Այս օրերին Հայաստանի մայրաքաղաքում ընթանում է Թատրոնի միջազգային ինստիտուտի 34-րդ համաշխարհային կոնգրեսը: ՀԹԳՄ-ի և Մշակույթի նախարարության այս նախաձեռնությունը մեր երկրի մեծագույն մշակութային նվաճում է: Կոնգրես, որը պատիվ է բերում մեզ, դասում միջազգային մշակութային ամենաբարձր հարթության վրա: 100 երկրներից հրավիրված շուրջ 300 պատվիրակները գիտաժողովների, գործնական այլ բնույթի հավաքներով ստեղծում են փորձի փոխանակման լայն դաշտ: Դեռ ավելին` հնչեցնում հայ ժողովրդի եղերական ողբերգությունը դատապարտող ելույթներ: Այս օրերին արտասահմանցի հյուրերը աշխատանքային գործունեությունից զատ դիտում են նաև մեր երիտասարդ ռեժիսորների ներկայացումները: Սրանից զատ հայ հանդիսատեսը հնարավորություն է ստանում նաև դիտելու ստամբուլցի պատվիրակ, ռեժիսոր, մեր բարեկամ Էմրե Էրդեմի «Կրեպպի վերջին ժապավենը» ներկայացումը` Սեմյուել Բեքեթի համանուն պիեսի հիման վրա: Մարդու աբսուրդային կեցությունը քննող այս պիեսի բեմադրությունը բոլորովին նոր մեկնաբանություն է` մարդու ու ժամանակի փոխհարաբերության, կյանքի անցողիկության, մարդու հարատև միայնության, լքվածության, թախծի, հուսահատության մասին: Այսօրվա մարդուն նույնպես համակող զգացողություններ: Իր կյանքի մայրամուտին հայտնված մարդու մի յուրատիպ մենախոսություն, որը դրվագ առ դրվագ վերհիշում է իր անցած պատմությունը, քննության առնում անցյալում մնացած արարքները: Բեմական գործողությունները զարգանում են ցելոֆանապատ միջավայրում, որը ներկայացնում է նրա գոյությունը աննյութեղեն աշխարհում, փոխանցում կյանքի անցողիկության իմաստը, ինչ-որ տեղ հարում ակվարիումային գոյության:
Բեմը ներկայանում է բավական զուսպ հարդարանքով /Գենկո Դեմիրեր/` իրար վրա դարսված թափանցիկ տուփեր, կենտրոնում դրված ցելոֆանապատ սեղան, ձայնագրիչ, աթոռ, ցելոֆանե նամակներ ու ամբողջությամբ ցելոֆանազգեստ հերոս` Կրեպպը /Հիլմի Դեմիրեր/: Կերպարի զգեստային այսպիսի լուծումը ասես բխեցվում է ընդհանուր միջավայրից` ձուլում նրան ընդհանուր միջավայրին, դարձնում նրան այդ միջավայրի մի մաս: Իսկապես էլ, նա ընդամենը մի մասնիկ է, որը ամբողջանում է միայն ու միայն այդ նամակների, ձայնագրիչի միջոցով: Կյանք, որ անցել է այս պատերի ներսում, կյանք, որ թողել է հիշողություններ, բանաններ, կոնյակ...
Մոնոթատրոնը իր խիստ և որոշակի պահանջներով է առանձնանում և բեմում հայտնվող դերասանը միայն ու միայն իր բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ կարող է հասնել հանդիսատեսի հոգուն, ստեղծել շփում: Այս դեպքում մենք կարող ենք խոսել ռեժիսորի ճիշտ ընտրության մասին: Հիլմի Դեմիրերը մեծ հմտությամբ է կերպավորում Կրեպպին: Նա գնում է կերպարի բացահայտման դժվարին ուղիներով, ի դերև հանում իր հերոսի հոգում ծառացած ընդվզումը, հաճելի հիշողությունների դեպքում նրա երազային հայացքը հառնում է հեռուն, իսկ ձեռքերը դադարում են դողդողալ: Բեմական դադարները կերպարային նկարագիր են ստանում ներկայացման մեջ: Դրանք նպաստում են տիրող իրավիճակի առավել ծանրացմանը, սրում իրավիճակը, առաջացնում մահվան զգացողություն: Սրա հետ մեկտեղ շատ կարևոր դեր ունի հատակին նետվող իրերից առաջացած աղմուկը, որովհետև այս կերպ հնարավորություն է ստեղծվում զգաստացնել հանդիսատեսին, նրան փոխանցել կերպարի հոգում ծառացած ցավը: Ներկայացման գործողությունների զարգացմանը խթան է հանդիսանում նաև երաժշտությունը, որը, ասես հեռուներից տագնապով խուժում է բեմ ու մեկեն անհետանում: Էմրե Էրդեմը հարազատ է մնացել դրամատուրգին, պահպանել հեղինակային տեքստը, մտածողությունը և դրա շուրջ կառուցել իր ռեժիսորական կոմպոզիցիան: Ներկայացման յուրահատկություններից էր նաև կինեմատոգրաֆին բնորոշ հնարքների կիրառումը, որը կերպարի հուզական վիճակների ներկայացման առավել լայն հնարավորություն էր ստեղծում:
Պետք է նշել, որ ռեժիսորը պիեսը բեմադրել է քրդերեն և մեզ բացառիկ առիթ ընձեռնվեց այս լեզվով դիտելու ներկայացումը:
Էմրե Էրդեմը այս ներկայացմամբ ապացուցեց, որ տիրապետում է թատրոնի տեսակներից ամենաբարդի գեղագիտությանը, դիպուկ ընկալում կամերային միջավայրում աշխատելու կանոնները: Ռեժիսոր է, ով հարգում է իր հանդիսատեսին և այդ հարգանքը ծայր է առնում ներկայացման ցուցապաստառից ու իր ավարտը գտնում հանդիսատեսին հղված հրաժեշտով: Մեր հարգարժան բարեկամները իրենց հետ տարան հայ հանդիսատեսի հիացմունքը:
Ռուզաննա Առաքելյան
թատերագետ