Երևանը՝ դրամատիկական թատրոնի համաշխարհային մայրաքաղաք

Ձմեռնամուտի թատերական երկխոսություններ                                                   

                        ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ ՄՆԱՍ  ԲԱՐՈՎԻ  ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐԻՆ

 
Երևանը՝ դրամատիկական թատրոնի համաշխարհային մայրաքաղաք

 

Երևանը՝ դրամատիկական թատրոնի համաշխարհային մայրաքաղաքՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ 66 տարի առաջ հիմնադրված Թատրոնի միջազգային ինստիտուտի (ԹՄԻ)  երևանյան 34-րդ համաշխարհային կոնգրեսը Սյամենում (Չինաստան) տեղի ունեցած 33-րդին չզիջեց իր կառուցողական բովանդակությամբ։ «Նոր ձայներ, նոր հանդիսատես. ժամանակն է երկխոսության» կարգախոսին առավելապես հավատարիմ՝ յուրատիպ «մշակութային միջազգային բորսա» դարձավ  ՀՀ սահմաններից դուրս անմիջական փոխշփումների և ճանաչման կարոտ հայ անվանի ու նորահայտ թատերագործիչներից շատերի համար։ Ովքեր  տեղեկացան ու չզլացան ԹՄԻ  12 կոմիտեների միաժամանակ ընթացող համաժողովների տարաչափ սրահներում իրենց հուզող հարցերի պատասխանները հետևողականորեն որոնել, բավականաչափ  պատկերացում կազմեցին կատարողական արվեստների  միջազգային ասպարեզի ներկա համապատկերի մասին։ Ի զարմանս իրենց, նույնիսկ հաջողեցին համագործակցության եզրեր գտնել ի նպաստ  թե անհատական, թե խմբային ստեղծագործական ու հասարակական գործունեության միջազգայնացման։ Ամենաթերահավատներին ձեռք մեկնեցին Նինա Մազուրն ու Մանֆրեդ Բեյլհարցը, Թոմաս Էնգելն ու Սուսաննե Դանիգը, Ալֆիրա Արսլանովան ու Օլգա Ֆուքսը և ուրիշներ։

Փոթորկվեցին ազնիվ հոգիները պատերազմական թոհուբոհում, բանտերում, ծերանոցներում և հոգեբուժարաններում կամա-ակամա հայտնված տարազգի մարդկանց մասնակցությամբ  իտալացի դրամատուրգ-բեմադրիչ Ֆաբիո Տոլլեդիի սեփական և հին հունական ողբերգությունների բեմադրությունների մարդակերտող ներուժի հավաստիք պատմություններից։ Ակնածանք ներշնչեցին երկրագնդի վտանգված գոտիներում՝ Կիպրոսում ու Չադում, Չիլիում ու Կորեայում, Հարավային Սուդանում և Պակիստանում, Սերբիայում և  այլուր համանման փշոտ առաքելություն ստանձնած ԹՄԻ հարյուրավոր կենտրոններին անդամագրված անվանի բեմադրիչների՝ Թոմաս Օստերմայերի, Բրետ Բեյլիի, Ռոմեո Կաստելուչիի, Էյմունտաս Նյակրոշյուսի մարդասիրական նկրտումների հանդեպ։ Նաև՝ մտորելու տեղիք տվեցին. «Մեր «Ոսկե ծիրանի» խթանած միջազգային, մասնավորապես խնամքով զարգացվող «հայ-թուրքական պլատֆորմի» կինոնախագծերը երբևէ ի զորու կլինե՞ն խաղաղ երկխոսության տիրույթում ներառել հայ, թուրք, ադրբեջանցի քաղաքական գործիչներին և պատմականորեն կուտակվող կնճռոտ հիմնախնդիրները հնարավորինս անարյուն ու արդար հարթելուն էապես նպաստել»։


Հայաստանի «նոր ձայները»

«Թատրոնի ուսուցչի նոր դիմագիծը» խորագրով Յուրի Ալշիցի (Գերմանիա) վարած զրույց-դասընթացների մասնակիցներին ակնհայտ դարձավ դերասաններ և ռեժիսորներ կրթող թատերական մանկավարժների վերապատրաստման նրա գլխավորած գիտամեթոդական հանրահայտ լաբորատորիայի երեսնամյա փորձի արդյունավետությունը։ Ներկայացված երանելի հեռանկարի անմիջական ընկալմամբ  գայթակղվեցին «սեփական կաթսայում եփվող» հայաստանցի երիտասարդները, հատկապես ԵԹԿՊԻ ուսանողները։ Անվերապահորեն արժևորեցին միջազգային շուկայում լայնորեն սպառվող ալշիցյան 7 ինքնատիպ դասագիրք-ինքնուսույցները։ Շուտով էլ գլխիկոր կարկամեցին, երբ տեղեկացան, որ ալշիցյան բարձրագույն դասընթացների հինգ փուլերից յուրաքանչյուրի համար 1500 Եվրո վարձավճար է սահմանված։ Խաչվեցին մեկշաբաթյա փոխշփումներով փայփայված հույսերը «ինչպե՞ս հայթայթել աստղաբաշխական գումարը, ումի՞ց ակնկալել նյութական աջակցություն» գորդյան հանգույցով... Պարզից էլ պարզ էր, որ ԹՄԻ-ին ի՜նքը կարոտ է ֆինանսական սատարման։  Հապա ինչու՞ է  գլխավոր գրասենյակը Փարիզից Շանհայ տեղափոխվում։

«Նոր ձայները» մեծ խանդավառությամբ գտան հասակակից օտարներին, անբարդույթ մտերմացան,  քննարկեցին ուշագրավ մտահղացումներ։ Առերևույթ ստվերում մնացած գործունյաներն էլ  դյուրությամբ գտան իրենք իրենց ներկայացնելու հնարը։  Ավագներից առավել հաջողեցին, քանի որ փոխըմբռնման լեզվական  պատնեշներ չունեին։ Այցեքարտեր փոխանակեցին և, նույնիսկ քիչ թե շատ «բարեկեցիկները»,  հրաժեշտի պահին թոթվեցին ուսերը՝ ո՞վ պետք է համապատասխան միջոցներ ապահովի նոր ժամանակների հոգեկերտվածքը վերափոխելու կոչված, մասնագիտական հավանության արժանացած «նոր ձայների» արդիաշունչ գաղափարների բեմավորման համար... ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի բովանդակալից ուղերձում  ևս անտեսված չէին տնտեսական գործոնները։ Բայցև ուղենշված չէին իրատեսական լծակները նյութական, որոնց հիման վրա մշակութային արտահայտումների բազմազանությունների պահպանության և աջակցության Կոնվենցիային հետամուտ երկրների կառավարությունները պիտի մշակեն ստեղծագործական գործընթացի աճի, հայրենի և միջազգային շուկաներ մուտքի ապահովման  արդյունավետ քաղաքականություն: Հյուրեկներն էլ, չէ՞, իրենց երեկոներն իմաստավորելիս նախապատվությունը տալիս էին  մայրաքաղաքային խաղացանկի  երիտասարդական ներկայացումներին։  Ավելին, շողշողում էին  Փոքր թատրոնում Վահան Բադալյանի բեմադրած «Ինձ մի լքիր» և «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը», Տիկնիկայինում՝ Զարուհի Անտոնյանի «Ամպից պոկված հեքիաթը» և ԵԹԿՊԻ առաջին կուրսեցիներով բեմ բարձրացրած «Թմկաբերդի առումը»  ներկայացումների նուրբ ու նորաոճ գեղագիտական վայելքից։ «Թռիչք քաղաքի վրայով» թատերախաղում հմայվելով Նարինե Գրիգորյանի դերասանական արվեստով, հաջորդ երեկոյան գերադասում էին նրա «Դզին» մենաներկայացմանն անպայման հաղորդակցվել։ (Անտեսված չլիներ Համազգայինում արված նորաշունչ «Լյու-բոֆը», «Նոր ձայների» որոնումներն առավել կգունեղանային)։ Աիդա Սիմոնի «Պրո Շամիրամ» պարային պլաստիկ ներկայացումն անմիջապես նկատեցին փառատոների հանդիսատես-տնօրենները։ Արամ Խաչատրյանի հանրածանոթ «Գայանեի» անանցողիկ արժեքավորությունը համադաշն ամբողջացրել էին Օպերայինի սիմֆոնիկ նվագախումբն ու տաղանդավոր պարախումբը։  Հայաստանյան  ներուժի ամենօրյա բացահայտումներից  գոհ էին բոլոր պատվիրակները,  նույնիսկ թատերաքննադատները։


«Աշխարհը թատրոն է, բայց... ի՜նչ ապաշնորհ դերասանախումբ ունի»

   - Այսօրվա աշխարհում մշակույթը  արգասաբեր հող է ստեղծում ընդհանուր կայուն զարգացման համար, - պարգևառատ ամփոփիչ ելույթում ասաց ԹՄԻ գլխավոր տնօրեն  Թոբիաս Բիանկոնեն։ - Ուստի մատաղ սերնդի  գեղարվեստական վերապատրաստումը հանրակրթարաններում այսօր նույնքան կարևոր է, որքան համակողմանի աշխարհաճանաչողության գիտելիքների սերմանումը։ 2012-ին Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված Երևանը ամենայն լրջությամբ հավաստեց, որ հասունացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կատարողական արվեստների  ամենամյա  մայրաքաղաք հռչակելու անհրաժեշտությունը ևս։ Այդպիսին նա ներկայացավ  Երկիր մոլորակի տարբեր մասերից հնագույն քաղաքակրթության ամրոց Հայաստանում  մեկ շաբաթ  հյուրընկալված   շուրջ 300 թատերագործիչների։ Փաստորեն, ՀՀ իշխանությունների առատաձեռն բարյացակամությամբ, փայլուն կենսագործվեց 2008-ից ԹՄԻ հայաստանյան կենտրոնի նախագահ Հակոբ Ղազանչյանի փայփայած  ցանկությունը։ Մեծ հետաքրքրությամբ դիտվեցին համաժողովի շրջանակներում ցուցադրված նրա 4 արդիաոճ բեմադրությունները՝ յուրովի ուղղորդելով ԹՄԻ դրամատիկական թատրոնի կոմիտեի նախագահի պատվավոր պաշտոնում  Ղազանչյանի միաձայն ընտրությունը։  Արդարացան նաև ԹՄԻ 34-րդ համաժողովի անցկացման տեղի ընտրության մեր հույսերը։ Հավատացած եմ, որ Ադրբեջանում անկարելի կլիներ ապահովել  համարժեք աշխատանքային, իսկապես դեմոկրատական միջավայր։ Հիմա արդեն առանձնակի դրվատանքով պետք է գնահատել հենց Երևանը Կատարողական արվեստների գլխավոր համաժողովի մայրաքաղաք ընտրելու-հռչակելու ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետևողական ջանադրությունը։

 - Աշխարհի կատարողական արվեստների ամենամեծ ցանցի երևանյան համաժողովը, համակարգված  և ոչ պաշտոնական երկու մակարդակներում էլ, ժամանակի մարտահրավերներին հարիր առավել արդյունավետ գործունեության ռազմավարություն մշակելու հնարավորություն  ընձեռեց բոլոր նրանց, ովքեր ստեղծագործ մտքի միջոցով ցանկանում են կառուցել իրապես քաղաքակիրթ աշխարհ, - բարձրաձայնեց իր անկեղծությամբ առաջին իսկ երեկոյից ամենքիս հարազատացած ԹՄԻ բազմամյա նախագահ  Ռամենդու Մաջումդարը։ - Անժխտելի է տնտեսապես ուժեղ երկրների մշակույթի ազդեցությունն  ավելի թույլերի վրա։ Այդուհանդերձ, գլոբալիզացիայի ալիքին դիմակայելու համար հնամենի ազգային մշակույթները դեռևս  հզոր  ներուժ ունեն: Ծագումով ես Բանգլադեշից եմ` մի ազգից, որը 1971-ի ազատագրական պայքարի ընթացքում բախվել է զանգվածային ցեղասպանության վայրագություններին: 40-ամյա պայքարից հետո մենք կարողացանք հիմնել Հանցագործությունների միջազգային դատարանը։ Բանգլադեշի ցեղասպանությունն այլևս 20-րդ դարի մոռացված հանցագործություն չէ: Եվ բարձր ենք գնահատում թատրոնի դերը հիշատակի այսպիսի երկարատև պայքարում: Դեռևս 18-րդ դարի սկզբին հայ առևտրականները եկան Բանգլադեշ։ Մի մեծահարուստ հայ հիմնադրեց առաջին մասնավոր կրթօջախը մեր երկրում՝ Պողոսի դպրոցը: Այսօր, բացի դպրոցից, նաև հայկական եկեղեցին և «Արմանիտոլա» բնակավայրն են փաստում մեր դարավոր  կապը հայերի հետ: 2015-ը մեզ համար համաշխարհային պատշաճ ճանաչման չարժանացած Հայոց Մեծ Եղեռնը հիշելու և  ամեն տեղ ու ամեն պահի ցեղասպանությանը «ո՜չ»  ասելու տարի է:

 - Հասարակական խոշոր կառույցները, իմ համոզմամբ, բյուրոկրատական ճահճուտ են, - ՅՈՒՆԵՍԿՕ-ի Թատերական դեսպանի իր լիազորագիրը ստանալիս անկեղծացավ բարձարվեստ սարկաստիկ քաղաքական բեմադրություններով համաշխարհային հռչակ վայելող վրացի բեմադրիչ Ռոբերտ Ստուրուան։ - Ասենք, անհոգի չինովնիկներն ու բյուրոկրատներն ամենուր կարող ենք տաքուկ բնավորվել։ Բայց ոչ երբեք թատրոնում։ Տասնամյակների իմ բեմական փորձով վստահեցնում եմ, որ թատրոնը  կենդանի ստեղծագործություն է և չի հանդուրժում բյուրոկրատիա։ Իմ իրավասությունների շրջանակներում կջանամ, իհարկե, օգտակար լինել միջազգային բեմարվեստին, չնայած չեմ պատկերացնում, թե միայնակ ի՞նչ կարող եմ անել։ Համակարծիք եմ մնում շեքսպիրյան հայտնի թևավոր արտահայտության Օսկար Ուայլդի վերաձևակերպմանը. «Շեքսպիրն իրավացի էր՝ աշխարհը թատրոն է, բայց, Տեր Աստված, ի՜նչ ապաշնորհ  դերասանախումբ ունի»։

Տիգրան Չուխաճյանի «Կարինե» օպերետի դրվագների խաղարկման հենքով տպավորված հրաժեշտի երեկոն թանձրացրեց առաջին անգամ Հայաստանում գտնվող պատվիրակների հետաքրքրությունը մեր ազգային թատրոնի, երաժշտարվեստի, առհասարակ մշակույթի համակողմանի ճանաչողության հանդեպ։ Նրանցից շատերն անհրաժեշտություն զգացին լիարժեքացնելու Կոմիտասի ու Թումանյանի, Սիրանույշի ու Ադամյանի, Շանթի ու Աղասի Այվազյանի, առհասարակ հայկական մշակույթի իրենց իմացությունը։

 

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ