ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆ. «Շատ ուրախ եմ, որ Հայաստանի համայնքներում առանձնահատուկ հետաքրքրություն է առաջանում թատերական գործի հանդեպ»

ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆ. «Շատ ուրախ եմ, որ Հայաստանի համայնքներում առանձնահատուկ հետաքրքրություն է առաջանում թատերական գործի հանդեպ»

 

Հոկտեմբերի 5-ին Աբովյանում կայացավ Աբովյան քաղաքի տոնին նվիրված թատերական փառատոնի հանդիսավոր բացումը: Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ, ողջունելով ներկաներին, ասաց. «Շատ ուրախ եմ, որ Հայաստանի համայնքներում առանձնահատուկ հետաքրքրություն է առաջանում թատերական գործի հանդեպ: Ասեմ, որ նման միջոցառում մենք տարբեր մարզերում պարբերաբար անցկացնում ենք»:
Հ. Ղազանչյանը նշեց, որ Աբովյանի փառատոնն առանձնահատուկ է և տարբերվում է մնացած բոլոր մինչ այժմ եղած թատերական միջոցառումներից:«Տարբերվում է այն պարզ պատճառով, որ միջոցառման նախաձեռնողը Աբովյանի քաղաքապետարանն է եղել՝ ի դեմս քաղաքապետ Վահագն Գևորգյանի, մնացած դեպքերում մենք ենք առաջարկել նման միջոցառումներ իրականցնել»:
ՀԹԳՄ նախագահն իր խոսքում ասաց, որ Աբովյանի թատրոնն արդեն մեկ տարի է, ինչ պետական կարգավիճակ ունի. «Շատ ուրախ եմ, որ Աբովյան քաղաքի թատրոնում աշխատում են Արմեն Կարապետյանի և Աշոտ Չտչյանի ու նրանց համախոհների պես թատրոնին անմնացորդ նվիրված մարդիկ, և միանգամայն տրամաբանական էր թատրոնին կարգավիճակ տալը»:
Հ. Ղազանչյանն ընդգծեց, որ թատրոնն այն ոլորտներից է, որտեղ երբեք ոչինչ հեշտ չի լինում, միշտ էլ կան ֆինանսական խնդիրներ…  «Դերասանները, բեմադրիչները դժվար են ապրում, յուրովի տառապանքով են անում իրենց գործը, բայց նրանք ունեն մի մեծ առավելություն. նրանք սիրում են իրենց գործը, իսկ սերը թատրոնի հանդեպ շատ ավելի մեծ է մնացած բոլոր պայմանները, որոնց մասին ասացի»:
ՀԹԳՄ նախագահն ասաց, որ հոկտեմբերի 5-11-ը Աբովյանի քաղաքային թատրոնում հանդես կգան Երևանի առաջատար թատրոնները, որոնք կներկայացնեն իրենց լավագույն խաղացանկային ներկայացումները: «Կարծում եմ՝ դա ևս մի խթան կհանդիսանա, որպեսզի դուք, հարգելի աբովյանցիներ, մեզ հետ միասին կապվեք ձեր թատրոնին ու ներկայացումներին: Լավ հանդիսականն անդավաճան հանդիսականն է… Միշտ գալիս է թատրոն, լավին լավ է ասում, վատին՝ վատ ու դրանով իսկ պահպանում թատրոնի ապագան»:
Հ. Ղազանչյանը համոզված է, որ փառատոնի օրերին լեփ-լեցուն դահլիճներ կլինեն.
«Կասկած չունեմ, որ ձեր հանդիպումը թատերական գործիչների հետ բավական մեծ տպավորություններ և հիշողություններ կթողնեն ձեզ մոտ և ինչպես քիչ առաջ խոստացավ քաղաքապետը, մենք ամեն տարի կամ երկու տարին մեկ անգամ, կանցկացնենք թատերական փառատոն, որը ինչու չէ, թող ժամանակի ընթացքում դառնա միջազգային: Մենք մի քանի միջազգային թատերական փառատոներ ենք անցկացնում Երևանում, և ես պատճառ չեմ տեսնում այդ փառատոները մարզերում տարածելու համար»