ԵՊՏԹ – 80

ՎԱՐԱԳՈՒՅՐԻ  ԻՐԱՊԱՏՈՒՄ ՀԵՔԻԱԹԸ

 

ԵՊՏԹ – 80

  

Երիտասարդ բեմադրիչ Սամսոն Մովսիսյանը գտել էր Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի ծննդյան 80-ամյակի հանդիսության թատերականացման ուշագրավ բանալին։ Դասական հենքով և ինքնատիպ մտածողությամբ, հրաշալի բեմանկարիչ Անժելա Գալստյանի հետ հաստատած ստեղծագործական բարձրաճաշակ համախոհությամբ այս բեմում ներկայանալով իր հեղինակած մի քանի բեմադրություններով՝ վաստակել էր իրադարձային այս կարևորագույն հանդիսության թատերականացման իրավունքը։ Եվ պարզ ու տոնախինդ ներկայացմամբ նորովի կամրջվեցին տիկնիկայինի 8 տասնյակ տարիները բոլոր ժամանակների թատերաշինարարների ամրակուռ դաշինքով։

Ծածանվում է Ժամանակի քամուց բոլոր սերունդների մանուկների խոսնակ բեմի վարագույրը։ Զվարթ ձայնով սկսում է մանել իր պատմության կծիկի թելը։ Մի քանի ակնթարթում հանդարտվում է հոբելյանական դահլիճի աշխույժ խոսքուզրույցը։ Բեմում անցուդարձող չարաճճի «ուղևորների» խաղացանկային ճամպրուկների պարունակության շարունակական պեղումներով վեր են հանվում պատմության գզրոցներում խնամքով պահպանված անունները։ Հանրածանոթ տիկնիկ-հերոսներին կենդանանալու դիտարժան հնարավորություն ընձեռելով՝ մեծ ու փոքրին համակած տոնական տրամադրությունն է խորացնում շնորհալի ռեժիսորը։ Առանց զարմացնելու միտում հետապնդող արտասովոր հնարքների ու աճպարարության, արժանավոր զավակի անթաքույց հպարտությամբ։ Հանդիսախաղի անկաշկանդ փոխըմբռնման մթնոլորտում անձանձիր տպավորվում է ամենքին հարազատացած թատրոնի 80 տարիների տարեգրությունը։ Տոնական տրամադրությամբ վարակված բոլոր մասնակիցները մանկան անմիջականությամբ ձայնակցում են դահլիճով շրջող Թզուկի երգին։ Լեգենդար ու նորաստեղծ թատերախաղերի բնութագրական կերպավորումները մեջընդմիջվում են հետնաբեմին ժամանակ առ ժամանակ հեռարձակվող տեսանյութով։ Մոռացված ու հանրահայտ թվերի ու փաստերի լեզվով ամբողջանում է թատրոնի նկարագիրը։ Առանց բացառության բոլոր հանդիսականներն են ուշի-ուշով կլանում և վերարժևորում իրենց վերստին մանկացրած վարագույրի ծածանվող խոսքը։ Ականջ դնենք նրա պատումին։

...Խորհրդահայ տիկնիկային թատերարվեստի նախակարապետ Հասմիկ Գյոզալյանի անմիջական նախաձեռնությամբ էր, որ 1935-ին Հայաստանում ստեղծվեցին առաջին տիկնիկային թատրոնները։ Նախ՝ Գյումրիում, ապա, ընդամենը երեք ամիս անց, Երևանում, Պատանի հանդիսատեսի թատրոնին կից (երբեմնի Սպայի տանը): Մի խումբ անփորձ նվիրյալների՝ դերասաններ Սոֆյա Բեջանյանի, Արաքսյա Արաբյանի և Պողոս (Պավլոս) Բորոյանի, մանկավարժ Մարուքե Դուրգարյանի, նկարիչ Գևորգ Առա- քելյանի համախոհությամբ ներկայացված «Չարաճճի Պետիկը» և «Շունն ու կատուն» նույնքան հետաքրքրությամբ ընդունվեցին թե մանուկների, թե մեծերի կողմից, որքան Մոսկվայի կենտրոնական տիկնիկային թատրոնի ռեժիսոր և նկարիչ Պ. Յակշինի «Կաշտանկան» (Ա. Չեխով) ու «Աղվես քույրիկը» (Գ. Մատվեև)։ Եվ առաջնեկներով հարթվեց թատրոնի կայացման հետագա ուղին։ Մշակույթ ծնող երանելի ժամանակներ էին։ Եվ բարձրարվեստ մշակույթի զարգացմանը նպաստավոր պետական հոգատարությամբ տիկնիկայինի շինարարությանը լծվեցին ժամանակի բոլոր կարող ուժերը։ Հայ թատրոնի անխամրելի լեգենդներից Տիգրան Շամիրխանյանը բեմ հանեց Ղ. Աղայանի «Եղեգնուհին», Լևոն Քալանթարը՝ Հովհ. Թումանյանի «Չախ-Չախ թագավորը», որի բեմականացման հեղինակն էր Վարդան Աճեմյանը։ Հայ տիկնիկային դրամատուրգիայի կայացմանը էապես նպաստեցին Նաիրի Զարյանը («Ամենագազան»), Մկրտիչ Կորյունը («Տղան և աղավնին», «Չարիկն ու Քաջարիկը»), Ալեքսանդր Արաքսմանյանը («Մանչուկն ու Ցիբոն»,«Գառնիկ ախպեր») և տասնյակ ուրիշներ։ Հանրային քննությամբ հղկվեցին ներկայացումների թե գրական հիմքը, թե թատերական գրավչությունը։

Պաշտոնական մեծարանքի «հիթ-շքերթով» հեղեղված տոնական ճեմասրահում ձեռքից ձեռք էր անցնում Դերենիկ Մարտիրոսյանի նորընծա «Բարի հրաշագործը»՝ բեմում փորձարկված ամանորյա 8 հեքիաթ-թատերախաղերի ժողովածուն։ Խոսուն հավաստիքը հին ու նոր ժամանակների փոխկապակցվածության։

Նոր սերնդի երախտիքի տարատեսակ դրսևորումներն ավագները սիրով ընկալեցին։ Չմոռացվեց քանքարավոր նախնիներից ոչ ոք։ Նաև՝ բազմաշնորհ ռեժիսոր Բորիս Շունաևը, ում երևանյան 20-ամյա ծանրակշիռ նվիրումին ենք պարտական լուծարումից հետո թատերախմբի ծավալած վեցամյա գործունեության, ինչպես նաև վերաբացման համար։ Այնուհետև՝ Մանյա Ասլանյանին, Երվանդ Մանարյանին, Անդրանիկ Գամջյանին, Ռուբեն Մարուխյանին, Արմեն Սաֆարյանին, հայաստանյան տիկնիկային փառատոների «ավանգարդիստ» Մնացական Փիլոյանին։ Վերջին մեկուկես տասնամյակը՝ ներկայիս գեղարվեստական տնօրեն Ռուբեն Բաբայանին, ում ռեժիսորական մուտքն ազդարարվել է Վոլկովի «Բեթղեհեմի աստղի տակ» պիեսի բեմադրությամբ։

Ներկա դերասանախմբում ավագների՝ «Թատրոնի պատմահայր» Դերենիկ Մարտիրոսյանի, Ալեքսանդր Թաքլչյանի, Գագիկ Ռոստոմյանի կողքին իրենց հմուտ տիկնիկավարությամբ և դերասանական շնորհներով աչքի են ընկնում Աղասի Մելքոնյանը, Կարեն Խաչատրյանը, Զարուհի Անտոնյանը, Ինգա Զահալյանը, Նաիրա Հակոբյանը, Աննա Պետրոսյանը, Լիանա Արեստակյանը... Շատերը։ Հանդիսատեսային համակրանք վաստակած հարյուրավոր ներկայացումներն էլ խնամքով ապրեցվում են տասնյակ տարիներով: Նոր սերունդն արդիաշունչ վառվռուն գունագեղությամբ է բեմը կենդանացնում։ Հարյուրավոր երկրներում ունեցած հյուրախաղերը, բազմաթիվ մրցույթ-փառատոներում շահած մրցանակները ասվածի փայլուն հավաստիքն են։ Կասկածից վեր է, որ թատերական այս օջախում դեռ երկա՜ր կհուրհրա տարահասակ մարդկային հոգիներ կրթող ու ջերմացնող կենդանի արվեստի մաքրագործող կրակը։

...Խոսող վարագույրի ներշնչանքով հյուսված, տարիքային սահմանափակում չունեցող այս իրապատում հեքիաթը լուսավոր ապագայի հույս է շողարձակում։ Նրա գլխավոր հերոսներից երկուսը՝ Երվանդ Մանարյանն ու Ռուբեն Մարուխյանը դահլիճից, երրորդը՝ Ժամանակի ծխածածկույթը ճեղքած Ռուբեն Բաբայանը, բեմից հավաստում են մանուկների միտքն ու հոգին կրթող այս կառույցի կենսունակությունն ու արժանապատիվ երկարակեցությունը։

 

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ