր համախոհության բոլոր դրսևորումները. «Մեր երիտասարդությունը դառնում է առաջադեմ, գիտուն, գրագետ, հայրենասեր, որը շատ կարևոր է: Մեր ժամանակ երիտասարդները շատ փակ և կաշկանդված էին: Ինձ դուր է գալիս ձեր ազատությունը, համարձակությունը: Հույս ունեմ, որ դուք ուղղելու եք ներկան: Ըմբոստություն կա, երկրի տերը լինելու գիտակցությունն է, ցավոք, պակասել։ Կաշառակերությունը շատ ամոթ, կործանարար բան է, սկսեք դրանից, դա փոխեք հայ հասարակության մեջ, պաշտոնամոլությունն էլ»:

...Ապրող լեգենդ էր, ցայտուն անհատականություն, համազգային մնայուն արժեք՝ արվեստագետի և անեղծ հայրենասերի իր առինքնող կերպարով, հարուստ կենսափորձի ու անպարփակ մտահորիզոնի հղկած ու կոկած պատկերավոր գրչով («Չորուկ ճյուղեր», «Վարագույրից այս կողմ», «Մենք ու մերոնք», «Ընդհատում», «Ոտնամաններս», «Разорванное время»,  «Լակոտը», «Կանչ»)։ Հին ու նորագույն թատերարվեստի խտացումն էր արդի հայ թատրոնի նահապետը։ Ծննդավայր Ստեփանավանի թատրոնում բնատուր շնորհներով բեմավորած հերոսներից  կատարողական արվեստի բարձունքներին կեսդարյա արարումով հանգրվանած Արտիստ, ժրաջան Թատերաշինարար, լայնախոհ Մտավորական, իր հայրենիքի Ծառան, Քաղաքացին  ու  Տերը։

Համընդհանուր կրթամակարդակի ու ճաշակի անկումը նրան դրդեց լիովին կենտրոնացնել տկարացող մարմնի կենսական ուժերը։ Եթե Գրադ կայանքի տեղատարափի ներքո Համազգայինի առաջին ներկայացումներն անխաթար խաղացած հիմնադիր դերասանները նրա զինվորներն էին, ապա իրեն քնքշաբար «Պապ» անվանող նորերը արծիվների առնականացող մի երամ դարձավ, որի համախոհ սլացքը պիտի  ի զորու լիներ ճեղքելու անցնելու արարման ու գնահատման իրական չափանիշների  խեղաթյուրմամբ թանձրացած մերօրյա հակամշակութային մառախուղը։ Առավել տկարացավ իր «արծիվների» տնանկ կարգավիճակից։ Չընկրկեց՝ հուսալով, որ երկրի նախագահը շուտով կիրագործի Համազգայինի շենքի կառուցումը սատարելու խոստումը։   Նորանկախ հայրենիքի՝ իրեն շնորհված բազմաթիվ բարձրագույն պարգևներից  ու մրցանակներից  չշլացավ։  Իր մարմնավորած  դիպուկահար Ձորի Միրոյի հանգույն մեջքը չկորացրեց, կոտորածի ու գաղթի արհավիրքներից վերածնված Նահապետի հանգույն ամեն մի նորածին հաջողություն նորատունկ  խնձորի ծառի պես փայփայեց... Որպես ճշմարիտ հայրենասեր և  լայնախոհ մտավորական, անկեղծորեն  տառապում էր  Հայաստանի Հանրապետության բոլոր դժվարությունների համար և իր հստակ  պատասխանն ու իմաստուն  լուծումը հրապարակելուց չէր երկնչում,  չէր  հոգնում։ «Մեկ գավաթ բարության» կարոտ՝ համառորեն չկլլեց շողոքորթության ու մեծապատիվ մուրացկանության  մերօրյա «ամենափրկիչ» դեղահաբը։  Մինչև վերջին շունչը մնաց  հայրենի հող ու ջրի, ծառ ու ծաղկի, աղավնիների, Թումանյանի ու Կոմիտասի  խենթ սիրահար։  


Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ