ԹԱՏՐՈՆ ՏԱՃԱՐԻ ԱՆԽՈՆՋ ՍՊԱՍԱՎՈՐԸ

ԱՐՏԻՍՏԱԿԱՆ ԴԻՄԱՆԿԱՐԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՈՒՐՎԱԳԻԾ

ԹԱՏՐՈՆ ՏԱՃԱՐԻ ԱՆԽՈՆՋ ՍՊԱՍԱՎՈՐԸ

 

Երևանի քաղաքապետարանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի երկրորդ հարկի ճեմասրահն արտասովոր ձևավորմամբ էր ներկայանում Քեն Լյուդվիգի «Մամա միա» («Պահանջվում է տենոր») կատակերգության ներկայացման հանդիսատեսին։ Ի նշանավորումն թատրոնի դերասան Արմեն Բարսեղյանի ծննդյան կեսդարյա հոբելյանի ներկայացված էին նրա երկու տասնյակից ավելի գեղանկարչական աշխատանքները։ Շուրջ 20 տարի այս բեմում բեղուն ստեղծագործող դրամատիկցին հոգում անթեղված կուտակումների գեղանկարչական հնամենի ու նորօրյա ըստ իրեն ամենահաջողված արտահայտություններն էր առաջին անգամ ցուցադրում 1997-ից իրեն անսահման հարազատացած, թատերաշնորհների համակողմանի բացահայտման լիավյուն հնարավորություն ընձեռած այս հարկի ներքո։ Առանց «պիկասոյական» հավակնոտության իր գունագծային մտածողությամբ էր նաև հանրային դատին ներկայանում երկրորդ դարակեսի շեմին։ Խոհեմաբար ենթադրում էր մինչ ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանի գեղարվեստական ղեկավարությամբ իր բեմադրած կատակերգության ներկայացման մեջ Տիտո Մերելիի դերակատարությամբ իր ներկա արտիստական նկարագրով հանդիսատեսային յուրատիպ քննություն հանձնելը առավել լիարժեք փոխըմբռնում գտնել։ Նրանք, ովքեր մտապահել էին Հովհաննես Բաբախանյանի տաղանդավոր խաղով հյութեղ կերպավորված Տիտո Մերելիի տպավորությունը, առաջին անգամ էին հաղորդակցվելու սքանչելի առաքելություն ստանձնած «Մամա միայի» բեմադրիչի նույն դերամարմնավորմանը։ Թատերական հոբելյանի այսօրինակ մեծարանքներն արվեստասեր հանրության անթաքույց համակրանքն են վայելում։ Չէ՞ որ մասնակիցներից յուրաքանչյուրն անհատ կամ կոլեկտիվ հոբելյարներին ըստ իր ձևավորած արժեհամակարգի անկեղծորեն գնահատելու չմիջնորդավորված, իրատեսական հնարավորություն է ստանում։

Զավեշտախառն իրադրություններով հարուստ ներկայացման անսպասելի անցումներով ուշագրավ ընթացքը ծափ ու ծիծաղի պոռթկումներով ուղեկցվեց։ Դրամատիկին հատուկ նրբաճաշակ գեղագիտությամբ անհոգ զվարճության սքեմի տակից պարզորոշ ամբողջացվեց թատերական մերժելի բարքերի բոլոր ժամանակներին բնորոշ ծաղրապատկերը։ Վաստակավոր արտիստներ Ռոբերտ Հարությունյանի, Գոհար Իգիթյանի, Էվելինա Շահիրյանի և Լուիզա Ղամբարյանի ներքին հրայրքով առլեցուն համախաղի կենսահենք թատերայնությունը կատարողական ներուժի անմնացորդ ներդրումով կենդանացրած կերպարային փոխհարաբերություններով առավել գունեղացրեցին Մաքս-Արտաշես Մխիթարյանն ու Մեգի-Լուսինե Վարդանյանը։ «Մամա միայի» հուսալի խաղընկերների կուռ համախոհությամբ առանց անհարկի կեցվածքայնության, արատավոր նկարագրի բնութագրական գծերի հեգնախառն մեղմիկ շեշտադրությամբ միս ու արյուն ստացավ նաև «օրվա հերոսի» հռչակավոր օպերային երգիչը։ Ինքնահատուկ հմայքով ներկայացած Արմեն Բարսեղյանի արտիստական դիմանկարի ավարտուն ամբողջացմանն այդուհետ սրտառուչ ուշադրությամբ հետևեց հոբելյանական հանդիսասրահը։ Ջերմորեն ողջունեց նրա ազնիվ տքնանքն արժևորող տարատեսակ պարգևներն ու հումորախառն ելույթների հարուցած տոնական զվարթ տրամադրությամբ մտովի անցավ Մելպոմենեի ազնիվ երկրպագուին Թատրոն տաճարում հաստատած անհարթ ճամփան։ Ապրած տարիների համեմատ բավականին բովանդակալից և երկար մի ճանապարհ, որը սկիզբ է առնում կիրովականյան բնօրրանի մանկության կածաններից։

ԹԱՏՐՈՆ ՏԱՃԱՐԻ ԱՆԽՈՆՋ ՍՊԱՍԱՎՈՐԸ

Ճանաչված գեղանկարիչ Գրիգոր Բարսեղյանի որդին իր փոքրիկ նկարակալն ուներ հոր արվեստանոցում։ Սիրում էր նկարել, բայց ավելի լրջորեն և ինքնամոռաց տարվել էր «թատրոն-թատրոն» մանկական խաղով և բնատուր ձիրքը հղկում էր, որպեսզի կարողանա դիտարժան դեկորներ պատրաստել իրենց բնակարանում ձևավորած իր տիկնիկային մենաթատրոնի ներկայացումների համար։ Երաժշտական ճաշակը զուլալվելով Ջիվանու և Հավասու ժողովրդական երգերի մոր զրնգուն կատարումներով՝ զարգանում, բազմերանգանում էր ժամանակի պահանջներին և տարիքային նախասիրություններին համարժեք։ Վստահություն էր ներշնչում համարձակորեն ընտրելու «Բարեկենդանը», «Սուտլիկ որսկանը» ու թումանյական մյուս հեքիաթների բեմականացումներին համահունչ երաժշտական մոտիվներ և ձայնագրությամբ հնչեցնել դրանք տիկնիկներով ներկայացնելուն համընթաց։ Առաջին հանդիսատեսները բակային ընկերներն էին, որոնք այնքան էին հրապուրված Արմենի զվարճալի թատերախաղերով, որ 20 կոպեկով տոմս էին գնում, «մեծավարի» թատրոն-բնակարան հաճախում, ապա հավաքված գումարով քաղցրավենիք գնում և միասին էլ «մեծավարի» քեֆ անում։ Թատրոնի մասին պատկերացումները հստակվում էին աբելյանցիների արվեստին հաճախակի հաղորդակցվելով։ Իսկ մասնագիտական հիմքերի վրա տեղափոխվեցին, երբ Էդուարդ Քոթանջյանը թատերախմբակ կազմակերպեց Կիրովականի Մշակույթի նորաբաց տանը։ Խանդավառ երեխաների ուժերով 100 տեղանոց դահլիճում ցուցադրված «Ձախորդ Փանոսն» ու «Ռիմ-տիմ-տիմ արջուկի արկածները» տիկնիկային ներկայացումներով սկսեցին շրջագայել Լոռվա գյուղերով ու պիոներական ճամբարներով։ Համընդհանուր թատերապաշտության, մշակույթ ծնող հրաշալի ժամանակներ էին...

Ինքնագործ տիկնիկային խմբերի հանրապետական ստուգատես-փառատոնում լավագույնը ճանաչվեցին՝ արժանանալով «ժողովրդական» պատվավոր կոչմանը։ Միջնակարգում սովորելիս էլ ակտիվ մասնակցություն էր ունենում արտադպրոցական միջոցառումներին։ Պատի թերթերն էր գունազարդում, պլակատներ ձևավորում։ «Մի բուռ ծիծաղ» երգիծական մանրապատումների նրա բեմականացման հաջողությունը դուրս հորդեց դպրոցական դահլիճի պատերից։ Որևէ մեկն այլևս չէր կասկածում, որ Արմեն Բարսեղյանը թատրոնի համար է ծնվել՝ հուսադրող էին բազմամյա դրսևորումները։ Այդուհանդերձ, փայլուն անցնելով մասնագիտական փուլը, կոլոկվիումից ձախողվեց և դպրոցից հետո անմիջապես չընդունվեց Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ։ Չընկրկեց։ Դիմեց Սունդուկյանի անվան թատրոնի ստուդիա, ընդգրկվեց Խորեն Աբրահամյանի, ապա Սոս Սարգսյանի կուրսում։ Ուսումնառության 3 տարիների ընթացքում ըստ էության մասնագիտացավ Արմեն Էլբակյանի և Նիկոլայ Ծատուրյանի հետևողական ուղղորդմամբ։ Փոքր դերերով հանդես գալով Սունդուկյանի անվան թատրոնում՝ զուգահեռ սովորեց մեծանուն Զավեն Տատինցյանի արվեստանոցում։ Ուսանողական տարիներից մշտապես զբաղված եղավ ռադիոյի և հեռուստատեսային թատրոնների բեմականացումներում։ Տարաբնույթ կերպարներ մարմնավորեց, բայց անմոռաց մնաց հեռուստաթատրոնի առաջնեկը՝ Արմենակը Ստեփան Զորյանի «Գրադարանի աղջիկը» վիպակի Արմեն Էլբակյանի բեմադրությամբ։ Ստուդիական տարիներից փաստորեն կայացման ճանապարհի հուսալի նեցուկ եղավ նրա համար Արմեն Էլբակյանը, ում հրավերով էլ հանդես եկավ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում։ Անցավ ցանկացած սկսնակ դերասանի ծանոթ փորձաշրջանը սիրահար հերոսների միագիծ դերերից աճելով մինչև բնութագրականները։ Շրջադարձային եղան՝ Լրագրողը («Մեծապատիվ մուրացկաններ»), Թովմասը («Ատամնաբույժն արևելյան»), Աշոտը («Ամենափրկիչ ջրհեղեղ»): Վերջինիս բեմադրական աշխատանքներում շռնդալից բացվեց անձնական երջանկության դուռը։ Դերասանուհի Լիզա Ենգիբարյանի հետ սիրո ամենահուսալի դաշինքը կռեց, որի շնորհիվ էլ դիմակայեց «անցումային դարաշրջանի» անարվեստ փորձություններին։ Այլևս անբաժան Արմեն Էլբակյան թատերաշինարարից՝ 1994-ին բեմ բարձրացավ նրա հիմնած «Էդգար Էլբակյան» թատերախմբում, միաժամանակ սկսեց վարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արաբկիրի հայորդյաց տան նորաբաց թատերական դասարանը։ «Քանդած օջախում» Ալեքսանդր խաղաց, «Սիրո տարբեր նվագներում»՝ Վարդանի փոքրաթռիչ դերակատարմանը փոխարինեց Ահարոնի դրամատիկ կերպավորումը։ Գերագույն հաճույք ստանալով մանուկների և պատանիների հետ ստեղծագործական անկաշկանդ տքնանքից՝ տասնյակ հեքիաթներ բեմավորեց իր երբեմնի տիկնիկային մենաթատրոնի վերազարթնած կարոտով։ Հընթացս ռեժիսորական ինչ-ինչ հմտություններ նաև ձեռք բերեց։ Մանկապատանեկան տարբեր փառատոներում նրա հեղինակած «Ձյունե թագուհին», «Չիպոլինոյի արկածները», «Մի տակառ հեքիաթը» (ըստ Թումանյանի) և Աճեմյանի «Хорошо» երգիծապատումը բազմիցս մրցանակվեցին։ Անկարելիության աստիճան դժվարացավ «Էդգար Էլբակյանի» կանոնավոր գործունեությունը։

Մելպոմենեի բարեհաճությամբ գտավ ստեղծագործական նախանձելի թատերահարթակ, երբ 1997-ից ընդգրկվեց Դրամատիկում։ Առաջին շեքսպիրյան դերը խաղաց՝ ներմուծվելով «Հուլիոս Կեսար» սենատոր Սինայի դերով։ Ալդո Նիկոլայիի նրա Մարիոն ինքնավստահություն ներշնչեց։ Անսահման սիրով ողջակիզվեց «Սպանել սիրո համար» կատակերգության երկարակեցության պահպանմանը համախոհ դարձած խաղընկերների զորակցությամբ։ Կերպավորման գունապնակը հարստացրին Սգանարելը («Ակամա բժիշկ»), Սատանան («Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը»), Բենվոլիոն («Ռոմեո և Ջուլիետ»), Ռոսը («Մակբեթ»), Ագոստինոն («Ցիլինդր»), Լեպորելլոն («Դոն Ժուան»), Տիսաֆերնը («Մոռանալ Հերոստրատին»), Երկրորդ տղամարդը («Բարև, սրիկաներ կամ Բոլերո»)... Մի քանի տասնյակ տարաժանր կերպավորումներ, որոնք կյանքի կոչվեցին տարբեր բեմադրիչների համաստեղծագործությամբ։ Միայն մի անգամ կրկին բեմում հանդիպեց սիրելի Լիզային՝ իր Սիմոնի «ալպիական մանուշակին», անխոցելի հայաքանդակ «Չեզոք գոտում»։ Ինքը երբևէ այլևս պարապուրդի չմատնվեց։ Վերընթաց հասունացման հաճելի տառապանքի երանելի պահեր ապրեց հատկապես ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանի սրաչք, տաղանդավոր փորձառությամբ պահպանվող կառուցիկ թատերահամակարգում։ Եվ դեռ երկար կվայելի, քանի որ «անհիշելի ժամանակներից» արդեն չկա որևէ բեմադրություն, որտեղ Արմեն Բարսեղյանը զբաղված չլինի։ «Ավտոբուսի» նրա «Խելացին» էր գուցե ոգեշնչել թատրոնի գեղարվեստական ղեկավարին վստահել նույն Ստրատիևի «Մաքսիմալիստի» բեմադրությունը Արմեն Բարսեղյանին։ Առաջին բեմադրությունն էր անելու մեծահասակների համար։ Մինչ այդ «Ծուռն ու շիտակը», «Արամն ու արքայադուստրը», «Երջանկության բանալին» մանկական ներկայացումներն էր արել դրամատիկում։ Սրդողած երկյուղածությամբ ձեռնամուխ եղավ «Մաքսիմալիստին», Արմեն Խանդիկյանի գեղարվեստական ղեկավարությամբ հարթեց ուշագրավ գտնված բեմադրակառույցը։ Հաջողությունը նոր թռիչքի թևեր տվեց։ Երկրորդ բեմադրությունը չուշացավ, նույնիսկ կողմնակի սկանդալային համբավով մշտապես հանդիսատեսային պահանջարկ ունեցավ «Ախ, Աննա, Աննա կամ կրքոտ կիրակին»։

Իրեն անչափ հոգեհարազատացած թատերամանկավարժությանը հավատարիմ մնաց։ «Մանանա» և «Գիտունիկ» հաղորդաշարերով, 2008-ից նկարահանվող 10-15 «Գժուկներով», «Նռան հատիկ» մանկապատանեկան հանրապետական և «Թումանյանական հեքիաթի օր» միջազգային փառատոների հիմնադիր կազմում շարունակեց ազնվորեն ծառայել մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակությանը։ Բազմատասնամյա նվիրումը գնահատվեց ՀՀ մշակույթի նախարարության և ՀԹԳՄ Ոսկե մեդալներով, Տիկնիկային գործիչների միջազգային միության հայաստանյան մասնաճյուղի հռչակավոր խորհրդանիշ «Կարապետով»։ Եվ, որ պակաս կարևոր չէ, մեծ շուքով մկրտվեց «զտարյուն դրամատիկցի»։ Թատրոնի ճակատագրով ապրող համեստ նվիրյալ է Արմեն Բարսեղյանը, լի ստեղծագործական էներգիայով։ Ուստի անավարտ ենք համարում նրա արտիստական դիմանկարը։ Վստահ ենք, որ Պերճ Զեյթունցյանի «Փարիզյան դատավճիռում» բոլորովին վերջերս խաղացած դատախազ Պիեռ Դյուվալին հաջորդելու են նոր դերակատարումներ և բեմադրություններ։

 

 

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ