ԿԱՊԱՆԻ ԹԱՏՐՈՆԸ 80 ՏԱՐԵԿԱՆ Է

ԿԱՊԱՆԻ ԹԱՏՐՈՆԸ 80 ՏԱՐԵԿԱՆ Է

 

Ս/թ հոկտեմբերի 31-ին մեծ շուքով և հանդիսավորությամբ նշվեց Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի 80-ամյա հոբելյանը (թատրոնը հիմնադրվել է 1935թ.-ին): Թատերական այս վառ իրադարձությանը ներկա են եղել մեծանուն արտիստներ, թատերական գործիչներ, պետական և զինվորական այրեր, Սյունիքի մտավորականության ընտրանին: 
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ, շնորհավորելով ներկաներին, նշեց, որ ինքն անբաժան է այս քաղաքից ու թատրոնից (Հ. Ղազանչյանը 1984-1889թթ. ղեկավարել է Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնը): Խոսելով թատրոնի ձեռքբերումների մասին՝ ՀԹԳՄ նախագահն ընդգծեց. «Գտնում եմ, որ այս թատրոնի գլխավոր ձեռքբերումն այն է, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին կից Կապանում բացվեց դերասանական կուրս, որը մեծ ջանասիրությամբ ղեկավարում է մեր տաղանդավոր գործընկերներից մեկը՝ ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հրաչյա Գասպարյանը: Այս հրաշալի երիտասարդները, որոնք հավաքվել են այդ կուրսում, արդեն այս թատրոնի դերասաններն են: Նրանք շատ որոշակիորեն մեզ ասում են, որ թատրոնի ապագան կա և թատրոնը շարունակելու է ժամանակին համընթաց ապրել և աշխատել: Անշուշտ, չեմ կարող թերագնահատել այն դերասաններին, որոնք արդեն երկար տարիներ այս թատրոնի մշակներն են: Նրանց հետ ինքս էլ պատիվ եմ ունեցել աշխատել: Ցավոք սրտի, ոմանք այլևս մեզ հետ չեն: Կասկած չունեմ, որ սերնդափոխությունն այս թատրոնում շատ ճիշտ կատարվեց և իր արդյունքները մոտ ապագայում տալու է»: 
Հ. Ղազանչյանը կարևորեց տեղական իշխանությունների դերը մարզային թատրոնների գոյատևման հարցում. «Չեմ կարող չնշել շատ կարևոր մի հանգամանք ևս: Նշանակություն չունի, թե թատրոնն ում ենթակայության տակ է գործում՝ նախարարության, մարզպետարանի, քաղաքապետարանի, թե ինչ-որ այլ կազմակերպության. մարզային թատրոնները կգոյատևեն բացառապես տեղական իշխանությունների համապատասխան վերաբերմունքի արդյունքում: Իսկ այստեղ, ես կարծում եմ` երկու թատրոնների բախտն բերել է, քանի որ Սյունիքն ունի Սուրեն Խաչատրյանի պես մարզպետ, որի հետ ես բազմիցս անգամ երկու թատրոնների հարցերով (նկատի ունի նաև Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնը) հանդիպել եմ և չի եղել մի դեպք, մի պահ, որ իմ առաջարկը մնա օդում կամ խնդրանքս մերժվի: Ասեմ նաև, որ շատ խնդիրներ, հարցեր լուծվել են Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի կողմից: Նրա հետ էլ շատ լավ աշխատում ենք»: 
Եզրափակելով խոսքը՝ Հ. Ղազանչյանը հաջողություններ մաղթեց թատրոնի ստեղծագործական կազմին, նորանշանակ գեղարվեստական ղեկավար ԱՐԹՈՒՐ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ և ՀԹԳՄ պատվոգրեր հանձնեց դերասաններ ԲՈՐԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ, ԹԱԹՈՒԼ ԾԱՏՐՅԱՆԻՆ, ԱՐԱՄ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ և ՋԵՄՄԱ ԱԴԱՄՅԱՆԻՆ՝ Տարածաշրջանում թատերարվեստի զարգացման գործում ունեցած ձեռքբերումների և Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնի 80-ամյակի կապակցությամբ: 
Հայաստանի թատերական գործիչների միության կողմից Հ. Ղազանչյանը թատրոնին նվիրեց համակարգիչ:
Հ.Գ. Ս/թ հոկտեմբերի 31-ին Կապանում կայացած միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ժողովրդական արտիստներ ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ, ՀՐԱՉՅԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ ԱՐՄԵՆ ԷԼԲԱԿՅԱՆԸ, ՌՈՒԲԵՆ ԲԱԲԱՅԱՆԸ, ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ և այլք: